
Չնայած, որ «Նավզիկե» ստեղծագործությունը նվիրված է եղել Մեծն գրողի երկու կանանց՝ Արփենիկին ու Իզաբելլային, ընթերցելով այն, մարդը չի հասկանա, թե գրողի պատկերացումներում ո՞վ է եղել Արփենիկը, ո՞վ՝ Իզաբելլան։ Իհարկե, բոլորս էլ լավ գիտենք բանաստեղծի՝ խճճված ու մեկ-մեկ անտրամաբանական շարունակություն ունեցող ստեղծագործություններ, պոեմներ գրելու ոճը, իմաստային կառուցվածքը, սակայն հենց «Նավզիկե»-ն է, իմ կարծիքով, հանդիսանում դրա ամենավառ օրինակը։ «Նավզիկե»-ն պատահականության սկզբունքով ընտրված անուն չէր։ «Նավզիկե» պոեմը (1936) Չարենցը գրում է կյանքի այդ դժվարին ժամանակներում: Պոեմն իր բանաստեղծական ոճով քնարական է: Հեղինակն այս պոեմը համարել է իր «ամենաչքնաղ երկը», և ինչպես արդեն նշեցի, նվիրել իր երկու կանանց՝ Արփենիկին և Իզաբելլային: Նավզիկեն փեակների արքա Ալքինոսի դուստրն էր: Դեպի Իթակե նավարկելիս նավաբեկության պատճառով ալիքները Ոդիսևսին նետում են փեակների կղզի: Նավզիկեն գտնում է կիսամեռ Ոդիսևսին, նրան ներկայացնում հորը, ինչից հետո պարզվում է Ոդիսևսի՝ ով լինելը, և արքայի օգնությամբ նա շարունակում է նավարկել դեպի հայրենիք:
Թվում է՝ սովորական, քնարական, դրամատիկական, սեր հայցող ու փնտրող տողերով ու նախադասություններով ստեղծագործություն է։ Եթե անկեղծ՝ այն ընթերցելիս ինքս էլ մեկ-մեկ ինձ հարց եմ տվել, թե ո՞րն է եղել նախորդում հնչած կնոջ կերպարի տարբերակը։ Հնարավոր չէ հիշել, թե քանի տարբեր տեսակներ է թվարկել Չարենցն իր ստեղծագործության մեջ, սակայն հնարավոր է հստակ ասել, որ ամեն մի կնոջ կերպար, որը Չարենցը ներկայացրել է ուրույն կերպով և որպես իդեալ, համապատասխանում է իր նախընտրած, սիրած, ինչպես նաև պատկերացրած կնոջ կերպարին։ «Նավզիկե»-ն Չարենցի հազար բանաստեղծություններից մեկն է, սակայն նույնիսկ հազար բանաստեղծություններով չի կարելի գոնե մոտիկ լինել «Նավզիկե»-ին, հասնել այն խորհրդին ու մտքին, իմաստին ու հոգու տենչանքին, որոնք արտացոլված են այնտեղ։
Ինչպե՞ս կարելի է հասկանալ «Նավզիկե»-ն։ Կարճ ասած՝ ոչ մի կերպ, եթե չես տիրապետում մարդկային արժեքներն ըստ արժանվույնի գնահատելու հմտությանը։ Բոլորս էլ կյանքի ընթացքում մեր գլխում, մտքում փոխել ենք ու շրջանառել կնոջ (նաև այլ բաների) կերպարներ, որոնք մեզ թվացել են իդեալ և որոնք եղել են շարժիչ ուժ՝ դրանց հասնելու համար։ Սակայն շաբաթների, ամիսների, տարիների ընթացքում այդ պատկերացումները փոխվել են։ Մենք ի սկզբանե պատկերացրած կաղապարին ավելացրել ենք տարատեսակ բաղադրիչներ, մտածել ենք՝ ի՞նչ կլիներ, եթե այդ կինը լիներ այսպես կամ այնպես և այսպես շարունակ։ Եվ այսօրվա մեր պատկերացրած կնոջ իդեալը չի համապատասխանում այն իդեալին, որը մենք պատկերացրել ենք, երբ առաջին անգամ մտածել ենք դրա մասին։
Չարենցի՝ իր համար իդեալական կնոջ կերպարին հասնելը եղել է շատ դժվար. նա փոխել է ճաշակ, փոխել է ոճ, փոխել է ընկալման ձև։ Մեկ նրա համար Նավզիկեն պետք է լիներ անեղծ կույս, մյուսում պետք է լիներ կարոտից կառչած արքայադուստր, մի տեղ պետք է լիներ ուրիշի երկրում դարձած թագուհի, մյուսում՝ անհետ կորած մի գեղեցկուհի և այսպես շարունակ։ Ի դեպ, դեպքերը, որոնք նկարագրվում են ծովի ափերին, կարմիր ավազներում կրկնում են այն տեսարանը, երբ փեակների կղզի ընկած Ոդիսևսը նավարկում է հայրենիք։
Ինձ համար կնոջ/աղջկա իդեալական կայուն կերպար չկա։ Ես ևս փոխել եմ տարբեր կարծիքներ, մտածել եմ՝ օրինակ, ի՞նչ կլիներ, եթե այդ աղջիկը չլիներ խելացի, գեղեցիկ, ուրախ, երջանիկ։ Մտածել եմ, թե ի՞նչ կլիներ, եթե ես նրա փոխարեն հանդիպեի ուրիշին, ինչպե՞ս կդասավորվեին նրա հետ իմ հարաբերությունները, արդյո՞ք ես նորից ու նորից կփոխեի կնոջ/աղջկա մասին իմ այն էլ անկայուն պատկերացումները։ Մինչև այսօր էլ չկա հստակ կերպար, դրանք փոփոխվող են։ Մեկ ես կցանկանամ, որ նա լինի բարձրահասակ, սիրուն, անմիջական, ընկերասեր ու քիչ նեղացող, մեկ՝ որ ինձ հետ մի քիչ խիստ լինի, ինձ բացատրի, ինձ հետ խոսի և այլն։ Հետաքրքիրն այն է, որ ես իսկապես կցանկանամ տեսնել մի կնոջ/աղջկա մեջ մի քանի կերպարներ, մարդկային փոխհարաբերություններում դրսևորվող ինձ համար հաճելի հատկանիշներ։ Պետք է ասեմ, որ էգոիստ չեմ, հարգում եմ նաև դիմացինի ճաշակն ու մտածելակերպը։
Այսպիսով, «Նավզիկե» ստեղծագործության հիմնական միտքը հետևյալն էր. չկա որևէ կնոջ կայուն կերպար, որին մարդը ցանկանում է ձգտել։ Աշխարհը փոխվում է, հետևաբար՝ մարդիկ նույնպես։ Ուստի այս թեման միշտ էլ լինելու է արդիական, առօրեական ու միշտ էլ լինելու է քննարկման ու բանավեճի առարկա։ Մենք պետք է պարզապես սովորենք, որ այսօր մենք ուրիշ մարդ ենք, վաղը՝ լրիվ ուրիշ։ Սակավաթիվ մարդիկ կան, ովքեր պահպանում են իրենց հին մտքերն ու պատկերացումները, սակայն իրենք էլ ժամանակ առ ժամանակ փոխվում են։ Մի խոսքով՝ յուրաքանչյուր նկարագրված կերպար դա նույն սկզբնական կերպարն է, պարզապես նրան ավելացել են նորանոր բաղադրիչներ, հավելումներ՝ նոր պատկերացումների ու մտորումների արդյունքում։