Նշեմ, որ հետազոտությունն արվել է Բագրատունիների Հայոց թագավորության մասին Գրիգոր Մագիստրոսի թղթերի բովանդակության հիման վրա։ Այս հետազոտության նպատակն է պարզել, թե արդյո՞ք Վեստ Սարգիսը պետական մակարդակի դավաճան է, թե՞ թաքնված հայրենասեր։
Հետազոտության արդյունքում հանգել ենք հետևյալ եզրակացությանը. ըստ Գրիգոր Մագիստրոսի նամակների՝ Անիի պետականության կործանման պատճառը Գագիկ Երկրորդի անփորձ լինելն էր, Վեստ Սարգսի՝ կենտրոնաձիգ պետությանը չենթարվելու հանգամանքը: Չնայած Վեստ Սարգսի բացահայտ դավադիր քայլերին` դյուրահավատ արքան շարունակում էր վստահել նրան՝ այդպիսով բռնելով կործանման ուղին և փոխարենը հալածական վերաբերմունք էր դրսևորում Պահլավունի իշխանի նկատմամբ, որը, Վեստ Սարգսի դեմ դուրս գալով, կանխել էր վերջինիս կողմից հայոց գահին տիրանալը՝ թագավորեցնելով Գագիկ Երկրորդին:
Վերոնշյալ գրվածը Գրիգոր Մագիստրոսի թղթերն ուսումնասիրած անձանց կողմից հայտնած եզրակացությունն է։ Ակնհայտ է, որ անձանց կողմից իրականացված հետազոտության մեջ Վեստ Սարգսի դերն աննշան է պետական կառուցման առումով, նշվում է, որ վերջինս կենտրոնաձիգ իշխանությանը չենթարկվելու հանգամանքով դարձավ Անիի պետականության կործանման պատճառներից մեկը։
Նախ հակիրճ ներկայացնեմ Բագրատունյաց թագավորությունում Գագիկ Ա-ի օրոք եղած իրավիճակը։
Գագիկ Ա-ն Հայոց տերության վերջին հզոր թագավորն էր: Նրա մահից հետո անջատողական ձգտումներն իրենց զգալ տվեցին անգամ Անիի թագավորությունում: Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները: Ի վերջո, հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին: Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Անի քաղաքը, Շիրակը և հարևան գավառները: Կրտսեր եղբայր Աշոտ Դ-ին բաժին ընկան Անիի թագավորության հարավային և արևելյան շրջանները: Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Աշոտը ժառանգելու էր նրա տիրույթները: Փաստորեն Անիի թագավորությունը մասնատվեց, իսկ նրա ենթակա թագավորությունները գործնականում անկախ դարձան: Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց:
Հովհաննես-Սմբատի՝ Անին բյուզանդացիներին հանձնելու լուրը Հայաստան հասավ ուշացումով, իսկ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը երկար ժամանակ չհանդգնեց երկիր վերադառնալ: Այդ պատճառով էլ եղբայրների միջև նոր բախում տեղի չունեցավ: Այս կացությունը շարունակվեց մինչև 1041թ., երբ մահացան սկզբում Աշոտը և այնուհետև Հովհաննես-Սմբատը: Նրանց մահից հետո բյուզանդամետ ուժերը, հանձինս Անի վերադարձած Պետրոս Գետադարձի և թագավորի խնամակալ, արքունիքում մեծ ազդեցություն ունեցող Վեստ Սարգսի, խիստ ակտիվացան:
Բյուզանդական կայսրն անմիջապես Անին գրավելու համար մեծ բանակ ուղարկեց Հայաստան: Քաղաքի բնակչությունը ելավ պաշտպանելու հայոց մայրաքաղաքը: Պաշտպանությունը գլխավորեց սպարապետ Վահրամ Պահլավունին: Անեցիներն ասում էին. «Մենք ամենքս պատրաստ ենք մեռնելու, բայց չենք մեռնի, մինչև չոչնչացնենք մեր թշնամիներին, որոնք տարապարտ կերպով եկել են մեր դեմ և կամենում են հափշտակել մեր երկիրը»: Քաղաքի պաշտպանների թիվը հասավ 30 հազարի: Նրանք, դուրս գալով քաղաքից, ալեզարդ սպարապետի գլխավորությամբ մեծ ջարդ տվեցին բյուզանդական զորքին, որը փախուստի դիմեց: Հաղթանակից հետո թագավոր հռչակվեց Աշոտը Դ-ի տասնվեցամյա որդի Գագիկ Բ-ն (1042-1045թթ․): Դա պետությունն ամրապնդելու նպատակով կատարված կարևոր և անհրաժեշտ քայլ էր: Երիտասարդ թագավորը, որ նաև հունական կրթություն էր ստացել, խիզախորեն ճնշեց անհնազանդ իշխանների ելույթները և ձերբակալեց Վեստ Սարգսին: Նա հանդես բերեց պետական և զինվորական գործչի անուրանալի հատկություններ: Հետ վերցնելով արքունի գանձերը Վեստ Սարգսից՝ նա ամրապնդեց իր դիրքերը:
