Ահա և ավարտվեց այսքան երկար սպասված, սակայն ակնթարթների ընթացքում անցած ձմեռային ճամբարը։ Երկրորդ ուսումնական շրջանի՝ ձմեռային ճամբարի ժամանակ շատ ու շատ հետաքրքիր նախագծեր ենք հասցրել իրականության դարձնել։ Հավատացեք, հիմա այնքան տպավորված և հուզված եմ, որ մեկ-մեկ թույլ եմ տալիս ինձ բառ կուլ տալ, ձեռքերս չեն հասցնում մտքիս հետևից։ Ներքևում կարող եք տեսնել ձմեռային մի քանի օրերի ամփոփումներ․









Հունվարյան ճամբարի երկրորդ օրվա ամփոփում
Հունվարյան ճամբարի չորրորդ օրվա ամփոփում
Հունվարյան ճամբարի յոթերորդ օրվա ամփոփում
Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում
Ձմեռային ճամբարի տասնմեկերորդ օրվա ամփոփում
Մեր իրականացրած նախագծերից էին.
Շախմատի մրցաշար ձմեռային ճամբարի շրջանակներում
Բնագիտատեխնիկական ստուգատեսի մասնակցության հրավեր-տեղեկատու
«Սովորող-սովորեցնող» նախագիծ Վարսենիկ Գրիգորյանի ջոկատի հետ․ Խաղ-վիկտորինա
«Սովորող-սովորեցնող» նախագիծ Վարսենիկ Գրիգորյանի ջոկատի հետ․ Խաղերի ստեղծման գործիքները

Առաջին ծանրաբեռնված շաբաթվա ընթացքում մենք բնագիտատեխնիկական ստուգատեսին նախապատրաստվելու համար կազմել էինք տարբերանշաններ, այնուհետև՝ արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում ընտրել լավագույնը՝ որպես ստուգատեսի խորհրդանիշ և այցեքարտ։ Այդպիսինը դարձավ Մանեի պատրաստած գեղեցիկ տարբերանշանը։
Ի դեպ, բնագիտատեխնիկական ստուգատեսի ամփոփումն ավագ դպրոցում կարող եք տեսնել մեջ ջոկատավար, ֆիզիկայի ուսուցչուհի և պարզապես լավ մարդ Գոհար Իսկանդարյանի բլոգում։

Ամենաբուռն իրադարձություններից մեկը դարձավ հետազոտական աշխատանքների պաշտպանությանը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը կարևորեց նման կարևոր ուսումնական բաղադրիչը։ Ավելին՝ հաշվետվության մեջ։






Ճամբարային խառը և ծանրաբեռնված գործունեության ընթացքում ժամանակ ենք ունեցել նաև մասնակցելու տարատեսակ միջոցառումների, որոնցից ամենահիշվողներն են «Ռենեսանս» թիմի մասնակցությունը «Փաստաշար» և «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղերին և RippleFlow նախագծային խմբի կողմից կազմակերպված դիջիդասընթացներին։



Մեզ դեռ շատ միջոցառումներ և այցելություններ սպասվեցին առջևում։ Ինձ համար ամենատպավորիչը Լեռնանիստ ճամփորդությունն էր։ Ես երբեք այնտեղ չէի եղել, յուրաքանչյուր ձմեռային ճամբարի ժամանակ հնարավորություն չէր ընձեռվում գնալ այնտեղ, սակայն այս անգամ, բախտի բերմամբ, հաջողվեց։ Ես այլևս չեմ մոռանա այդ հրաշք վայրը՝ ձորերում թաքնված։ Տեսանյութը դիտեք այստեղ։



Ճամբարային վերջին օրերին այցելեցինք նաև Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի լաբորատորիա և ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ, որտեղ ծանոթացանք բյուրեղների և նրանց աճեցման հետ։ Տեսանյութը դիտեք այստեղ։

Շախմատի մրցաշարը թեժ էր։ 9-րդ դասարանցիները կռվում էին 11-րդ դասարանցիների հետ, 7-երը՝ 12-երի։ Մի խոսքով՝ ամեն ինչ շատ ավելի բուռն էր, քան առաջին հայացքից թվում է։ Բայց դա էլ պատվով հաղթահարեցինք։ Հունվարի 26-ին դա էլ ամփոփեցինք։ Հաղթող ճանաչվեց դասավանդող Սամվել Թամազյանը։ Տեսանյութը դիտեք այստեղ։ Շախմատի մրցաշարի կապակցությամբ մեր ջոկատավարը գրում է.
«Հունվարյան ճամբարի ընթացքում սովորողների նախաձեռնությամբ որոշեցինք շախմատի մրցաշար անցկացնել։ Քանի որ մեր ջոկատում շատ էին շախմատիստները, գործընթացը շատ արագ կազմակերպեցինք։ Զույգերն ընտրվել են վիճակահանության սկզբունքով։ Ամբողջ մրցաշարն անցավ շատ հավես, հետաքրքիր, անկանխատեսելի հաղթանակներով։ Որպես մրցանակ նախատեսել էինք երկու մեդալ շախմատային որևէ ֆիգուրով։ Ընդ որում՝ մեդալի լոգոն նույնպես ստեղծել ենք ջոկատում, Դավիթ Մուսաելյանի օգնությամբ, իսկ մեդալները ամբողջական պատրաստել Ինժեներական ստեղծագործության կենտրոնում` ընկեր Գնելի օգնությամբ։ Մրցաշարի եզրափակիչ փուլում թեժ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց բոլորի կողմից շատ սիրելի ընկեր Սամվելը, իսկ պատվավոր երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց մեր ջոկատից Աբել Բաբայանը»։


Եվ, ամենավերջում, հաճելի տպավորություններից խոսելիս՝ նշեմ, որ արժանացա «Ձմեռ պապ 2024» մրցանակին։ Այսպիսով, ամենքից շնորհակալ եմ, իրոք ստացված ճամբար էր։ Երկար չեմ գրի, քանի որ դա, կարծում եմ, չեմ ավարտի։ Շնորհակալ եմ մեր բարի, աշխատասեր, աջակցող, մտերիմ, անմիջական և ընկերասեր ընկեր Գոհար Իսկանդարյանին՝ նման դժվար փորձություններին միահամուռ ուժերով դիմակայելու և պատվով դուրս գալու համար։ Շնորհակալ եմ քեզ, հարգելի՛ ընթերցող, համբերատարության համար: