1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Արշակ II-ը։ Ե՞րբ և ո՞ւմ կողմից է հրավիրվել Աշտիշատի ժողովը։ Ի՞նչ կարևոր որոշումներ ընդունեց այդ ժողովը։ Ո՞րն էր Արշակ II-ի և նախարարների միջև հակամարտության պատճառը։

Արշակ II-րդը (350-368թթ.) վարում էր ինքնուրույն քաղաքականություն։ Ներսես Մեծ կաթողիկոսի միջնորդությամբ Հռոմի կայսրը թույլատրեց Հայաստան վերադառնալ արքայի եղբոր որդիներին՝ Գնելին և Տիրիթին։ Գնելն ամուսնացել էր Անդովկ Սյունու աղջկա՝ Փառանձեմի հետ, որին սիրում էր նաև Տիրիթը։ Նա Արշակին տրամադրում է Գնելի դեմ։ Սակայն Գնելի սպանությունից հետո մահապատժի է ենթարկվում նաև Տիրիթը։ Արշակն ամուսնանում է Փառանձեմի հետ։ 

Արշակ II-ը ներքին միջավայրում վարում էր պաշտոններն ու գործառույթները հստակեցնելու քաղաքականություն, եթե դա այդպես կարելի է անվանել։ Նա փորձում էր կարգավորել պետական իշխանության ճյուղերը։ Ինչպես տեղյակ ենք, այն ժամանակ յուրաքանչյուր նախարար ուներ իր սեփական բանակը։ Հատկանշական է, որ նախարարների բանակների քանակները հավասար չէին։ Արշակ II-ն արգելեց դա և նախարարների զորքերը միացրեց գլխավոր բանակին։ Ես ինքս կարծում եմ, որ նման քայլը ճիշտ էր, քանի որ հակառակ դեպքում ներքին վիճակն անկայունանում էր, և մենք նույնիսկ դեպքերի ենք ծանոթ, երբ նախարարներն իրենց զորքով ըմբոստանում էին և հարձակումներ անում կենտրոնական իշխանության նկատմամբ։

Տարոն գավառի Աշտիշատ ավանում ժողովը հրավիրվել է 354թ․ կաթողիկոս Ներսես Ա Պարթևի կողմից։ Դա հայ եկեղեցու առաջին օրենսդիր ժողովն էր, որի ժամանակ ընդունվել էին բազում կարևոր որոշումներ, որոնք վերաբերում էին թե՛ աշխարհիկ և թե՛ հոգևոր կյանքին։ Աշխարհիկ կյանքում, ժողովի կողմից կայացված որոշման համաձայն, արգելվում էին մերձավոր հարազատների միջև ամուսնությունը, բազմակնությունը, թաղումների ժամանակ սեփական մարմնին վնասելը։ Ես կարևոր եմ համարում այն, որ այդ ժամանակ հստակեցվեցին նաև տեր-ծառա կամ տեր-վասալ հարաբերությունները։ Այստեղ արդեն ընդունվեցին որոշումներ, որոնց համաձայն երկու կողմերն ունեին պարտականություններ և իրավունքներ։ Օրինակ՝ տերը պետք է «վարվեր» ծառայի հետ, ինչպես իր ենթակայի, այլ ոչ թե՝ ապրանքի, այսինքն՝ հարգալից, և նույն վերաբերմունքին պետք է արժանանար վասալի կողմից։ Ինչ վերաբերվում է հոգևոր կյանքին, ապա ընդունվում են որոշումներ եկեղեցիներ, վանքեր, ուսումնարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ և որբանոցներ կառուցելու։

Արշակ II արքայի և նախարարների միջև տարաձայնություններ պարբերաբար եղել են։ Ընդգծեմ այն երկու կարևոր պատճառները, որոնք իմ կարծիքով, առավելագույնս են ազդել թագավորի և նախարարների միջև հարաբերությունների սրմանն ու լարվածության աճմանը։ Առաջինի մասին արդեն խոսեցինք, դա սեփական զորք ունենալու իրավունքից զրկելն էր։ Երկրորդ կարևոր պատճառն Արշակավան քաղաքն էր, որն Արշակ II-ի կողմից կառուցվել էր Մասիս լեռան հարավային կողմում՝ Կոգովիտ գավառում։ Այն յուրահատուկ էր նրանով, որ յուրաքանչյուր ոք, ով կբնակվեր այնտեղ, կազատվեր հարկերից, պարտքերից։ Արշակավան քաղաքը, մեծամասամբ, կառուցված էր աղքատների համար, սակայն հասարակ ժողովուրդն էլ էր ցանկություն հայտնում այնտեղ ապրելու։ Եվ իհարկե, այս վիճակը դուր չէր գալիս նախարարներին, և երբ Արշակ II-ը երկրում չէր, նրանք հարձակվել էին քաղաքի վրա և «քարը քարի վրա չէին թողել»։

