Երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հաստատման, դրանց բնականոն զարգացման և խորացման համար կարևոր դեր են խաղում պետությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների փոխադարձ այցելությունները։ Դրանց ընթացքում հաստատվում, ամրապնդվում են անձնական կապեր, տեղի են ունենում մտքերի փոխանակումներ, քննարկումներ, բանակցություններ, նախագծվում են աշխատանքային քարտեզներ, տրվում լուծումներ։ Արարողակարգային միջոցառումների շարքում բարձրաստիճան պատվիրակությունների այցերի կազմակերպման մանրամասներն անգամ գտնվում են հանրային հետաքրքրության և ուշադրության կենտրոնում, դրանք լայնորեն լուսաբանվում են նաև լրատվամիջոցների կողմից։

Բարձրաստիճան պատվիրակությունների այցերն իրենց տեսակներով և ձևաչափերով լինում են տարբեր։ Խոսելով ձևաչափերի մասին՝ կարելի է առանձնացնել դրանց հետևյալ խմբերը.

  • արտագնա կամ ներգնա,
  • ծրագրային, նախատեսված կամ չնախատեսված,
  • մեկ ուղղությամբ կամ տարածաշրջանային,
  • երկկողմ և բազմակողմ,
  • արտերկրյա կամ ներքին,
  • հրապարակային կամ գաղտնի։

Արտագնա կամ ներգնա։ Արտագնա այցերը բարձրաստիճան պատվիրակությունների՝ արտերկիր կատարվող այցերն են, որոնց ընթացքում կազմակերպվում են երկկողմ և բազմակողմ հանդիպումներ, ապահովվում է մասնակցություն՝ տարբեր քաղաքական, տնտեսական, մշակութային, սպորտային միջոցառումների։ Ներգնա այցերի դեպքում արդեն կարիք կա, որպես ընդունող կողմ, ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ժամանող պատվիրակությունների ընդունման և նրանց համար աշխատանքային անհրաժեշտ պայմանների ստեղծման համար։

Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ծրագրային, նախատեսված կամ չնախատեսված։ Ծրագրային այցերը տարվա կտրվածքով հայտնի այցերն են, որոնք իրականացվում են ամեն տարի, հաճախ՝ անգամ միևնույն ամիսների և շաբաթների ընթացքում։ Դրանք, հիմնականում, միջազգային կազմակերպությունների գագաթնաժողովները և այլ ձևաչափերով հանդիպումներն են, որոնց մասնակցությունը պայմանավորված է պետությունների՝ տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների անդամ հանդիսանալով և այդ կազմակերպությունների առջև ստանձնած պարտավորություններով։ Նման այցեր իրականացնում են պետությունների, կառավարությունների և արտաքին գերատեսչությունների ղեկավարները, երբեմն նաև՝ նրանց տեղակալները։

Նախատեսվող այցերը նախապես և առնվազն ամիսներ առաջ համաձայնեցված այցերն են արտերկիր։ Դրանք ամենամսյա կամ ծրագրային բնույթ չեն կրում և պարտադիր ժամանակացույց չունեն։

Չնախատեսված այցերը նախապես չծրագրավորված և օրակարգերում չամրագրված այցերն են, որոնց կազմակերպման անհրաժեշտությունը ծագում է՝ անկանխատեսելի հանգամանքներով պայմանավորված։ Նման դեպքերից կարող են լինել հրատապ բանակցությունների կամ միջնորդական առաքելությունների ծագման անհրաժեշտությունը և այլ քաղաքական, տնտեսական և անվտանգության հետ կապ ունեցող հրատապ հարցեր։

Մեկ ուղղությամբ կամ տարածաշրջանային։ Մեկ ուղղությամբ այցերը բարձրաստիճան պատվիրակությունների այցերն են մեկ կոնկրետ ժամանման երկիր։ Դա կարող է լինել ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված, այնպես էլ որևէ միջազգային կազմակերպության աշխատանքներին մասնակցելու համար։ Տարածաշրջանային այցն իր հերթին միևնույն աշխարհագրական գոտում կամ իրար համեմատաբար մոտ գտնվող մի քանի երկրներ այցելությունն է։ Դրանք, հիմնականում, կազմակերպվում են տվյալ ժամանակահատվածի և տարածության մեջ առավել նպատակային գործելու և մաքսիմալ արդյունավետություն ապահովելու նկատառումով։ Գաղտնիք չէ, որ հայաստանյան պաշտոնյաներն ամեն ամիս չէ, որ լինում են, ասենք, Լատինական Ամերիկայի կամ աֆրիկյան երկրներում։ Ուստի, լինելով այդ տարածաշրջանում, որպես կանոն, փորձ է արվում օգտագործել ընձեռված հնարավորությունը և լինել հնարավորինս շատ երկրներում, ունենալ հնարավորինս շատ հանդիպումներ, քննարկումներ։ Դրան նպաստում է, իհարկե, նաև հայկական ավանդական համայնքների ներկայությունը տվյալ տարածաշրջանի երկրներում։ Նույնը նաև հակառակը՝ բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակություններ այցելելով Հարավային Կովկասի որևէ երկիր, փորձում են լինել և հանդիպումներ ունենալ նաև մյուս երկրներում։ Սա միջազգային պրակտիկայում ընդունված և տարածում գտած գործելաոճ է։

Երկկողմ կամ բազմակողմ։ Այս բաժանումը, իհարկե, պայմանական է. տարբերությունը միայն նրանում է, թե բարձրաստիճան պատվիրակությունները մեկնում կամ ժամանում են այս կամ այն երկիր երկկողմ ձևաչափով հանդիպումների համար, թե՞ բազմակողմ։ Դրանք կարող են լինել գագաթնաժողովներ, մասնակցություն միջազգային կամ տարածաշրջանային կազմակերպությունների աշխատանքներին, տարբեր երկրների բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ այլ բնույթի միջոցառումներ։

Արտերկրյա կամ ներքին։ Արտերկրյա այցերը, ինչպես և հուշում է անվանումը, բարձրաստիճան պատվիրակությունների այցելություններն են արտերկիր՝ միջազգային հարաբերություններում երկկողմ և բազմակողմ ձևաչափով ներկայացվածություն և մասնակցություն ապահովելու նպատակով։ Պետությունների, կառավարությունների և խորհրդարանների ղեկավարները միայն այլ երկրներ չէ, որ այցելություններ են ունենում, նրանք իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս հաճախ են լինում իրենց երկրների տարբեր համայնքներում և քաղաքներում։ Այս դեպքն, անշուշտ, ավելի քիչ է առնչվում դիվանագիտական արարողակարգի հետ, այն ավելի ներքին, աշխատանքային է, սակայն արարողակարգի, անվտանգության և մամուլի ծառայությունների աշխատակիցների համար այս այցերն իրենց նախապատրաստական աշխատանքների ծավալով, աշխատատարությամբ և ժամանակատարությամբ քիչ են զիջում օտարերկրյա այցերին։

Հրապարակային կամ գաղտնի (բաց կամ փակ)։ Ասելով բաց կամ փակ, նկատի է առնվում հանրայնության աստիճանը, քաղաքացիների համար դրանց մասին տեղեկատվության հասանելիությունը։ Ցանկացած այցի ընթացքում հնարավոր է կազմակերպել փակ հանդիպումներ։

Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան պատվիրակությունների այցերի ձևաչափերը հետևյալն են:

  • Պետական այց
  • Պաշտոնական այց
  • Աշխատանքային այց
  • Մասնավոր այց
  • Անձնական հյուրի կարգավիճակով այց
  • Տարանցիկ այց

Պետական այցերը պետությունների կամ կառավարությունների ղեկավարների ամենաբարձր մակարդակի այցելություններն են Հայաստանի Հանրապետություն, որոնց վերագրվում է բացառիկ նշանակություն և ընդգծված հանդիսավորություն։ Դրանք իրականացվում են պաշտոնական հրավերների դեպքում, իսկ նախապատրաստական աշխատանքները սկսվում են դեռևս ամիսներ առաջ՝ երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և արտաքին գերատեսչությունների միջոցով։ Այցի ծրագիրը համաձայնեցվում է նախօրոք։

