Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է …
Եղիշե Չարենց
Նախ, Եղիշե Չարենցի մասին խոսելիս, աչքի ընկնող ու անսովոր բաղադրիչը դա նրա ազգանունն է։ Եղիշե Չարենցի իսկական ազգանունը Սողոմոնյան է: Կան մի քանի բացատրություններ, թե ինչու են նրան Չարենց անվանել.

ա) Ասում են, որ Եղիշեն փոքրիկ ժամանակ եղել է շատ աշխույժ և չար: Տանը նրան այնքան չար են անվանել, որ անունը Չարենց է մնացել։
բ) Եղիշեն ուզեցել է ստեղծել իր համար գրական կեղծանուն, և փոփոխելով ռուս գրող Պուշկինի ՙՙԱնչար՚՚ ստեղծագործությունը, արդյունքում ստացել է Չարենց:
գ) Երրորդ տարբերակը ամենահավանականն է, որովհետև հենց ինքը՝ Չարենցն է պատմել իր մասին։ Նա ասել է, որ իրենց քաղաքում կար մի բժիշկ, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիշկ Չարենց: Նա այնքան էր հավանել այդ անունը, որ որոշել էր իրեն կոչել Չարենց։
«Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։
Ավելի ուշ իր անվան մասին խոսելիս բանաստեղծը ասել է, որ նա չար անուն է տվել իր հոգու բարի բովանդակությանը:
Ընդհանրապես, հասարակության շրջանում շատ են տարբերվում կարծիքները Մեծն բանաստեղծի վերաբերյալ։ Մեկն ասում է հանցագործ է, մյուսը՝ հանճար։ Եթե անկեղծ, ապա նա միաժամանակ և այն է և մյուսը, սակայն հետագա հետազոտությունը ցույց կտա, թե որ բնութագրիչն է նրան ավելի համապատասխան։
Չարենցը գերեզման չունեցավ, քանզի նա դեռ չի մեռել
Էդուարդ Հարենց
Մեծն գրողի սպանության վարկածներ
Մեծն բանաստեղծն ուներ ներքին համոզմունք, որ կյանքի հրաժեշտ է տալու որպես զոհ, այնպես էլ անգերեզման պետք է իմանա։ Եվ չարենցագետ Հովիկ Չարչխյանը, բերելով պատմական փաստեր, նշում է Չարենցի սպանության մի քանի տարբերակ․
ա) Մի դեպքում պատմում են, որ ինչ-որ ռուս զինվորական, երկարաճիտ կոշիկներով հարվածելով Չարենցին, սպանել է նրան։
բ) Մեկ այլ տարբերակ է այն, որ Չարենցի գլուխը հարվածել են ցեմենտե պատին։
գ) Բայց ամենատարածված տարբերակը հետևյալն է․ Չարենցի հյուծված մարմինը անընդհատ ցավում էր և նա ցավը թեթևացնելու համար օգտագործում էր թմրանյութեր, մասնավորապես մորֆին՝ բժիշկների նշանակմամբ, իհարկե։ Բանտարկության ժամանակ նա այդ ամեն ինչից զրկված էր։ Ըստ հուշագրի՝ Չարենցին հանգստացնելու համար նրան մի օր կապում են սյանը և երբ առավոտյան գալիս են, տեսնում են, որ գրողն արդեն վախճանվել է։
Չարենցի մահվան վերաբերյալ շրջանառվում է մի վարկած, որի մասին հետագայում վկայություններ են տվել բանտախցում ներկա գտնվող կալանավորները։ Ըստ նրանց պատմածի՝ 1937 թվականի նոյեմբերի 17-ին մի խումբ ռուս սպաներ դաժանաբար ծեծի են ենթարկել նրան բանտում, ապա՝ տեղափոխել բանտի հիվանդանոց, որտեղ էլ տաս օր հետո նա մահացել է։ Ըստ նրանց՝ դին դուրս է բերվել ուշ գիշերով և թաղվել է անհայտ տեղ։
