Ք. ա. I դար։ Փոքր Ասիայի տարածքում բախվել են երկու խոշոր պետությունների շահերը՝ Հռոմեական հանրապետության և Պոնտոսի թագավորության։ Պոնտոսի թագավորության դաշնակից էր Փոքր Ասիայի հարավային մասում գտնվող Մեծ Հայքը։ Ք. ա. 95թ. այս պետության առաջնորդն է դառնում Տիգրան II-ն, ով գալով գահին սկսում է վերահսկվող տարածքների ակտիվ ընդլայնում։ Արդյունքում, մինչև Ք.ա. 70թ. նրան հաջողվում է ներառել իր պետության մեջ Ծոփքը, Ատրպատականը, Կիլիկիան, Սիրիան և Փյունիկիան։ Տիգրան II-ն ակտիվորեն չի մասնակցել Պոնտական թագավորության և Հռոմեական հանրապետության միջև առճակատմանը, քանի որ զբաղվում էր իր պետության ընդլայնմամբ՝ հարավարևելյան ուղղությամբ։ Ք.ա. 74թ. Պոնտոսի թագավոր Միհրդատը սկսում է երրորդ պատերազմը Հռոմեական հանրապետության դեմ։ Սկզբնական փուլում նա հաջողություն է ունենում, սակայն 72թ. գարնանը պարտություն է կրում հռոմեական զորքերից, որոնք և ստիպում են նրան փախչել իր փեսայի՝ Տիգրան II-ի մոտ։
Հռոմեացիները սուրհանդակներ են ուղարկում հայոց թագավորի մոտ՝ պահանջելով հանձնել Միհրդատին, և երբ Տիգրան II-ը մերժում է հռոմեացիների պահանջը, նրանք սկսում են նախապատրաստվել Հայոց թագավորության դեմ ռազմական գործողությունների։ Ք. ա. 70թ. գարնանը հռոմեական բանակը Լուկուլլոսի հրամանատարությամբ սկսում է շարժվել դեպի Հայոց թագավորության մայրաքաղաք Տիգրանակերտը։ Քանի որ Տիգրան II-ը չէր սպասում հռոմեական զորքերի նման արագ առաջխաղացմանը, նա ժամանակ չուներ միջոցներ ձեռնարկելու՝ իր մայրաքաղաքը պաշտպանելու համար։ Հռոմեական բանակի առաջխաղացումը կանխելու համար նրա մոտ է ուղարկվում մի փոքրաթիվ բանակ՝ Միթրոբարզանեսի հրամանատարությամբ։ Կարճ ճակատամարտից հետո հռոմեացիները ջախջախում են Միթրոբարզանեսին։ Իմանալով այս մասին՝ Տիգրան II-ը թողնում է իր մայրաքաղաքը և սկսում բանակ հավաքել։ Հռոմեական զորքերը, չհանդիպելով դիմադրության, հասնում են Տիգրանակերտ և սկսում են քաղաքի պաշարումը։ Տիգրանակերտն ի սզկբանե կառուցվում էր որպես մայրաքաղաք և հագեցած էր բազմաթիվ հզոր պաշտպանողական ամրություններով։ Եվ հենց այդ պատճառով հռոմեացիները չունեին արագ հարձակման շնորհիվ այն տիրապետելու հնարավորություն։ Մինչ հռոմեացիները պաշարում էին Տիգրանակերտը, Տիգրան II-ը կարողացավ հավաքել բավականին մեծաքանակ զորք և շարժվեց օգնության՝ մայրաքաղաքի պաշտպաններին։ Հասնելով իր մայրաքաղաք՝ նա տեղակայեց իր զորքը բլրի վրա և սկսեց կայանալիք ճակատամարտի նախապատրաստումը։ Հռոմեացի պատմագիր Ամիանոսը գրում է, որ Հայոց թագավորը, բլրից նայելով հռոմեական բանակին, ասաց, որ «եթե նրանք սուրհանդակներ են, ապա շատ են, իսկ եթե թշնամիներ են, ապա շատ քիչ են»։ Այսպիսով, Տիգրան II-ը, գիտենալով իր զորքի գերազանցությունը, վստահ էր հռոմեացիների հանդեպ հաղթանակի։ Միհրդատը, ով նախկինում ստիպված բախվել էր հռոմեական լեգեոնների հետ, չէր կիսում նման ինքնավստահությունը։ Նա առաջարկում էր իր բարեկամին շրջապատել հռոմեական զորքերը, զրկելով նրանց սննդից, և սպասելով մինչև նրանք կթուլանան, ջարդել նրանց։ Սակայն Տիգրան II-ը մերժում է Միհրդատի ծրագիրը և որոշում է բաց կռվի մեջ մտնել հռոմեացիների հետ։