2. Ի՞նչ ընթացք ունեցավ 359թ․ ծագած պարսկա-հռոմեական պատերազմը։ Ինչպե՞ս ընթացան հայ-հռոմեական հարաբերությունները։ Ի՞նչ գիտեք 363թ․ կնքված պայմանագրի մասին։

359թ․ սկսվեց պարսկա-հռոմեական պատերազմը։ Շապուհը ներխուժեց Հայաստան, գրավեց և ավերեց Տիգրանակերտը։ Պարսիկները գրավեցին նաև Դարանաղի գավառի Անի ամրոցը և թալանեցին այնտեղ գտնվող Արշակունիների տոհմական դամբարանը։

Հայ հռոմեական հարաբերություններն ընթացան ոչ շատ բարենպաստ պայմաններում։ 363թ․ Հռոմի Հուլիանոս «Ուրացող» կայսրը, պաշտպանելով Հայաստանին, հասավ մինչև Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ և սպանվեց։ Նրան փոխարինած Հովիանոս կայսրը պարսիկների հետ հաշտություն կնքեց և պարտավորվեց այլևս չօգնել Հայաստանին։

359թ . վերսկսված հռոմեա-պարսկական պատերազմի ժամանակ Շապուհ 2-րդը օգնություն է խնդրում Արշակից։ Հայոց զորքը Մծբին քաղաքի մոտ պարտության է մատնում Հռոմեական զորքին։ Շապուհն առաջարկում է Արշակին ամուսնանալ իր դստեր հետ, բայց Արշակը մերժում է։ Շապուհը թշնամանում է Արշակի հետ։ Սրա մասին ներկայացված է «Արշակ և Շապուհ» վիպերգում։ Վերադառնալով Հայաստան՝ արքան վերականգում է դաշինքը Հռոմի կայսեր հետ, որն ամրապնդվում է Արշակի և կայսերական ընտանիքից Օլիմպիայի ամուսնությամբ։ Սակայն շուտով Օլիմպիա թագուհուն թունավորում են։ Պարսկա-հռոմեական պատերազմն ավարտվում է հռոմեացիների պարտությամբ։ 363 թ. կնքված հաշտությամբ Հռոմը պարտավորվում է չօգնել հայերին։ Հռոմեացի պատմիչ Ամմիանոսն այդ պայմանագիրն անվանել է «ամոթալի»:

Մծբինի պայմանագիրը (363թ․) կնքվել է Հռոմի կայսր Հովիանոսի և Սասանյան Պարսկաստանի թագավոր Շապուհի միջև։ Այն հայտնի է նաև որպես «ամոթալի» պայմանագիր։

363 թվականին Մծբինում կնքած պայմանագիրը պարունակում էր հետևյալ դրույթները՝

  • Հռոմը Պարսկաստանին է զիջում անդրտիգրիսյան այն երկրները, որոնք 298 թվականի Մծբինի պայմանագրով անցել էին Հռոմին. հարավային Հայաստանի Աղձնիք, Մոկք, Կորդուք, Ծավդեք և Ռեհիմենե գավառները՝ 15 բերդերով ու քաղաքներով, որոնց թվում՝ Մծբինը, Սինգարան և Կաստրա-Մավրորումը։
  • Հռոմը պարտավորվում էր այսուհետ չխառնվել Մեծ Հայքի գործերին։ Հովիանոս կայսրը պարտավորվում էր չօգնել Մեծ Հայքին, եթե Շապուհ II-ը պատերազմ սկսեր նրա դեմ։ Դրանով Շապուհ II-ի համար լավ իրավիճակ էր ստեղծվում Մեծ Հայքի վրա հարձակվելու համար։

3. Ներկայացրե՛ք հայ-պարսկական պատերազմի ընթացքը։ Ինչպե՞ս Շապուհին հաջողվեց ձերբակալել Արշակ II-ին և Վասակ Մամիկոնյանին։ Փորձե՛ք մեկնաբանել Արշակի և Վասակի պահվածքը։