Դիահերձարանում՝ գրողի մահից հետո, կատարվեց գրավոր արձանագրություն, համաձայն որի՝ «Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ կրծքավանդակին եղել է դաջված 1927 թվականի հունվար, Ա․Չ․»։ 1927 թվականի հունվարը բանաստեղծի համար ողբերգական տարի էր, քանզի այդ տարի մահացել էր նրա միակ սերը՝ Արփենիկը։

Պատմական արձանագրություններ, որոնք ուղղված են եղել Չարենցի դեմ
Դեռ 1936 թվականի կառավարության կողմից ձերբակալվում են մի շարք հայ գրողներ և բանաստեղծներ, որոնց ցուցմունքներում հայտնաբերվում են բազմաթիվ վկայություններում Չարենցի մասին։ Ապագան տեսնող պոետը, զգալով կատարվելիքը, այս իրադարձությունների և ապրումների ներքո գրում է «Որպես գորշ-դեղին տերևներ» պոեմը։ Նույն տարում Չարենցին նշանակվում է տնային կալանք։ Հարցաքննությունների արդյունքում նա մեղադրում է որպես ազգայնամոլ, ազգայնական, հակահեղափոխական, ահաբեկիչ։ Սակայն Եղիշե Չարենցը պարզապես իր տեսածն ու ժամանակաշրջանի խնդիրներն էր ամփոփում իր բանաստեղծություններում, ինչն իշխանության աչքին հակահեղափոխական արժեքներ էր թվում։ Ամենալավ օրինակներից է «Երկիր Նաիրի» պոեմանման վեպը, որում տեղի ունեցող իրադարձությունները լրիվ մեր օրերի մասին են։
Շատերն այն կարծիքին են, որ Չարենցի նկատմամբ հետապնդումները սկսվել են այն ժամանակ, երբ նա հայպետհրատ-ում աշխատելով որպես հայ և օտար դասականների հրատարակչության խմբագիր, ձեռնամուխ է լինում Սասնա Ծռեր էպոսի առաջին հատորի տպագրության կազմակերպմանը։ Հրատարակումից անմիջապես հետո նրան հեռացնում են աշխատանքից և զրկում Հայաստանի գրողների միության անդամը լինելու իրավունքից՝ սահմանելով նրան տնային կալանք։
1937 թվականի ամռանը մի խումբ չեկիստներ Չարենցին կալանավորում են սեփական բնակարանից՝ որպես մեղադրանք առաջադրելով ազգայնական գաղափարների տարածումն ու հեղափոխական շարժման ընդդիմանալը։

Մեկ այլ կարծիքի համաձայն՝ 1937 թվականի հուլիսին Չարենցը Ծաղկաձորում հայհոյանքներ է հղում այն մարդկանց հասցեին, որոնց շնորհիվ իր ընտանիքը վտարվել էր գրողների տան կացարանից։ Խլվլացող առնետների բամբասանքների և լուրը տանել-բերելու պատճառով, օրեր անց Չարենցը հայտնվում է բանտում։
Չարենցի՝ կալանավայրում գտնվելու ընթացքում նրա կինը՝ Իզաբելլան, նամակ է գրում ԽՍՀՄ Ժողկոմ խորհրդի փոխնախագահ Անաստաս Միկոյանին՝ խնդրելով վերանայել ամուսնուն առաջադրված մեղադրանքն ու ազատ արձակել նրան։ Արդյունքում հայազգի պաշտոնակատարը ոչ միայն չի օգնում Չարենցի ազատ արձակման հարցում, այլև նրա թեթև ձեռքով պոետի կասկածահարույց մահից մեկ տարի անց՝ 1938 թվականի նոյեմբերին, Իզաբելլա Չարենցին ևս առաջադրվում է մեղադրանք՝ ամուսնու՝ Եղիշե Չարենցի հանցավոր գործունեությունը թաքցնելու համար։ Իզաբելլային դատապարտում են հինգ տարի ազատազրկմամբ և աքսորում հեռավոր Ղազախստան։
Հին ու նոր ընկերներ՝ որպես հենասյուններ