Անհաջողությամբ ավարտվեցին նաև Անին գրավելու բյուզանդացիների ձեռնարկած հետագա արշավանքները: Բյուզանդական զորամասերը փախչում էին անեցիների հարվածների ներքո: Տեսնելով, որ ուժով հաջողության հասնել չի կարողանում, Բյուզանդիան փոխեց իր քաղաքականությունը: Զարմանալիորեն անխոհեմ քաղաքականություն սկսեց վարել Գագիկ Բ թագավորը, որը, հավատալով Վեստ Սարգիսի խոստումներին, նրան ազատ արձակեց և իրեն մոտեցրեց Պետրոս Գետադարձ կաթողիկոսին:
Կայսրը, իբր թե կնճռոտ հարցերը լուծելու համար, Գագիկ Բ-ին հրավիրեց Կոստանդնուպոլիս: Սպարապետ Վահրամ Պահլավունին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և նրանց կողմնակիցները դեմ էին Հայոց թագավորի Կոստանդնուպոլիս գնալուն: Սկզբում նրանց հորդորով Գագիկը հրաժարվեց հրավերից՝ հասկանալով որ դրանից խարդախություն է բուրում: Սակայն, շատ չանցած, նա տեղի տվեց կաթողիկոսի և Վեստ Սարգսի համառ հորդորներին և 1044թ. մեկնեց Բյուզանդիայի մայրաքաղաք: Բանակցությունների փոխարեն նրանից պահանջեցին Անին իր շրջակայքով, ինչը Գագիկ Բ-ն խիզախորեն մերժեց: Նա կայսրին ամոթանք տվեց հետևյալ խոսքերով. «Հայոց տան տերն ու թագավորն ես եմ և ես քեզ չեմ տալիս հայոց երկիրը, որովհետև դու ինձ խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս»: Դրանից հետո կայսրը նրան կալանավորեց և թույլ չտվեց երկիր վերադառնալ: Կրկին Անի ուղարկված բյուզանդական զորքերը դարձյալ պարտություն կրեցին: Սակայն հաղթանակն անարդյունք եղավ, քանի որ բյուզանդամետ ուժերը կաթողիկոսի գլխավորությամբ քաղաքն առանց կռվի հանձնեցին բյուզանդացիներին: Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունն ընկավ: Այն մեծ հարված էր հայոց պետականությանը, քանի որ երկար դարեր հայ ժողովուրդը չկարողացավ բուն Հայաստանում վերականգնել իր անկախ պետականությունը:
Այստեղ անենք մի քանի արձանագրում Վեստ Սարգսի գործունեության վերաբերյալ.
- Վեստ Սարգիսը, ով բյուզանդամետ դիրքորոշում ուներ, տանում էր հակապետական գործունեություն։
- Վեստ Սարգսի և Պետրոս Գետադարձի շնորհիվ պետությունում ակտիվացան բյուզանդամետ տրամադրությունները։ Այս ամենը վերջում վերածվելու էր հակապետական գործողության, որի նպատակն էր լինելու պետության անկումը։
- Գագիկ Բ-ն, ով թե՛ Գրիգոր Մագիստրոսի, թե՛ պատմաբանների, թե՛ սովորական ժողովրդի աչքերում հերոս էր ու դիվանագետ, ինչպես նաև հմուտ առաջնորդ, վստահեց հակապետական դիրքորոշում ունեցող Վեստ Սարգսին, ով նրան հորդորել էր ազատ արձակել, իսկ հետո, ի դեմս վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչների՝ Կոստանդնուպոլիս չմեկնելու խորհուրդներին, խնդրել, որ թագավորը մեկնի թշնամու մայրաքաղաքը՝ իբր բանակցությունների։
- Վեստ Սարգիսը ևս մեկ անգամ կատարում է հակապետական քայլ՝ թագավորին գցելով ծուղակի մեջ և պետության գոյությունը դնելով հարցականի տակ։
- Վեստ Սարգսի գերագույն նպատակն էր բյուզանդական ուժերին բերել Հայաստան, ինչը որ նրա մոտ վերջ ի վերջո հաջողվում է։
Ի դեպ, վերոնշյալի մասին վկայում է նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, մեջբերելով.
