Վերջին ժամանակներում շատ է քննարկվում շրջանառության մեջ դրված այն կարծիք-առաջարկը, ըստ որի «հայոց պատմությունը» պետք է փոխարինվի «Հայաստանի պատմությամբ»։ Ըստ իս՝ առաջարկն ընդունելի է որոշ հանգամանքներում, քանի որ մեր այսօրվա գերնպատակն է մտածել, թե ինչպես պետք է կառուցել և պահել ոչ այնքան հեշտ մեզ տրված պետությունն ու պետականությունը։

Անշուշտ, ասելով Հայաստանի պատմություն, ոմանք կարծում են, որ դա վերաբերում է հայկական առաջին թագավորությունից մինչև մեր օրեր ընկած պատմության ժամանակահատվածին, սակայն ես կարծում եմ, որ Հայաստանի պատմությունը վերաբերում է ներկայիս պետությանն ու նրա ձևավորմանը, նախադրյալներին։ Այժմյան պետությունը բոլոր առումներով գտնվում է անցումային փուլում. դրա համար ներդրվում են բոլոր հնարավոր ուժերն ու միջոցները պետությունը կայացնելու, հզորացնելու, անվտանգ դարձնելու, մրցակցային դաշտ մտցնելու և հետագայում այն պահպանելու ուղղությամբ։
Եթե անկեղծ, ապա մեր հնամյա ու բազմադարյա պատմության ընթացքում ունեցել ենք դարաշրջաններ ու ժամանակահատվածներ, երբ չենք ունեցել ինքնուրույն պետականություն, ուստի «Հայաստանի պատմություն» անվանումը դառնում է ոչ այնքան նպատակահարմար, քանի որ «Հայաստան» ասելով մենք պատկերացնում ենք պետություն և պետականություն, հայ ազգի ու ժողովրդի բնութագիր և նկարագիր։ Եթե խոսքը վերաբերեր ներկայիս ժամանակաշրջանին, այսինքն՝ 1991 թվականի անկախությունից ի վեր, ապա «Հայաստանի պատմություն» վերնագիրը կլիներ միանշանակ տեղին, քանի որ հայկական երրորդ հանրապետությունը պետականության ձևավորման, պահպանման և կառուցման ամենավառ օրինակն է, բայց հաշվի առնելով, որ Հայաստանը երկիր է, որն ունի դարավոր պատմություն, այն ժառանգություն է՝ փոխանցված մեր նախնիներից։
Առաջարկում եմ «հայոց պատմության» դասագրքում որպես առանձին համառոտ ներկայացված պարբերություն ներառել հայկական լեռնաշխարհի կամ հայ ազգի պատմությունը։