Հունվարի 26-ին՝ ուրբաթ օրը, հանրակրթության պետական չափորոշչի «Հասարակություն, հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառի հեղինակային կրթական ծրագրի հանրային ներկայացման օրերին նախատեսված էր նաև հասարակագետ-դասավանդողների հետազոտական աշխատանքների պաշտպանություն, սովորողների հետազոտական աշխատանքների անոնս։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի հյուրընկալված սովորողներն ու նրանց ղեկավարը, հագեցած գրաֆիկով նախատեսված, մասնակցեցին հետազոտական աշխատանքների պաշտպանությանը։ Այս անգամ հետազոտական աշխատանքներ էին պաշտպանում հասարակագետ-դասավանդողներ Արմեն Ոսկանյանն ու Աշոտ Տիգրանյանը։ Պետք է ասեմ, որ իսկապես տպավորված եմ ուսուցիչների աշխատանքներով, և նույնիսկ բովանդակությանը լավ ծանոթ չլինելով, կարողացա պատկերացում կազմել վերնագրերն ընթերցելով։

Արմեն Ոսկանյանի հետազոտական աշխատանքի թեման էր «Բռնադատվածներ․ մերօրյա ուսումնասիրություններ»։ Հետաքրքիրն այն էր, որ բացի բուն հետազոտական աշխատանքից ներկայացվեցին նաև հավելվածներ՝ սեփական ընտանիքի օրինակի տեսքով։ Սովորողները ակտիվորեն մասնակցում էին քննարկմանը, ուշադիր լսում և հետևում էին հետազոտական աշխատանքի պաշտպանությանը։ Պարոն Արմեն Ոսկանյանն անդրադարձ կատարեց ստալինյան բռնաճնշումներին և այդ ժամանակաշրջանը մեջբերելով, որպես հետազոտական աշխատանքի կարևոր բաղադրիչ, նշեց նաև իր պապիկի դատական գործընթացը։

Աշոտ Տիգրանյանի հետազոտական աշխատանքի թեման էր «Այլընտրանքային պատմություն»։ Վերջերս տված իր հարցազրույցում պարոն Աշոտ Տիգրանյանը նշեց այլընտրանքային պատմության կարևորությունը դպրոցներում և այլ կրթական հաստատություններում։ Հետազոտական աշխատանքի պաշտպանության ժամանակ նա բացատրեց, որ հանրապետության որոշ դպրոցներում կիրառվում է «կաղապար» կոչված մեթոդը։ Այդպիսի մեթոդն իրենից ներկայացնում է պրոցես, որի ընթացքում դասավանդած առարկայի շրջանակներում ձևավորված կաղապարից դուրս որևէ այլ կարծիք (խոսքն այլախոհների մասին է) չի ընդունվում։ Ես ինքս շատ եմ կարևորում սովորողների մոտ քննադատական և վերլուծողական մտքի զարգացումն ու խթանումը, քանի որ այդպես սովորողները ձեռք են բերում կարողություն տեսնել աշխարհն «առանց որևէ սահմանների», կարողանալ վերլուծել իրավիճակը տարբեր ձևերով, անկաշկանդ արտահայտել սեփական տեսակետներն ու համոզմունքները։

Ինձ հատկապես հետաքրքրեց նմանատիպ թեման։ Ես երկու հարց ուղղեցի պարոն Աշոտ Տիգրանյանին և ստացա ինձ հուզող պատասխանները։ Հարցերը հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի և «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն»-ով փոխելու առաջարկի մասին էին։

Ուսուցիչներից հետո 12-րդ դասարանի աշակերտներ Կարինե Գոմցյանն ու Արթենի Ջանիկյանը հանդես եկան իրենց հետազոտական աշխատանքների անոնսներով, ներկայացրին, թե ինչպես են տարվում աշխատանքները, որ փուլերում են գտնվում, ինչ նպատակ են հետապնդում և այլն։

Այսպիսով, ունեցանք ոչ պակաս կարևոր ու նշանակալից հանդիպում-քննարկում, որի արդյունքում կարողացանք մեծացնել մեր գիտելիքների պաշարը։ Հանդիպման ընթացքում որոշ սովորողներ հարցեր ուղղեցին պաշտպանողներին ու ներկայացնողներին։ Ընդհանուր առմամբ, հյուրերից շատերը հետաքրքրված էին նման ձևաչափով և ակտիվ մասնակցում էին քննարկումներին։ Շնորհակալություն ուշադրության համար…