Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթվա մեկնարկը տվեցինք շատ ուրախ, ակտիվ, պատրաստված և պատասխանատու կերպով․ առջևում են բազում իրականացվելիք համագործակցային նախագծեր, աշխատանքներ, ուսումնական այցեր։ Ինչպես արդեն նշել էի ձմեռային ճամբարի յոթերորդ օրվա ամփոփման մեջ, առաջին օրը, երևի թե, ամենակարևոր օրն էր ոչ միայն ինձ համար, այլ նաև ամբողջ կրթահամալիրի համար։
Երկուշաբթի օրը հետազոտական աշխատանքների պաշտպանություններին մասնակցելու նպատակով կրթահամալիր էր ժամանել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հետազոտական աշխատանքներ էին պաշտպանում Դավիթ Մուրադյանը, Տիգրան Հարությունյանը, Կարինե Միքայելյանն ու Կարինե Գոմցյանը՝ ըստ հերթականության։ Ընդհանուր առմամբ՝ ամեն ինչ անցավ շատ լավ, ջերմ մթնոլորտում, բոլոր հրավիրվածները տպավորված էին հետազոտական վարժարանի թե՛ առկա, թե՛ հեռավար սովորողների հետաքրքիր ու բովանդակալից հետազոտական աշխատանքներով։ Լուսաբանումը կարող եք ընթերցել այստեղ։
Հաջորդ իրադարձություններից էր թենիսի բաց մրցաշարը, որին Գոհար Իսկանդարյանի ջոկատի 10-րդ դասարանի սովորողներից մասնակցում էին Մանե Հովհաննիսյանը, Էլեոնոր Պետրոսյանն ու Դավիթ Մուրադյանը։ Այն աշխուժություն մտցրեց այն էլ շատ ծանրաբեռնված մեր առօրյայում։
Ինչ վերաբերում է անհատական նախագծերին, ապա ես կարևորեցի Արի Ագոփի դիջիդասընթացներին իմ մասնակցությունը։ Ես իրոք որ գոհ էի և ուրախ, որ հնարավորություն էր ընձեռվել մասնակցել նման հետաքրքիր և ինչու ոչ նաև շատ կարևոր դասընթացին։ Դասընթացի շրջանակներում Արի Ագոփը և Սյուզի Մելիքյանը ներկայացրին, թե ինչպես կարելի է ստեղծել հաշիվ Վիքիպեդիայում և ընդլայնել հայերեն լեզվով հրապարակված նյութերի, հոդվածների թիվը։ Դիջիդասընթացների մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել Արի Ագոփի ուսումնական բլոգում։ Ես՝ ինքս, շատ եմ կարևորում նման հանդիպումների և դասընթացների անցկացումը կրթահամալիրում, քանի որ այն խթանում է սովորողների սերը հայագիտության, հայրենաճանաչության հանդեպ, ինչպես նաև ընդլայնում է հասարակության հնարավորությունները մեդիա ոլորտում։
Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթվա ընթացքում տվեցինք բնագիտատեխնիկական ստուգատեսի, ինչպես նաև շախմատի մրցաշարի մեկնարկը։ Բնագիտատեխնիկական ստուգատեսը կազմակերպվում է որպես կրթահամալիրի մանկավարժական աշխատողի, սովորողների խմբի ուսումնական նախաձեռնություն: Ստուգատեսի նպատակն է հանրակրթության մեջ բնագիտական դասընթացների, մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման ուսուցման, սովորողների տեխնիկական ստեղծագործության կազմակերպման հեղինակային փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումն ու տարածումը: Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սաները ներկայանում են 2023 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավառում իրենց կատարած աշխատանքներով։ Տեղեկատվական (առաջին) փուլի արդյունքում ընտրեցինք ստուգատեսի տարբերանշանը, կազմեցինք քայլերն ու լրացման հայտաձևը։
Շախմատի մրցաշարի մեկնարկը ևս տվեցինք այս շաբաթ՝ հինգշաբթի օրը։ Սկզբից հավաքեցինք փոքր խումբ, որը պետք է զբաղվեր որոշ տեխնիկական-կազմակերպչական հարցերով։ Այնուհետև ունեցանք վիճակահանություն։ Շախմատի մրցաշարի առաջին փուլը սկսվեց ուրբաթ օրը։ Ունեցանք երկու խաղ, որի արդյունքում որոշ սովորողներ թե՛ բացակայության, թե՛ պարզապես պարտվելու (ինչը ևս պատվավոր է) պատճառով դուրս մնացին մրցաշարից։ Մյուս երկու փուլերը նախատեսում ենք երկուշաբթի օրը։ Սանդղակին կարող եք ծանոթանալ ստորև։ Հավելյալ տեղեկության համար անցե՛ք հղումով։

Ընդհանուր առմամբ՝ ունեցանք հագեցած, շատ ծանրաբեռնված շաբաթ։ Չնայած այս ամենին՝ ունեցանք բաղձալի արդյունքներ և դեռ պատրաստվում ենք նորերը գրանցել։ Ուրախ եմ, որ խաչած մատներով չենք նստում, այլ աշխատում ենք ընդհանուր նպատակին հասնելու համար։ Առջևում սպասվում են ուսումնական այցելություններ, ճամփորդություններ, նախագծեր, ինչպես նաև հասարակագիտական և բնագիտատեխնիկական ստուգատեսներ։