Նախորդ շաբաթ՝ երեքշաբթի օրը, Հանրակրթական դիջիթեք 2024 ստուգատեսի և «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում ինձ հնարավորություն ընձեռվեց մասնակցել Ավագ դպրոց-հետազոտական վարժարանի սովորող Արի Ագոփի RippleFlow նախագծային խմբի կողմից կազմակերպած դիջիդասընթացին։

Առաջին դասընթացը նվիրված էր Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի հայերեն հարթակին։ Սկզբից նախագծային խմբի սովորողներ Արի Ագոփն ու Սյուզի Մելիքյանը ներկայացրին ընդհանուր դրությունը Վիքիպեդիայի հայկական հարթակում՝ ներկայացնելով տվյալներ, տեղեկություններ, վիճակագրական տվյալներ։ Ինչպես նշեց Արին՝ վերջին տարիներին, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման և սովորողների հետաքրքրասիրության աճի արդյունքում, ավելացել է հայկական աղբյուրների և նյութերի քանակը, ինչն անխոս, մեծ պատիվ և արժեք է բոլորիս համար։

Բուն պատկերը նկարագրելուց հետո, Արին ու Սյուզին ներկայացրին Վիքիպեդիայում գրանցվելու, աշխատելու, գրելու, խմբագրելու, ինչպես նաև տեղադրելու և հրապարակելու մեթոդներն ու գործիքները։ Իհարկե, ամեն ինչ իր հերթին ներկայացվեց։ Անցնենք կետերով. սովորեցինք՝

  • Հաշիվ բացել Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում (ովքեր որ ունեին գրանցած հաշիվ, պարզապես մուտք գործելը վերհիշեցին),
  • Լրացնել համապատասխան կետերը (հարցերը, Վիքիպեդիայի կողմից ներկայացված հարցումները՝ ուղղված հարթակի բարելավմանն ու հեղինակների նախասիրությունների և նախընտրությունների բացահայտմանը),
  • Տեսնել, ստանալ ընդհանուր պատկերացում խմբագրման վիզուալ և կոդային տարբերակների (երկու տարբերակ՝ բուն և կոդային խմբագրում, այսինքն՝ ծրագրավորման լեզվով),
  • Կարողանալ խմբագրել նյութերը (տեքստի որոշ հատվածներ սարքել թավատառ, շեղատառ, ընդգծված, հղում դնել և այլն),
  • Կարողանալ տեղադրել նկարներ, հղումներ, տեքստեր, թարգմանություններ, փոքրաթիվ տվյալներ և տեղեկություններ,
  • Հրապարակել կայքում (սրբագրումից հետո տեղադրել բուն Վիքիպեդիայում)։

Առաջին դասն, իրոք որ, հագեցած էր։ Սովորեցինք շատ ու շատ բաներ, ստացանք անգնահատելի գիտելիքներ։ Շնորհակալ եմ Արի Ագոփին և իր նախագծային թիմին այս անգին, օգտակար և արդյունավետ դասընթացի համար։ Ցավոք, չեմ ունեցել հնարավորություն մասնակցել մնացած դասընթացներին, սակայն վստահաբար կարող եմ պնդել, որ այս գիտելիքները ևս պետք կգան հետագայում։

Եվ վերջում նշեմ, որ կարևորում եմ նման դասընթացների անցկացումը կրթահամալիրում՝ սովորողների, ինչու ոչ նաև ուսուցիչների շրջանում հայագիտության, հայրենաճանաչության, հայերեն լեզվի հանդեպ սերը, նվիրումն ու հարգանքը խթանելու, Վիքիպեդիայի հայերեն հարթակը զարգացնելու, հնարավորություններն ընդլայնելու համար։ Կարևոր է նաև, որ նախագծային խումբը, տնային առաջադրանքներ տրամադրելով և հանձնարարելով, մեծ ուշադրություն է դարձնում սովորողների կողմից նյութը սերտելու, ընկալելու և ի շահ օգտագործելու հարցերին։ Անչափ շնորհակալ եմ նախագծային խմբին։