Պետական այցերի ընթացքում կազմակերպվում են հանդիպումներ ՀՀ բարձրագույն իշխանության բոլոր ներկայացուցիչների հետ՝ նախագահ, վարչապետ, Ազգային ժողովի նախագահ և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս։ Այդ հանդիպումները կազմակերպվում են առանձնազրույցների և ընդլայնված կազմով հանդիպումների ձևաչափերով, որպես կանոն՝ նշված հերթականությամբ։ Կազմակերպվում են նաև մամուլի ասուլիսներ։ Պետական այցի ընթացքում, որը նաև տևողությամբ ամենաերկարն է, բարձրաստիճան պատվիրակությունները Հայաստանում անցկացնում են երկու-երեք օր։ Պարտադիր կետ է նաև մայրաքաղաքից բացի մեկ այլ՝ երկրորդ քաղաք այցելությունը։ Կազմակերպչական մի շարք նկատառումներից ելնելով՝ դա առավել հաճախ լինում է Վաղարշապատ քաղաքը, որտեղ էլ բարձրաստիճան հյուրը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպում են ունենում Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։ Եղել են նաև այցելություններ այլ քաղաքներ, օրինակ՝ Գյումրի։

Հանրապետության նախագահը կամ վարչապետը, որպես կանոն, դիմավորում և ճանապարհում է բարձրաստիճան պատվիրակությանը օդանավակայանում, եթե ժամանում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետության, կառավարության ղեկավար, կամ ելնելով փոխադարձության սկզբունքից։ Մնացած դեպքերում, որպես կանոն, դիմավորում է ՀՀ ԱԳ նախարարը։ Եթե հյուրը ժամանում է կնոջ կամ ամուսնու հետ, ապա դիմավորող պաշտոնյան նույնպես լինում է տիկնոջ կամ ամուսնու հետ։ Դիմավորման արարողությանը հրավիրվում են ներկա լինելու նաև ՀՀ-ում տվյալ երկրի դեսպանը և ավագ դիվանագիտական անձնակազմը։

Դիմավորման և ճանապարհման հանդիսավոր արարողություններն ուղեկցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի քայլերթով և կատարումներով։ Հիմնականում կատարվում է երկու քայլերգ՝ «Նախագահական» կամ «Հոբելյանական»։ Զինվորական նվագախումբը կատարում է երկու երկրների պետական օրհներգերը։ Փոխադարձաբար միմյանց են ներկայացվում պատվիրակությունների անդամները։

Պետական այցերի ժամանակ նախատեսվում է նաև այցելություն Ծիծեռնակաբերդի բերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Ընդունված արարողակարգի համաձայն՝ բարձրաստիճան հյուրի գլխավորած պատվիրակությանն ուղեկցում են ՀՀ ԱԳ նախարարը, Երևանի քաղաքապետը, տվյալ երկրում ՀՀ դեսպանը, ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության ղեկավարը, ՀՀ պաշտոնատար այլ անձինք։ Նախքան ծաղկեպսակ դնելու և ծաղիկներ խոնարհելու արարողությունը՝ բարձրաստիճան հյուրը շրջայց է կատարում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարում պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Պաշտոնական այցն օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված այցելությունն է, որը պետական այցից տարբերվում է քաղաքական բովանդակությամբ, մասնակցության ձևաչափով և արարողակարգային միջոցառումների մակարդակով։ Պաշտոնական այցը կարող է տևել մեկից երկու օր։ Պաշտոնական այցի ընթացքում կազմակերպվում են հանդիպումներ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ։

Բարձրաստիճան պատվիրակությունների՝ պաշտոնական այցով ՀՀ ժամանելիս և մեկնելիս կազմակերպվում են դիմավորման և ճանապարհման հանդիսավոր արարողություններ։ Օդանավակայանում և հիմնական երթուղու մի քանի վայրերում նույնպես բարձրացվում են ՀՀ և ժամանող երկրի պետական դրոշները։ Դիմավորող ՀՀ պաշտոնյան նույն մեքենայով, որի վրա նույնպես ամրացվում են երկու երկրների պետական դրոշները, հյուրին ուղեկցում է մինչև կեցավայր կամ ծրագրով նախատեսված առաջին վայր։ Մնացյալ արարողակարգային նրբությունները նման են պետական այցին։ Նման այցերի ընթացքում կարող են շնորհվել պարգևներ և պատվավոր կոչումներ։ Ավանդաբար տեղի են ունենում նաև նվերների փոխանակումներ։