364թ․ Շապուհ II-ը կրկին ներխուժեց Հայաստան, և սկսվեց հայ-պարսկական քառամյա պատերազմը, որի ընթացքում Հայաստանն անհավասար պատերազմ էր վարում իր անկախության համար։ Հաջողության չհասնելով պատերազմում՝ պարսից Շապուհ արքան իր մոտ է հրավիրում Արշակին՝ իբր բանակցությունների։ 368 թ. Արշակ թագավորը և սպարապետ Վասակ Մամիկոնյանը մեկնում են Տիզբոն, որտեղ Շապուհը չի կատարում իր խոստումը։ Նա սպարապետին տանջամահ է անում, իսկ Արշակին նետում է Անհուշ բերդ, որտեղ էլ նա մահանում է։ Եթե անկեղծ, ապա նրանց պահվածքը հեշտ չէ նկարագրելը։ Մի կողմից՝ պետք էր գնալ բանակցությունների, քանի որ սեղանին էր դրված Հայաստանի լինել-չլինելու հարցը, բայց մյուս կողմից էլ՝ պարզ էր, որ Շապուհն ինչ-որ հերթական խորամանկ խաղն է խաղում և այդ քայլով ցանկանում է վերջնականապես վրեժը լուծել։

4. Ինչպե՞ս ավարտվեց Արտագերսի պաշտպանությունը։ Ինչո՞վ ավարտվեց 370թ․ Ատրպատականում տեղի ունեցած ճակատամարտը։ Բնութագրե՛ք Մուշեղ սպարապետի արարքը։

Այդ նույն ժամանակահատվածում թշնամին պաշարում է Արտագերս ամրոցը, որտեղ հերոսական դիմադրությունը գլխավորում է Փառանձեմ թագուհին։ Ամրոցում թագուհին փակվեց արքայազն Պապի հետ։ Գահաժառանգ որդին ուղարկվեց հռոմեացիների մոտ։ Թագուհին հույս ուներ, որ Հռոմ մեկնած որդին կվերադառնա և կօգնի դիմակայել, սակայն պարսիկները ներխուժում են ամրոց, ոչնչացնում ողջ մնացածներին և խոշտանգելով սպանում թագուհի Փառանձեմին։ 369թ․ պարսկական զորքերը դավաճան իշխաններ Մերուժան Արծրունու և նրան միացած Վահան Մամիկոնյանի աջակցությամբ գրավեցին և ավերեցին Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Վանը և այլ քաղաքներ։ Նրանք ավերածություններ էին գործում, ատրուշաններ կառուցում և ժողովրդին պարտադրում մեզդեզական կրոնը։

370թ․ Մուշեղը 40 հազար ընտիր զորականներով գնում է դեպի Հայաստանի հարավային սահմանը։ Այնտեղ էր եկել Շապուհն իր զորքով, որի մի գնդի հրամանատարն էր հայրենադավ Մերուժանը։ 370թ․ Ատրպատականում Մուշեղն իր զորքով նախահարձակ է լինում։ Շապուհը փախչում է, իսկ պարսից ավագներից շատերը ձերբակալվում են և Մուշեղի հրամանով մահապատժի ենթարկվում։ Հաղթանակած հայերի ձեռքն են ընկնում պարսից արքայի գանձարանը և կանանոցը։ Մուշեղը հրամայում է կանանոցը վերադարձնել Շապուհին։ Շապուհը, ապշած հայոց զորավարի արարքից, մի գավաթի վրա նկարել է տալիս Մուշեղի պատկերը՝ ճերմակ ձին հեծած։ Իր զորքին հյուրասիրելու պահին նա ամեն անգամ ձեռքն է վերցնում գինու գավաթը և ասում. «Ճերմակաձին գինի արբցէ»։ Երբ հայոց զորքը վերադառնում է պատերազմից, ոմանք Պապի առջև ամբաստանում են Մուշեղին։ Թագավորը զայրանում է, որ Մուշեղն ինքնակամ ազատել է կանանոցը՝ անհարկի մեծահոգաբար վարվելով իր մոր հանդեպ դաժանորեն գործած Շապուհի նկատմամբ։