«Անին բյուզանդական կայսերը հանձնել են Վեստ Սարգիսը և Պետրոս Գետադարձ կաթողիկոսը»։
Այստեղ պիտի ընդգծենք, որ ժամանակի պատմիչներից Սամվել Անեցին համակրանքով է խոսում Վեստ Սարգսի մասին՝ վերջինիս բերդաշինության և եկեղեցաշինության համար:
«Մեծապատիւ Վեստն Սարգիս, զկնի բազում շինուածոց, բերդից և եկեղեցեաց զհրաշալի վանքն զԽցկունս շինեաց, պայծառ պսակաւ զարդարեալ սուրբ քաւարանաւն, որ ճանաչի անուն Սուրբ Սարգիս: Նաև զԾառաքար վանքն բերդ արարեալ, պարսպեալ հաստահեղոյս կրով, բրգունս ձուլածոյս, յորում և ընդ սրբոյ խորանարդ տաճարին կանգնելոյ յանուն սուրբ Գէորգա, շինէ Բ (2) այլ յարակիցս գմբեթաւորս, զսուրբ Յովաննէս և Սուրբ Սեքենոս»
Իսկ Մատթեոս Ուռհայեցին իր ժամանակագրության մեջ շեշտում է միայն Վեստ Սարգսի անունը՝ նրան անվանելով նենգավոր, որը այլ ազատների հետ քաջալերում է արքային գնալ Մոնոմախի մոտ:
Հատկանշականն այն է, որ Գրիգոր Մագիստրոսի՝ Վեստ Սարգսի մասին գրած նմանատիպ խոսքերից և վերջինիս հետ հարաբերություններ ունենալուց կարող ենք կասկածներ ունենալ, որ Գրիգոր Մագիստրոսը ևս եղել է դավաճանի դերում, սակայն փորձել է ամեն կերպ դա թաքցնել՝ մեղքը բարդելով Վեստ Սարգսի վրա։ Սակայն Սամվել Անեցու և Դավիթ Բաղիշեցու ժամանակագրություններում Գրիգոր Բջնեցու հիշատակումը վիճելի է: Ոչ մի պարագայում չէր կարող Մագիստրոսը համախոհ լինել Վեստ Սարգսի հետ, այն էլ Գագիկին Կ. Պոլիս ուղարկելու, Անիի հայոց պետականության հիմքերը խարխլելու հարցում: Չմոռանանք, որ Գրիգոր Մագիստրոսը «….մեծ խոհեմությամբ ջանք էր թափում ամրապնդել Հայաստանի թագավորական գահը և խնդրում աստծուն, որ իրեն ու Բագրատունյաց տոհմին նեցուկ կանգնի» և Վեստ Սարգսի դեմ դուրս գալով՝ կարողացել է կանխել վերջինիս կողմից հայոց գահին տիրանալը՝ թագավորեցնելով գահի օրինական ժառանգին՝ Գագիկ Բ-րդին:
Ինչպես վերևում նշեցի, չնայած Վեստ Սարգսի՝ Շիրակի ու շրջակա գավառների վրա թագավորելու մտադրությանը, Հովհաննեսի տան ամբողջ գանձերը վերցնելուն և այլ բացահայտ դավադիր քայլերին՝ Գագիկ արքան շարունակում էր վստահել նրան, փոխարենը մեղադրելով ու հալածական վերաբերմունք դրսևորելով Գրիգոր Մագիստրոսի նկատմամբ, իսկ վերջինս չէր դադարում զգուշացնել, որ իրեն մեղադրելով Գագիկ Երկրորդը մեծ մեղք է գործում. չգիտե՞ր արքան, որ ինքը երկնչում է Աստծուց. «եւ ո՞չ գիտես, եթէ երնչիմ յԱստուծոյ, տակաւին խոցոտես զիս եւ ոչ երկնչիս յԱստուծոյ ամենակալէն այն, որ նստին ի քերօբէս»:
Ամփոփում
Կարծում եմ՝ այս հետազոտությունը կարելի է ամփոփել կարճ, քանի որ բերված օրինակներն ու փաստերը վկայում են, թե իրականում ինչպիսին է եղել Վեստ Սարգիսը Բագրատունյաց արքայատոհմում։ Անկեղծ՝ ես համամիտ եմ այն կարծիքի հետ, որ նա եղել է դավաճան, քանի որ իր խոսքով է թագավոր Գագիկ Բ-ն մեկնել Կ. Պոլիս, նրա խոսքով է վերջինս ազատել նրան ձերբակալությունից, նրա խոսքով են բյուզանդական զորքերը շարժվել հայկական պետության վրա և այլն։ Գովելի է, որ նա ձեռնամուխ է եղել բերդաշինությանն ու եկեղեցաշինությանը, սակայն այստեղ ծագում է մի հռետորական հարց. «ու՞մ էր պետք լինելու, եթե պետությունն իր իսկ ջանքերով և ներդրումով կամաց-կամաց, սակայն՝ վստահորեն գնում էր դեպի կործանում»։ Շնորհակալություն ուշադրության համար …