Դժվարագին օրերին գրողի կողքին էին քիչ մարդիկ, սակայն այդ սակավաթիվ մարդիկ ևս աջակցություն էին հայտնում Չարենցին։ Նրանցից մեկը Ավետիք Իսահակյանն էր, որին Չարենցը նվիրել է այս տողերը։
«Սիրելի Ավետիք, ներքևում քո երգն էին երգում, սիրտս լցվեց, և ես հետևյալ ստիխը գրեցի։ Ընդունի՛ր իբրև ձոն ու ողջույն։ Իմ մասին մի՛ մտածիր, ոգով պայծառ եմ և առույգ, ընտանիքի հոգսն է միայն ինձ հոգեպես ընկճում ու հոշոտում։ Դա էլ թողնում եմ ալլահին ու հայ ժողովրդին։»
Վարպետն Եղիշեի մասին իր առաջին տպավորությունները կիսելով, պատմում է․
«Իջևանել էի հյուրանոցներից մեկում, որի առաջին հարկում Աբգար անունով պարսկահայը գորգի խանութ ուներ։ Մի օր կանգնած էի այդ գորգավաճառի խանութի դռան առաջ, մեկ էլ դիմացս դուրս եկավ վտիտ, կարճահասակ պատանի՝ սուռ ու ծուռ քթով։ Ոտքերը չռած՝ կանգնեց դիմացս և ճնշող հայացքով, առանց աչք թարթելու սկսեց նայել ինձ, ձեռքին էլ մի գիրք կար։ Մի երկու անգամ շուռումուռ եկա՝ ազատվելու այդ պատանու խուզարկու հայացքիցմ բայց տեսա, որ հնար չկա, աչքերը չի կտրում երեսիցս, մոտեցա և մի ապտակ տվի։ Տղան այլևս չմնաց, թողեց ու հեռացավ։ Անցավ ժամանակ։ Արտասահմանում գտնվածս միջոցին մի օր Պադուա կոչված վայրից Վենետիկ վերադարձա, հյուրասենյակումս հանդիպեցի մի երիտասարդի՝ բազկաթոռին նստած, ոտքը ոտքին դրած, ծխախոտը բերանին՝ ինձ սպասելիս։ Առաջին տպավորությունս վանող էր։ Ինձ տեսնելուն պես երիտասարդը տեղից վեր ցատկեց և «Չարենցն եմ» ասելով՝ ներկայացավ ինձ»։

Նաիրի Զարյանը, Գևորգ Աբովն և լիքը «գրողներ» ամեն ինչ արեցին, որպեսզի Մեծն Չարենցը հեռանա գրական ասպարեզից, իսկ իրենք կարողանան առևտուր անել այդ բնագավառում։ Այնուամենայնիվ, պատմությունը ցույց տվեց, որ Չարենցը երբեք չհեռացավ և չի էլ հեռանում։
Կյանքի ոչ ողբերգական դրվագներից
Չարենցը շատ էր սիրահարվում, թեև այդ սիրահարվածություններից քչերն էին լինում երկարատև։ Հուր, արև ու արթնություն երգող պոետը խենթաբար էլ ապրում էր սեփական կյանքը՝ գոնե այդ կերպ քող գցելով տառապանքների ու զրկանքների վրա։ Հետաքրքրական է, որ յուրաքանչյուր սիրուն Չարենցը գիրք էր նվիրում (կարծես թե դա նշան լիներ)։
Ամենամեծ սերը Արփենիկ Տեր-Աստվածատրյանն էր՝ նրա առաջին կինը, ում նա անսահման սիրում էր և նվիրված էր նրան։ Չարենցը սիրում էր անվանել իր կնոջը «հերոս ընկեր»։ Իսկ կինն, իր հերթին, ոչ պակաս նվաիրված էր ամուսնուն, ամեն տեղ օգնում էր, աջակցում, ուրախանում հաջողություններով և տխրում վայրէջքներով։ Արփենիկը միշտ հոգևոր նեցուկ է եղել Չարենցին, տխուր պահերին երգել նրա համար, միշտ հասկացել է բանաստեղծին, ընդունել նրան ինչպես որ կա, ներել նրա բոլոր մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային ու գրական բազում վեճերը:

Թեև անմնացորդ սիրում էր կնոջն ու անսահման էր նրա հանդեպ ունեցած նվիրվածությունը, սակայն իր բնավորությանը հատուկ խենթություններն անպակաս էին Չարենցի կյանքից։ Նա ազատ էր իր մտքերով, արարքներով ու գործողություններով, անում էր այն, ինչ համարում էր հարմար ու տեղին։ Դրա ամենավառ ապացույցներից մեկն էլ 1926 սեպտեմբերի 5-ին Երևանի փողոցներից մեկում 16-ամյա Մարիաննա Այվազյանին՝ կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քրոջը, ատրճանակի կրակոցով վնասվածք հասցնելն էր, երբ իր կինը՝ Արփենիկը, գործով գտնվում էր Լենինգրադում։ Չարենցը սիրահարված էր այդ կնոջը և փողոցում մեկ այլ տղամարդու հետ նրան տեսնելուն պես առանց երկար-բարակ մտածելու արձակել էր կրակոցը։ Մինչ պատահարը գրողը մի քանի անգամ փորձելով նրա հետ զրույցի բռնվել, սակայն մերժում ստանալով՝ քաղաքային այգում ատրճանակի կրակոցով վնասվածք է պատճառում Մարիաննային:
Թեև վնասվածքը շատ թեթև էր, սակայն այդ դեպքի արդյունքում Չարենցի նկատմամբ հարուցվեց քրեական վարույթ։ Դատական գործի քննության ընթացքում Հայաստանի կոմ. կուսակց. վերստուգող հանձնաժողովին ուղղված իր նամակում Չարենցը գրում է. «Я живу еще физически, но я труп. Я уже чувствую свое разложение. Я с ума схожу» («Ես դեռ ապրում եմ ֆիզիկապես, բայց ես դիակ եմ: Ես զգում եմ իմ քայքայումը: Ես խելագարվում եմ»):
Այսպիսով՝ Չարենցը «քրեական ծանր հանցանքի համար» հայտնվում է Երևանի Ուղղիչ տանը՝ իր համար մինչ այդ անծանոթ ու փակ աշխարհում, որի մասին, ըստ հեղինակի, «ոչ միայն լայն մասսաները, այլև հասարակական կյանքով ապրող մահկանացուների գերազանց տոկոսը ոչ մի հասկացություն չունի» (198): Գրական հալածանքները և պաշտելի կնոջ հեռու լինելը բացասական ազդեցություն են ունենում Չարենցի վրա: Նա, ըստ էության, ճնշվում էր ամեն կողմից, և չկար այն հերոսը՝ սիրելի կինը, որ մխիթարեր նրան, հանգստացներ խաթարված հոգեկան անդորրը: Այս ամենի հետևանքով նա ենթագիտակցաբար բռնում է ինքնաոչնչացման ուղին: Այդ ժամանակ նա գրում է «Ձիու մռութ» բանաստեղծությունը։
Դուք որ այնքան անհամբեր
Եղիշե Չարենց
Թռչում ես հեռուն —
Ի՞նչպես, ի՞նչպես քեզ խաբեց
Մի ձիու մռութ։

Մոտ վեց ամիս անցկացնելով բանտում՝ Չարենցը հոգեկան ընդհանուր վիճակի բարդացման համար վաղաժամկետ ազատվում է կալանքից: Դեկտեմբերի վերջին կտրուկ վատանում է արդեն Երևան վերադարձած Չարենցի կնոջ՝ Արփենիկի առողջական վիճակը: Նրա մոտ արտարգանդային հղիության հետ կապված բարդություններ են ի հայտ գալիս, և 1927-ի հունվարի 1-ին Արփենիկը մահանում է: Չարենցին ազատ են արձակում բանտից՝ կնոջ հուղարկավորությանը մասնակցելու համար: Արփենիկին թաղում են Երևանի գերեզմանատանը, որը ներկայիս Կոմիտասի պանթեոնի տարածքն է (նրա գերեզմանը չի պահպանվել): Հեռանում է Չարենցի կյանքի առաջին և մեծագույն սերը, մխիթարանքն ու սփոփանքը, ուժն ու հավատը՝ իր առաջին կինը։ Ականատեսները պատմում են, որ կնոջ հուղարկավորության ժամանակ բանաստեղծը ննջատուփի մեջ է դրել իր մի քանի