Ինքս թե՛ կողմ եմ, թե՛ դեմ նման արարքին։ Բացատրեմ՝ ինչու։ Կողմ եմ այն բանի համար, որ հայերը կանանց հանդեպ եթե ոչ միշտ, ապա պատմության կեսից ավելին ունեցել են յուրահատուկ հարգանք։ Ընդհանրապես, կանանց հանդեպ հայ մարդն ունի հարգանք։ Դրա համար եմ ես կողմ։ Կողմ եմ նաև այն բանի համար, որ հայերն ինչ-որ չափով պարսիկների «մակարդակի» չէին, որ նման բարբարոս և դաժան արարքներ գործեին։ Դեմ եմ այն բանի համար, որ Պապի մոր հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորած Շապուհը մնաց անպատիժ գոնե պատմության այս մասում։

5. Ներկայացրե՛ք Ձիրավի հաղթական ճակատամարտը։ Ի՞նչ պատժի արժանացավ դավաճան Մերուժանը։

Հռոմի Վաղես կայսրն Արշակ II-ի որդի Պապին 370թ․ ուղարկեց Հայաստան՝ որպես թագավոր։ Նա Վասակի որդուն՝ Մուշեղին, նշանակեց սպարապետ։ Հայկական ուժերին հաջողվում է 371թ․Բագրևանդ գավառի Նպատ լեռան ստորոտում գտնվող Ձիրավի դաշտում փայլուն հաղթանակ տանել։ Պարսից բանակի մնացորդները փախուստի են դիմում, բայց և բազմաթիվ պարսիկների հետ գերվում է նաև դավաճան Մերուժան Արծրունին։ Մերուժանին ձերբակալում է Սմբատ Բագրատունին։ Նա, երկաթե շամփուրը տաքացնելով, բոլորում է պսակի ձևով և շիկացնելով ասում․ «Քեզ պսակում եմ, Մերուժա՛ն, որովհետև դու ձգտում էիր հայոց վրա թագավորելու, և իմ՝ ասպետիս պարտքն է քեզ պսակել իմ հայրենի իշխանության կարգով»։ Եվ շիկացած շամփուրը դնում է Մերուժանի գլխին։ Ուրացյալ Վահանին սպանում է նրա որդին՝ Սամվելը։ Այս իրադարձությունները նկարագրված են Րաֆֆու «Սամվել» վեպում։

6. Հայոց պետության անվտանգության և ռազմատնտեսական հզորության ամրապնդման ուղղությամբ ի՞նչ քայլեր ձեռնարկեց Պապ թագավորը։ Ի՞նչ արտաքին քաղաքականություն էր վարում նա։ Ներկայացրե՛ք Պապի կերպարը։

Բանակի թիվը հասցվում է մոտ հարյուր հազարի։ Հոգևորականների եղբայրներին, զավակներին և ազգականներին պարտադրվում է պետական ծառայություն կատարել։ Միևնույն ժամանակ սահմանափակվում է եկեղեցական հողատիրությունը։ Այդ նպատակով Պապը նախ վերացնում է «պտղի և տասանորդների կարգը», այսինքն՝ բերքից եկեղեցուն վճարվող տուրքը։ Այնուհետև նա, հօգուտ արքունիքի, եկեղեցուց կտրում է դեռևս Տրդատ III Մեծի տված հողի մեծ մասը։ Պապի հրամանով փակվում են նաև կուսանոցները և այրիների ապաստարանները, թույլ է տրվում կույսերին և այրի կանանց ամուսնանալ՝ ժողովրդագրական աճի համար։ Պապը խրախուսում էր երկրի բնակչության և հայոց բանակի թվաքանակի աճը։

Պապի վարած անկախ քաղաքականության արդյունքում Հայաստանից վտարվել էին պարսից զորքերը։ Հայոց կաթողիկոսական աթոռին Սբ Ներսես Մեծի մահվանից հետո Աղբիանոսի տոհմից բարձրացած Հուսիկ-Շահակն այլևս Կեսարիա չի մեկնում՝ ձեռնադրություն ստանալու մետրոպոլիտից, ինչով հաստատվում էր Հայոց կաթողիկոսական աթոռի սկզբնական ինքնուրույնությունը։

Վաղես կայսեր հրամանով հռոմեական հրամանատարները 374թ․ դավադրորեն սպանում են Պապին՝ խնջույքի ժամանակ։ Այսպես նենգաբար ասպարեզից հանվեց հայոց երիտասարդ ու եռանդուն արքան, որն իր կարճատև գահակալման ընթացքում կատարեց բազմաթիվ հայրենանվեր գործեր։ Նա հայոց պատմության մեջ մնաց որպես նշանավոր արքաներից մեկը։