Ք. ա. 69թ. հոկտեմբերի 6-ին սկսվեց հակամարտություն հռոմեական և հայկական զորքերի միջև։ Հակամարտող կողմերը տեղակայվել էին Նիկիֆորիա գետի տարբեր ափերում։ Լուկուլլոսը, իմանալով հակառակորդի քանակային գերազանցության մասին, որոշեց կիրառել ռազմական հնարամտություն։ Լուկուլլոսի հրամանատարության ներքո գտնվող գալլիական հեծելազորը ճակատային հարձակում է սկսում հայկական զորքի վրա։ Բախվելով հայկական հետևակի առաջին շարքերի հետ՝ այն, կարճ բախումից հետո, սկսեց կեղծ նահանջ։ Հայկական հետևակը, որոշելով, որ հակառակորդը փրկվում է փախչելով, սկսեց հետապնդումը, ինչի հետևանքով նրա շարքերը վերադասավորվեցին։ Այդ ժամանակ Լուկուլլոսի լեգեոններն անցան գետը և զբաղեցրին զրահապատ հայկական հեծելազորի թիկունքում գտնվող բարձրությունը։ Հարձակման ազդանշան ստանալով՝ նրանք հարձակվեցին ոչ մի բան չկասկածող հեծելազորի վրա՝ ստիպելով նրան նահանջել։ Այնուհետև հռոմեացի լեգեոներները հարձակվեցին հայկական բանակի թևի վրա։ Հռոմեական հետևակի ջախջախիչ հարվածը շփոթություն առաջացրեց հայկական բանակի շարքերում, որոնք սկսեցին փախչել։
Տիգրան II-ը՝ Միհրդատի հետ միասին, նույնպես շտապ լքեց մարտադաշտը, որպեսզի չգերեվարվի հռոմեացիների կողմից։ Տեղեկանալով հայկական բանակի պարտության մասին՝ հույն վարձկանները ապստամբեցին և բացեցին Տիգրանակերտի դարպասները հռոմեացիների առաջ։ Բացի բուն քաղաքից, հռոմեացիները ստացան նաև արքայի ամբողջ գանձարանը։ Տիգրանակերտի գրավումից հետո՝ հռոմեական բանակը շարժվեց դեպի Արտակսատ (Արտաշատ) քաղաք, որը Հայոց թագավորության երկրորդ մայրաքաղաքն էր։ Քաղաքի մոտակայքում հռոմեացիները հանդիպեցին Տիգրան II-ի կողմից հապճեպ հավաքված բանակին։ Ճակատամարտի արդյունքում հայկական բանակը ջախջախվեց, իսկ հռոմեացիները փորձեցին գրոհել քաղաքը։ Հարձակումն ավարտվեց անհաջող, և Լուկուլլոսը որոշեց նահանջել՝ միաժամանակ գրավելով Մծբին քաղաքը: Նահանջից հետո հռոմեական բանակում ձգձգվող արշավից դժգոհ զինվորները սկսեցին խմորվել, ինչը թույլ չտվեց Լուկուլլոսին շարունակել ակտիվ ռազմական գործողությունները։ Դրանից օգտվեց Տիգրան II-ը, ով կարողացավ նոր բանակ հավաքել և սկսեց հարվածներ հասցնել հռոմեական ընդարձակ կոմունիկացիաներին՝ դժվարացնելով զորքերի մատակարարումը։ Այնուհետև նա փորձեց վտարել հռոմեացիներին Կապադովկիայից: Նրան ընդառաջ դուրս եկավ մի բանակ՝ Ֆլավիոսի հրամանատարությամբ, ով որոշեց ճակատամարտը սկսել՝ չսպասելով Լուկուլլոսի հրամանատարության տակ գտնվող հիմնական ուժերի ժամանելուն։
Այս ճակատամարտում բախտը Տիգրան II-ի կողմն էր. նա կարողացավ ջախջախել հռոմեացիներին։ Լուկուլլոսը, իմանալով Ֆլավիոսի բանակի պարտության մասին, ցանկանում էր շարժվել Տիգրանին ընդառաջ, բայց նրա զորքերը հրաժարվեցին արշավի գնալ։ Ք. ա. 68թ. հռոմեական բանակի հրամանատարությունը Տիգրանի և Միհրդատի դեմ պատերազմում վստահվեց Գնեոս Պոմպեոսին։ Նա սկսեց ակտիվ ռազմական գործողություններ Միհրդատի դեմ, ով մի շարք լուրջ պարտություններից հետո ստիպված եղավ փախչել Բոսֆորի թագավորություն, որտեղ և ի վերջո ինքնասպան եղավ։ Տիգրանը, զրկվելով իր հիմնական դաշնակցից, չկարողացավ շարունակել պատերազմը։ Ավելին, երբ հռոմեացիները մտան Հայոց թագավորության տարածք նրանց կողմն անցավ Տիգրան II-ի որդին՝ Տիգրան Կրտսերը։
Ստեղծված իրավիճակից ելնելով՝ մ.թ.ա. 66թ. Տիգրան II-ը պայմանագիր կնքեց Պոմպեոսի հետ, ըստ որի՝ Սիրիան, Կիլիկիան և նախկինում հայերի կողմից նվաճված մի շարք տարածքներ անցնում էին հռոմեացիների վերահսկողության ներքո։ Նաև Հայոց թագավորությունը պարտավոր էր վճարեր 6000 տաղանդի չափով փոխհատուցում։ Սրա դիմաց Հայոց թագավորությանը տրվեց հռոմեացի ժողովրդի բարեկամի և դաշնակցի կարգավիճակ, որն ապահովում էր պաշտպանություն պարթևների հարձակումներից։ Սրանով ավարտվեց պատերազմը։
Իսկական (ռուսերեն) տեսանյութը դիտեք հղմամբ.