բանաստեղծությունները՝ որպես հավերժական ընծա ու ամենաթանկ մասնիկն՝ իրենից։ Թափորի ողջ ընթացքում գրողը հոգեկան ծանր վիճակում էր: Արդեն գերեզմանի մոտ նա դիմադրել է՝ չթողնելով, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը և կրկին ու կրկին հպվել Արփենիկի դեմքին։ Թաղումից հետո՝ հաջորդ օրն իսկ, Չարենցն իր բնակարանից դուրս է հանել և բակում՝ խարույկի մեջ, այրել հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք 1924 թվականին սիրով բերել էր եվրոպական շրջագայությունից: Հետագայում նա շատ բանաստեղծություններ է նվիրել Արփենիկին։ Երբ 1954 թվականին Չարենցն արդարացվեց, նրա բանաստեղծությունները շարունակեցին տպագրվել հրատարակչական տներում և ընթերցման համար հասանելի դարձան հանրության շրջանակներում։
«Ես տեսել եմ Եղիշե Չարենցին, եղել նրա ընկերն ու բարեկամը․ հավետ անհանգիստ, ծովային փոթորկին նմանվող հանճարեղ այդ մարդուն, մեծ պոետին ու քաղաքացուն։ Նա եղավ, բոցավառվեց որպես վիթխարի մի խարույկ և հանգավ իմ սրենդի աչքերի առաջ»։
Վահրամ Ալազան
Որպես ամփոփում
Այսպիսով, հետևյալ փոքրիկ ուսումնասիրություն-հետազոտությունը ցույց տվեց, թե ինչպիսի խանդավառ ու եռանդուն, բայց և մեկ տեղ խելագառ ու մեկուսացված պոետ ենք ունեցել։ Իմ կարծիքը նրա մասին միշտ էլ նույնն է եղել։ Նա սովորական կյանքում եղել է սովորական քաղաքացի, սակայն գրական ասպարեզում՝ ռահվիրա։ Նրան շատ են փորձել իջեցնել, գցել, դավաճանել, թերագնահատել, սակայն նա իր անսահման կամքի ուժով կարողացել է դիմադրել և հանգստություն գտնել՝ երկար դեգերումներից հետո։ Չարենցն այն եզակի գրողներից է ինձ համար, ով իրապես հայրենասեր են, ով իրապես մտածում էր իր հայրենիքի և երկրի մասին՝ ժողովրդական լեզվով ասած՝ թքած ունենալով մյուսների կարծիքների վրա։ Նա գրական ասպարեզում անկասկած մեծ արժեք է, անգնահատելի օրինակ և ուղենիշ։ Նրանով այսօր շատերն են ոգեշնչվում, այդ թվում՝ ես։ Հիմա եմ սկսել հասկանալ, թե ինչքան դժվար է պոետի կյանքը, երբ չորս կողմը դավաճաններ ու խաբեբաներ են, միայն թե հանկարծակի ծանոթությունների արդյունքում ձեռք բերված ծանոթներն են իսկապես քեզ հարազատ։ Այս հետազոտության նպատակն էր ցույց տալ, թե ինչպիսի անբացատրելի դժվար կյանք է ունեցել Չարենցը, ինչի միջով է նա անցել նման հսկայածավալ անգին գրականությունը մեզ փոխանցելու համար։ Ինչքան բարի ու կամեցող է եղել նա, ինչքան է սիրել իր ընտանիքին և ազգին, ինչքան է նվիրվել իրեն ու շրջապատին, ինչքան մարդ է եղել նա։ Սակայն նրան էլ լիովին չհասկացան, չգնահատեցին։ Եվ այսօր էլ, ցավոք, շատերը տեղյակ չեն նրա իսկական գործունեությունից, իսկական սխրանքներից։ Շնորհակալություն ուշադրության համար․․․
Օգտակար նյութեր, որոնք նպաստել են հետազոտության կայացմանը
Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է․ պոետի մեծ սերը՝ Արփենիկ Տեր-Աստվածատուրյան