Տարբեր լեզուներով խոսող ժողովուրդներն իրար չեն հասկանում, թեև նրանց լեզուները կարող են ցեղակից լինել, այսինքն՝ ծագած լինել մեկ աղբյուրից։ XIX դարի սկզբին ձևավորվեց պատմահամեմատական լեզվաբանությունը, որի նպատակն էր պարզել լեզուների ծագումնաբանական կապերը և ուսումնասիրել դրանց պատմական զարգացումը։ Լեզուների ցեղակցությունը որոշվում է պատմահամեմատական մեթոդի օգնությամբ։

Համաձայն այդ մեթոդի՝ աշխարհի լեզուներն ըստ ծագման խմբավորվում են տարբեր լեզվաընտանիքներում։ Որոշ բառերի թռուցիկ համեմատությունն իսկ ի հայտ է բերում դրանց ծագումնաբանական ընդհանրությունը. գինի — вино, գիշեր — вечер, միս — мясо, սիրտ — сердце, ջիլ — жила, տասը — десять, դու — ты և այլն։ Առանձնացվում են հնդեվրոպական, ֆիննաուգրական, թյուրքական, չին-տիբեթական և այլ լեզվաընտանիքներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ խմբավորվում են միևնույն մայր լեզվից սերող լեզուները։

Հնդեվրոպական լեզվաընտանիքն ամենալայն տարածում ունեցողն է։ Նրա մեջ մտնող լեզուներով խոսող ժողովուրդները սփռված են Հնդկաստանից մինչև Եվրոպայի ծայր հյուսիս-արևմուտքը. այստեղից էլ գալիս է լեզվաընտանիքի անվանումը։ Լեզվաընտանիքները բաղկացած են լինում լեզվախմբերից, որոնք միավորում են համեմատաբար ավելի սերտ ազգակցական կապեր ունեցող լեզուները։ Հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ են մտնում սլավոնական, ռոմանական, գերմանական, հնդկական, իրանական և այլ լեզվախմբեր։ Յուրաքանչյուր լեզվախմբի մեջ մտնում են առավել մերձավոր ցեղակից լեզուներ։ Սլավոնական լեզվախմբի մեջ են մտնում ռուսերենը, ուկրաիներենը, բելառուսերենը, սերբերենը, չեխերենը, սլովակերենը, սլովեներենը և այլն, ռոմանական լեզուներից են ֆրանսերենը, իտալերենը, իսպաներենը, ռումիներենը և այլն, իրանական են պարսկերենը, թաջիկերենը, քրդերենը, աֆղաներենը, բելուջերենը և այլն։

Իսկ ի՞նչ դիրք է գրավում հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքում։ Պատմահամեմատական մեթոդի առաջին նշանավոր ներկայացուցիչները՝ Հ. Պետերմանը, Ֆ. Վինդիշմանը և ուրիշներ, առաջ էին քաշում այն դրույթը, որ հայերենը պատկանում է հնդիրանյան (արիական) լեզվախմբին։ Նման եզրակացության նրանց հանգեցնում էր հայերենի ու պարսկերենի բառային ընդհանրությունների մեծ թիվը։ Իրոք, շուրջ 1600 տարվա համատեղ կյանքը չէր կարող անհետևանք անցնել. լեզուները փոխադարձաբար պիտի ազդվեին իրարից։ Թվենք մի քանի օրինակներ, որոնք իրանյան փոխառություններ են. ազատ, ազգ, ազդ, ախոռ, ախտ, ամբար, ամբարտակ, ամբոխ, անապատ, աշակերտ, աշխարհ, աշխատել, առատ, արագ, արձակ, ավան, ավանդ, բախտ, բժիշկ, գանձ, գույն, գունդ, գրպան, դույլ, դրամ, զգույշ, ժամ, ժամանակ, կարագ, կարմիր, նվագ, շապիկ, վնաս, վտանգ, քանդել, քուռակ, քսակ, օտար, օրենք և այլն։

Այսպիսով՝ հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է, ինչպես ալբաներենն ու հունարենը։