Այս երկու շաբաթներն անցան ծանրաբեռնված։ Առօրեական հոգսերից, տնային աշխատանքներից և դեռ իրականացվող նախագծերից որոշ ժամանակով խուսափելու, լիցքաթափվելու, ինչպես նաև նոր էներգիա հավաքելու համար, որոշեցի մասնակցել գրքերի շնորհանդեսների։ Նախորդ շաբաթ օրը՝ փետրվարի 10-ին Դվին Մյուզիք Հոլում (Պարոնյան փող., 40 շենք) կայացավ NewMag հայտնի հրատարակչության ձմեռային փառատոնը, որի ժամանակ տեղի ունեցան չորս գրքերի շնորհանդեսներ։
NewMag-ի WinterFest 2024
- Անի Քոչար. «Կյանքը երկրորդ փորձից»
Ինչպես սիրել նորից և կրկին մայրանալ - Թովմաս Առաքելյան.
«Ճանապարհ» Զրույցներ Հայոց եկեղեցու մասին. խորհուրդ, ծես, սովորություն, թյուրընկալում ու սնահավատություն - Աստղիկ Սահակյան.
«Նախագծերի կառավարում» Գաղափարից մինչև արժեքի ստեղծում - Գոռ Կարապետյան. «Proակտիվ առաջնորդը»
Ինչպես ոգեշնչել, միավորել, փոխակերպել
NewMag-ի WinterFest 2024-ի օրակարգին և ծրագրին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղմամբ։ Որոշ նկարները՝ armhanq.com-ից։
Հատկանշական էր այն, որ սա սովորական գրքի շնորհանդես չէր, այն իսկապես մեծ միջոցառում էր, որը չավարտվեց միայն հեղինակների կողմից իրենց գրքերի բովանդակության հետ ծանոթացմամբ, այլ ուղեկցվեց նաև տարատեսակ այլ միջոցառումներով՝ համերգներով (Արցախի պետական ջազ նվագախումբ, Տավուշի թեմի մանկական երգչախումբ), քննարկումներով (Live Rearrange Նարեկ Ամիրխանյանի հետ), մոնոներկայացմամբ («Մի ցուրտ օր դժոխքում» մոնոդրամա) և այլն։ Ինձ դուր եկավ այն, որ ես այնտեղ հանդիպեցի իմ հին ու նոր ընկերներին, թե՛ դպրոցից, թե՛ ճամբարներից։ Իմիջայլոց, վերևի նկարում ես ու ընկեր Մարգարիտն ենք՝ իմ հայոց լեզվի և գրականության ուսուցիչը և պարզապես հիանալի անձնավորությունը, մենք պայմանավորվել էինք, որ միասին կլինենք այնտեղ։ Ուրախալի էր այն, որ ընկերներս կամավորներ էին և օգնում էին կազմակերպիչներին մոնիթորել հանդիպումներն ու քննարկումները, մի խոսքով՝ փառատոնը։
Ռուբեն Եսայանի «Վանականներն ունեն գաղտնիք» գրքի շնորհանդես

Հայտնի յութուբյան վիդեոբլոգեր, խմբագիր, սցենարիստ և պարզապես հաճելի մարդ Ռուբեն Եսայանի՝ երկրպագուների կողմից շատ երկար սպասված երկրորդ «Վանականներն ունեն գաղտնիք» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ երեկոյան՝ Մոսկվա կինոթատրոնում (Աբովյան փող., 18 շենք)։ Իրոք անսպասելի էր տեսնել այդքան մեծ թվով երկրպագուներ։ Նախորդ շնորհանդեսին, որին ես չէի մասնակցել, այսքան շատ մարդ չէր եկել, ամենաշատը՝ 1000 մարդ, ինչպես պնդում է հեղինակը։ Բայց այս շնորհանդեսին մասնակցում էին մոտ 5000 մարդ։ Պատկերացնել է միայն պետք, թե այդքան մարդն ինչպես է տեղավորվել փոքրիկ հրապարակում, այնուհետև՝ ավելի փոքր դահլիճում։ Եվ ի հեճուկս հեղինակների պատկերացումների և կանխատեսումների՝ տեղերը ոչ բոլորին բավարարեցին, շատերը հետևեցին գրքի շնորհանդեսին դրսից։ Ի դեպ, պետք է ասեմ, որ երեկ հենց ինքը՝ Ռուբեն Եսայանը հայտարարեց, որ 2-րդ անգամ կկազմակերպի նույն գրքի շնորհանդեսը, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան մասնակցել։ Նրա նախորդ գիրքը՝ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» 2023 թվականից մինչև օրս Հայաստանի ամենավաճառված գիրքն էր և հիմա էլ պահպանում է պատվավոր բեսթսելլեր անունը։
Ես այնտեղ բարեբախտաբար մենակ չէի, հանդիպել էի համադասարանցիներիս՝ Ամալյային ու Սեդային, որոնք ևս եկել էին մասնակցելու այս փառահեղ միջոցառմանը։ Ես շատ գոհ ու ուրախ էի, որ նմանատիպ միջոցառման մասնակից էի դարձել։ Եթե փորձենք համեմատել, ապա NewMag-ի WinterFest-ը պրոֆեսիոնալ կազմակերպիչների, հովանավորների կողմից կազմակերպած միջոցառում էր, սակայն այս մեկը, պետք է ասեմ, որ կազմակերպված էր մեծամասամբ երեխաների, դեռահասների, թրիլլեր և դետեկտիվ ժանրի գրքասերների և պարզապես Ռուբենի երկրպագուների համար։ Այստեղ, իհարկե, ևս կային հրավիրյալներ, որոնք իրենց սրտի խոսքն ասեցին վերջում, սակայն դա այնքան էլ չի փոխում իրավիճակը։ Շնորհակալ եմ Ռուբեն Եսայանին՝ նախ և առաջ իր տաղանդի, հետո արդեն մեզ՝ որպես հետաքրքրվողների, մասնակից երեխաներին՝ որպես երկրպագուների, անմոռանալի տպավորություններ և հիշողություններ պարգևելու համար։

Այսպիսով, շաբաթը հագեցած էր։ Անկեղծ ուրախ եմ, որ ձեռքիցս բաց չեմ թողել նման հնարավորությունները։ Շնորհանդեսների ժամանակ, ինչպես արդեն նշեցի վերևում, հանդիպեցի հին ու նոր ընկերներիս, ծանոթացա նոր մարդկանց հետ, ձեռք բերեցի նոր կապեր, որոնք հետագայում, վստահ եմ, օգտակար են լինելու։ Ես ամենաշատն ուրախացա այն բանից, որ այսքան մեծ թվով մարդիկ էին մասնակցում երկու միջոցառումներին։ Ես հպարտ եմ, որ այս բարդ շրջանում ունենք գրքասերներ, ընթերցասերներ, որոնք գրքեր կարդալով, կարծիք արտահայտելով, տպավորություններով կիսվելով, նպաստում են ոչ միայն իրենց աշխարհայացքի ու աշխարընկալման գիտելիքների զարգացմանը, այլ նաև շրջապատի։ Եվ հենց այդպես ենք մենք կարողանալու փոխել մեզ, հետո՝ մեր շրջապատը, հետո՝ երկիրը, հետո՝ աշխարհը։




