Հայերենն անցել է զարգացման երկարատև ուղի, սակայն մեր բուն գիտելիքները նրա մասին սկսվում են 5-րդ դարից, այսինքն՝ գրերի գյուտի պահից, երբ հայերենը դարձավ գրային լեզու, և այն հնարավոր դարձավ ամրագրել գրավոր հուշարձաններում և այդպես ավանդել ապագա սերունդներին։ Մինչև գրերի գյուտը հայերենն, անշուշտ, գոյություն ուներ և զարգացած լեզուների կարգին էր պատկանում, քանի որ Տիգրան Մեծի աշխարհակալ կայսրության, Արտավազդի օրոք սեփական թատրոն ունեցող թագավորության լեզուն էր, սակայն նրա մասին մեզ շատ քիչ բան է հայտնի։ Հայերենի այդ շրջանը, որ կոչվում է նախագրային հայերեն, մեզ չի ավանդվել որևէ գրավոր հուշարձանի միջոցով։ Այդ պատճառով էլ մեր փաստական-նյութական գիտելիքները հայերենի այդ փուլի մասին անբավարար են։ Սոսկ պատմահամեմատական և վերականգնողական այլ մեթոդների շնորհիվ հնարավոր է դատողություններ անել հայերենի նախագրային շրջանի վերաբերյալ։
Գրերի գյուտից (405թ.) մինչև մեր օրերն ընկած ժամանակաշրջանի մեջ ընդունված է առանձնացնել հայոց լեզվի զարգացման երեք շրջան.
ա) հին հայերենի,
բ) միջին հայերենի,
գ) աշխարհաբարի կամ նոր հայերենի։
Գրաբարը հայերենի հին շրջանի գրական մշակված տարբերակի անվանումն է, թեև հաճախ գործածվում է ընդհանրապես հին հայերեն իմաստով։ Հին հայերենը հայ ժողովրդի համընդհանուր հաղորդակցման միջոցն է եղել 5-11-րդ դարերում։
Միջին հայերենը հաջորդել է գրաբարին և գործել է մինչև 16-րդ դարը։ Այն կոչվել է նաև կիլիկյան հայերեն, քանի որ առավելաբար տարածված է եղել Կիլիկիայի հայկական թագավորությունում։
Աշխարհաբարը կամ նոր հայերենը, սկզբի առնելով 17-րդ դարում, զարգացել ու վերջնականապես ձևավորվել է 19-րդ դարի առաջին կեսում և այսօր էլ հայ ժողովրդի հաղորդակցման միջոցն է։ Աշխարհաբարն այսօր աշխարհին ներկայանում է երկու ճյուղով՝ արևելահայերեն և արևմտահայերեն։