Աշխատանքային այցն օտարերկրյա պետությունների պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց որոշակի նպատակով այցելությունն է, մասնավորապես բանակցությունների, խորհրդակցությունների, միջազգային համաժողովների կամ նմանատիպ այլ միջոցառումների մասնակցելու, աշխատանքային հանդիպումներ անցկացնելու, ազգային ցուցահանդեսների բացման նպատակով կազմակերպվող այցերը։ Նման այցերը սովորաբար տևում են կարճ՝ մեկ, մեկ ու կես օր, հնարավոր է՝ անգամ ժամեր։ Դիմավորման և ճանապարհման հանդիսավոր արարողություններ չեն նախատեսվում։ Հնարավոր է նվերների փոխանակումը։

Մասնավոր այցն օտարերկրյա պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի այցելությունն է Հայաստանի Հանրապետության հանգստյան, բուժման, ինչպես նաև տվյալ պետության դեսպանի հրավերով կամ զբոսաշրջության նպատակով։ Նման դեպքերում արարողակարգային միջոցառումներ, պաշտոնական հանդիպումներ չեն նախատեսվում, սակայն ապահովվում են այցի համար անհրաժեշտ պայմանները։ Փոխհամաձայնությամբ կարող է տրամադրվել կեցավայր, փոխադրամիջոց, անվտանգություն։ Այցը, որպես կանոն, չի լուսաբանվում։

Անձնական հյուրի կարգավիճակով այցը պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի, իր հայաստանյան գործընկերոջ հրավերով այցելությունն է, որի ընթացքում կարող է նախատեսվել մասնավոր ծրագիր։ Արարողակարգային միջոցառումներ նույնպես չեն նախատեսվում։ Ի տարբերություն նախորդի՝ անձնական հյուրի կարգավիճակով այցերի կազմակերպման ժամանակ ավելի շատ է պետական մարմինների ներգրավվածությունը։ Հյուրին օդանավակայանում դիմավորում, ճանապարհում է հրավիրող պաշտոնյան կամ նրա ներկայացուցիչը, տրամադրվում է փոխադրամիջոց, կեցավայր, անվտանգություն։ Կարող են կազմակերպվել այցելություններ տարբեր պատմամշակութային վայրեր, գործարաններ (օրինակ՝ «Երևանի կոնյակի գործարան»), ուսումնակրթական հաստատություններ (օրինակ՝ «Թումո») և այլն։ Անձնական շփումների համատեքստում հնարավոր է նաև անդրադարձ քաղաքական թեմաների։

Տարանցիկ այցը պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի կարճատև այցելությունն է Հայաստանի Հանրապետություն՝ երրորդ երկիր մեկնելու նպատակով։

Այցի այս տեսակը թեպետ ամենակարճատևն է, սակայն կրում է առավել պաշտոնական բնույթ, քան, ասենք, վերջին երկու՝ մասնավոր և անձնական հյուրի կարգավիճակով այցերը։ Անկախ տարանցիկ այցի տևողությունից՝ օդանավակայանում բարձրացվում են երկու երկրների դրոշները, բարձրաստիճան պատվիրակության ղեկավարին դիմավորում են ՀՀ պաշտոնատար անձինք։ Ըստ անհրաժեշտության՝ տրամադրվում են փոխադրամիջոցներ և կեցավայր, ինչպես նաև անվտանգություն և ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր։

Օտարերկրյա պետության կամ կառավարության ղեկավարի պետական այցՂեկավար (ամուսին) + մինչև 10 ուղեկցող անձ
Օտարերկրյա պետության, կառավարության և խորհրդարանի ղեկավարի պաշտոնական այցՂեկավար (ամուսին) + մինչև 8 ուղեկցող անձ
Օտարերկրյա պետության, կառավարության և խորհրդարանի ղեկավարի աշխատանքային այցՂեկավար (ամուսին) + մինչև 6 ուղեկցող անձ
Օտարերկրյա պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի պաշտոնական այցՂեկավար + մինչև 4 ուղեկցող անձ
Օտարերկրյա պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի աշխատանքային այցՂեկավար + մինչև 2 ուղեկցող անձ
Միջազգային կազմակերպության ղեկավարի այցՂեկավար + մինչև 4 ուղեկցող անձ

Որոշ լուսանկարներ՝ ՀՀ վարչապետի և նախագահի պաշտոնական կայքերից։