
Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմը պատմում է հեղինակի՝ որպես շարքային զինվորի՝ պատերազմական գործողություններում տեսածն ու ապրածը։ Եվ պատկերացրեք, որ իրապես դժվար է ընթերցել այնպիսի տողեր, որտեղ ականատեսը, այն էլ նոր չափահաս դարձած, պատմում է, թե ինչպես է տեսել կամավորների լքված ու մասնատված դիակներ, հեռուներում կորած, ավերված ու մոռացության տրված գյուղեր, ինչպես է ապրել այդ օրերը, ինչպես են այդ օրերն ազդել իր, իր անձի ու բնավորության վրա, ինչպես է նա փորձել հաղթահարել դա։ Չարենցի այս բանաստեղծությունը, ինչն ըստ էության, խոստովանություն է, հենց դրա մասին է, թե ինչպես է պատերազմն ազդում մարդու կողմից աշխարհի ու հասարակության ընկալման վրա։
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք և մեր սիրտը-բաց:
Կանչում էր, կանչում ճամփան անմեկին
Ոլորապտույտ մեր առաջ փռված:
Նկատվում է, որ առաջին մի քանի գլուխներում Չարենցի «տրամադրությունը» բարձր է, նա զինակից ընկերների հետ երգեր է երգում, շուրջպարեր բռնում և ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ռազմական գործողությունների և դրա հետևանքների մասին հիմնական և ճիշտ պատկերացում զինակից ընկերները չունեն։ 20-րդ դարի ամենարյունալի մարտական և ռազմական գործողություններից մեկի ականատես և անմիջական մասնակից եղած մարդիկ չեն էլ մտածում, թե ի՞նչ է պատերազմը, ինչպե՞ս է այն ազդում մարդու վրա, նրանք միմիայն հրճվում են, ուրախանում, մտածում՝ սա էլ է մի օր անցնելու։ Հետզհետե մեկ խաղողի տնկում, մեկ լեռան վրա, մեկ տափաստանում, մեկ այգում, մեկ այլ մի տեղ դիակներ (ժամանակ առ ժամանակ նույնիսկ մասնատված) հայտնաբերելով՝ զգացվում է, որ Չարենցը կամաց-կամաց «կերպարանափոխվում» է, դառնում է ավելի մելամաղձոտ, ավելի տխուր և զգայուն։ Նա տեսել է, թե ինչպես է իր խելագար ընկերն առաջին օրերին ոտքով հարվածել դիակին, և այդ պահին նրան ոչ մի արտառոց զգացում կամ ապրում նույնիսկ չի համակել, սակայն օրըստօրե նա սկսել է հասկանալ պատերազմի դառը հետևանքները, որոնք ուղեկցվել են բազմաթիվ մարդկային և նյութական կորուստներով, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան բարդ և երբեմն անհաղթահարելի խնդիրներով։ Ընթերցողները հասկանում են, որ հեղինակը հոգեպես դանդաղորեն «մահանում» է։ Նա սկսում է հասկանալ, թե ինչ ահասարսուռ, դաժան, անմարդկային բան է պատերազմը։
Դանտեի «դժոխքը» հիշեցնող պատկերների անմիջական տպավորության տակ է Չարենցը գրել «Դանթեական առասպել» պոեմը 1915-1916 թթ.՝ նվիրված նահատակ ընկերների հիշատակին, որոնք զոհվել էին 1915թ.-ի դեկտեմբերի 25-ին Սուլդուզի դաշտում: Հենց նույն ընկերների մասին նա պոեմում հիշատակումներ է արել, պատմել է, թե ինչպես էին ընկերներով առավոտ լուսաբացին ճամփա ընկնում, հեռավոր գյուղեր գտնում, այնտեղ գիշերում և որոշ ժամանակ անց սարերով այլ չբացահայտված ու ամայի վայրեր անցնում։
Ինչո՞ւ են փռում այսքան ցավ, ավեր,
Հողմերը այս չար ե՞րբ պիտի լռեն։
Եվ ո՞վ է լարում այսպիսի դավեր
Կյանքը դարձնում նզովյալ գեհեն։
Չորրորդ գլխից սկսած նկատվում է Չարենցի «միայնակությունը»։ Արդեն ծովն էլ նրա համար առանձնահատուկ նշանակություն չունի, նա հոգեպես մահանում է։ Այս պոեմը ցույց է տալիս մարդու՝ իբրև կենսաբանական էակի՝ ինչ-որ դաժան տեսարանի, վարքի, վերաբերմունքի, գործողության ականատես կամ անմիջական մասնակից լինելու դառը հետևանքները, արդյունքները։ Արդյունքներն այն են, որ հեղինակը խելագարվում է, վերջին գլուխներում հիշում է, թե ինչպես է նա առաջին օրերին երգեր կատարում, ինչպես էին բազմաթիվ ընկերներով ազգային շուրջպարեր պարում, հիշում է, թե ինչ «լավ» օրեր էին։ Հիմա նա նախկինը չէ, հիմա նա փոխվել է, փոխվել է հոգեպես, թուլացել՝ ֆիզիկապես։
18-ամյա տղան ապրեց այդ դժոխային օրերը, տեսավ ընկերների մահը, մահի մղձավանջը, հայրենիքի կորուստն ու հայ ազգի ցավերը։ Եվ հետաքրքրական է, որ տարիներ հետո կարողացավ «ուշքի գալ», ինչն ըստ երևույթի, բացարձակապես հեշտ գործ չէ։ Պոեմը վառ կերպով մեզ ներկայացրեց, թե ինչպես է պատերազմն ու նրա հետևանքներն ազդում մարդու վրա, ինչպես է մարդը փոխվում պատերազմից։ Եթե զուգահեռներ տանենք մեր օրերի հետ, ապա տարբերություններ, անշուշտ, կան, սակայն այն միտքը, որ պատերազմը փոխում է մարդկանց, անհերքելի է։ Մեր օրերում էլ կան շատ մարդիկ, որ խելագարված են, կորցնելով կյանքի ընկերներին, կորցրել են կյանքի հանդեպ սերը, չեն գտնում իրենց ապրելու իմաստը։ Եռանդուն, աշխույժ ու անսահման էներգիայով լցված երբեմնի երիտասարդների դեմքերին այսօր մռայլ, դաժան, ցավալի և տխուր պատկեր է, արտահայտություն։ Երբեմնի հերոսները, որոնք հերոս էին իրենց գործում, այսօր թույլ են, անօգնական ու անպաշտպան, չգիտեն՝ ինչպես վերադառնալ հին օրերին, ինչպես վերաիմաստավորել կյանքը կամ ինչպես սկսել նորը։ Հավատացեք, այս ամենը խոսքերով բացատրելու բան չէ, դժբախտաբար, սա է մեր այսօրվա իրականությունը, ինչի հետ մենք որևէ բան անելու ունակ չենք։ Պարզապես պետք է ուժ գտնել՝ դիմակայելու հետագա ցավերին, կորուստներին, տանջանքներին ու զրկանքներին, ինչպես նաև փորձություններին, որոնք ոչ այն ինչ են, քան մարդուն ստուգելու ամենալավ միջոց։ Պետք է խոստովանեմ, որ պոեմը սկսել եմ ընթերցել բարձր տրամադրությամբ (իրադարձությունների բերմամբ), սակայն ավարտել եմ այն խորը համոզմամբ, որ ես էլ չունեի ճիշտ պատկերացում թե՛ մարդու, թե՛ աշխարհի ու կյանքի, թե՛ առանձնապես պատերազմի մասին։ Շնորհակալություն ուշադրության համար …