Հունվարյան ճամբարի չորրորդ օրը նույնպես անցավ բավականին հետաքրքիր, ուրախ, և որ ամենակարևորը՝ արդյունավետ։ Խմբով քննարկեցինք հետագա անելիքները, նախագծերն ու ծրագրերը, ինչպես նաև այցելություններն ու ճամփորդությունները։
Սովորողների հետ քննարկվեց նաև երկրորդ ուսումնական շրջանի՝ հունվարյան ճամբարի շրջանակներում շախմատի մրցաշարի անցկացումը, նրա կազմակերպումն ու անցկացումը։ Որոշ սովորողներ հանդես եկան առաջարկներով, որոնք ավելի դյուրին դարձրին շախմատի մրցաշարի անցկացումը։ Պետք է նշեմ, որ մրցաշարի մեկնարկն արդեն տրված է, հունվարի 16-ից ավագ դպրոց-հետազոտական վարժարանի սովորողներն ունեն հնարավորություն գրանցվելու և մասնակցելու մրցաշարին։

Մինչ երկար ընդմիջում անելը, «սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում Վարսենիկ Գրիգորյանի ջոկատի հետ անցկացրեցինք խաղ-վիկտորինա բնագիտական բաղադրիչով։ Խաղ-վիկտորինային աշակերտներն ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին, պատասխանեցին շատ ու շատ հարցերի։ Նմանատիպ նախագծեր դեռ իրականացվելու են։
Ինչ վերաբերում է հետազոտական աշխատանքիս՝ ես պարբերաբար հանդիպումներ ունեցա ղեկավարիս և խորհրդատուներիս հետ, քննարկեցինք որոշ կազմակերպչական բնույթի հարցեր, հետազոտական աշխատանքի կառուցվածքային նրբություններ և որոշակիորեն պատրաստվեցինք հունվարի 15-ի կայանալիք պաշտպանությանը։



