Փետրվարի 16-ը հագեցած էր և ծանրաբեռնված, ինչպես և կրթահամալիրի մյուս աշխատանքային օրերը։ Սակայն այն առանձնահատուկ էր նրանով, որ կրթահամալիրում ունեինք հյուրեր, հանձինս՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի։

Փետրվարի 16-ի օրակարգին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով։ Իսկ ստորև կարող եք ծանոթանալ բաց հավաքի ծրագրին։

Հավաքի ծրագրում ներառված են. 

  • Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում (ուսումնական օրացույցով ամեն ուրբաթ կազմակերպվող պարապմունք)
  • Կլոր սեղան՝ «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի հեղինակային կազմակերպումը
  • Սովորողների նախասիրությունների մարզական ակումբներ
  • Ռազմամարզական պարապունքներ
  • Լողուսուցում
  • Բակային ֆուտբոլ
  • Ռազմամարզական, արշավախմբային ճամբարների կազմակերպում
  • Դասավանդողների մարզական ակումբներ
  • Առաջին բուժօգնության դասընթացներ

Ես և 11-րդ դասարանի սովորող Օֆելյա Անդրեասյանն այս բաց հավաքի ներկայացնողներից էինք։ Մեր առջև դրված էր նպատակ ավագ դպրոց-հետազոտական վարժարանի ֆիզիկական կենսագործունեությունն ըստ արժանվույնի ներկայացնելու։ Եվ ես պետք է հստակ ասեմ, որ դա մեզ մոտ հաջողվեց։

Բացման խոսքով հանդես եկավ սուսերամարտի մարզիչ Միքայել Ղազարյանը, ով խոսեց բուն ֆիզիկական կուլտուրա առարկայից, ներկայացրեց, թե որ մարզաձևերն են դասավանդվում կրթահամալիրում, որից հետո խոսքը փոխանցեց կրտսեր դպրոցների դասավանդողներին։ Ավագ դպրոցի մասին պատմեցինք ես և Օֆելյան։ Ռազմամարզական ճամբարների, մրցաշարերի կազմակերպման և անցկացման մասին պատմեցին հետազոտական վարժարանի այլ սովորողները։

Ես և Օֆելյան կարողացանք իրար փոխլրացնելով փոխանցել տեղեկատվությունը։ Նա պատմում էր ուսումնական բաղադրիչի կարևորության մասին, իսկ ես ներկայացնում էի տվյալներ և վիճակագրություն։ Օֆելյան պատմում էր, թե ամառային և ձմեռային մարզական խաղերն ինչպես են անցկացվում կրթահամալիրում, իսկ ես ներկայացնում էի կրթահամալիրի գործընկերներին այդ բնագավառներում։ Քանի որ ամբողջ ծրագիրն հասանելի է վերոնշյալում, ես միայն կընդգծեմ այն կետերը, որոնք ես շատ եմ կարևորում և որոնք իրենց ուրույն տեղն էին գրավել բաց հավաքի ժամանակ։

  • Մեզ մոտ (ամբողջ կրթահամալիրում) յուրաքանչյուր սովորող կարող է ընտրել իր սիրած մարզաձևը և ուսումնական շրջանի կամ տարվա ավարտին, իր կամքով պայմանավորված, փոխել այն։
  • 9-11-րդ դասարաններում որպես «Նախնական զինվորական պատրաստություն» պետական առարկայի այլընտրանք, ուսումնական պլանով պայմանավորված, գործում են ռազմամարզական ճամբարներ Գեղարքունիքի մարզի Արտանիշ և Վայոց ձորի մարզի Արատես բնակավայրերում։ Ռազմամարզական ճամբարների ընթացքում դասավանդվում են լող, առաջին բուժօգնություն, ռազմագիտություն, կազմակերպվում են վազք, քայլարշավներ, բարձունքի հաղթահարումներ, բնապահպանական միջոցառումներ։ Ես ինքս շատ եմ կարևորում հայրենագիտության և հայրենաճանաչության բաղադրիչը։
  • Քանի որ կրթահամալիրն ամառային և ձմեռային խաղերի անցկացման համար համագործակցում է պրոֆեսիոնալ կազմակերպությունների և մարզադպրոցների հետ, ուստի սովորողներն ունեն յուրահատուկ հնարավորություն իրենց դրևորելու և կրթվելու պրոֆեսիոնալ միջավայրում։
  • Կրթահամալիրում մեկ այլ ոչ պակաս կարևոր բաղադրիչ են կազմում մրցաշարերը, որոնք կազմակերպվում են շուրջ տարի։ Հատկանշական է, որ մրցաշարերը ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային մասշտաբով են։ Մրցաշարերի ընթացքում ի հայտ են գալիս նորանոր տաղանդներ և ապագա պրոֆեսիոնալ մարզիկներ։
  • Մարզադպրոցի 2024թ.-ի զարգացման նախագիծն էական և կենսական նշանակություն ունեցող բարեփոխում է։

Ընդհանուր առմամբ՝ բաց հավաքն անցավ արդյունավետ և պրոդուկտիվ։ Հյուրերը ևս ներգրավված էին քննարկման մեջ և տեղ-տեղ իրենց հուզող հարցերն էին ուղղում ներկայացնողներին։ Մենք նույնպես շատ տպավորված էինք և ուրախ, որ մեր կրթահամալիրը սովորողներին ընձեռում է եզակի կրթօջախներում հանդիպող այսքան մեծ հնարավորություններ։