Այսօր՝ մարտի 1-ին, «Հասարակագիտական ամենամյա բաց ստուգատես 2024»-ի շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» հետազոտական վարժարանում, հասարակագիտական մասնախմբի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր հանդիպում-քննարկում, որին մասնակցում էր «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ, սպարապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայր Արամ Սարգսյանը։

Հանդիպման թեման՝ 2008 թվական մարտի 1. հարձակում ժողովրդի և ժողովրդավարության վրա

Այս հանդիպումը հատկանշական էր նրանով, որ մասնակցում էին ոչ միայն հետազոտական վարժարանի հետաքրքրված, այլև երկրորդ մայրաքաղաք Գյումրու թիվ 45 դպրոցից մեզ հյուր եկած սովորողներն ու դասավանդողները։ Արամ Սարգսյանը մեր կրթահամալիրի ամենասպասված հյուրերից մեկն էր, և այսօր մեզ՝ բոլորիս, հնարավորություն ընձեռվեց իր հետ քննարկելու մարտիմեկյան դաժան իրադարձությունները։

Ամենասկզբում Արամ Սարգսյանը ողջունեց մեզ և մաղթանքներ հղեց՝ մարտի, հետևաբար՝ գարնան գալու կապակցությամբ, այնուհետև՝ պատմեց մարտիմեկյան իրադարձություններն ականատեսի աչքերով։ Ի դեպ, հարց հնչեց, թե արդյո՞ք «Հարձակում ժողովրդի ու ժողովրդավարության վրա» վերնագիրը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ «լիովին համապատասխանում է, և ուրիշ ավելի ճշգրիտ վերնագիր չի էլ կարող լինել»։ Համառոտ ներկայացումից հետո, սովորողները հարցեր ուղղեցին «Հանրապետություն» կուսակցության նախագահին։

Ես, հարցերի պատասխանները լսելով զուգահեռ, շատ կարևոր արձանագրումներ և նշումներ եմ արել, որոնք մեր այսօրվա թերևս աղոտ պատկերացումներին կարող են տալ նոր երանգ, մտորումների նոր ուղղություն։ Պիտի լինեմ անկեղծ՝ մարտիմեկյան դեպքերի մասին շատ-շատ էի լսել, սակայն բավականաչափ տեղեկացված չէի։ Բայց և մեկտեղ, վերջին շրջանում տեսնելով անմարդկային ու դաժան վերաբերմունքի արտացոլման եզակի կադրերն ու դրվագները, ինչպես նաև այսօր լսելով իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ խոշտանգումներ անելու անհերքելի փաստերը դեպքերի հենց ականատեսից, վստահաբար կարող եմ պնդել, որ գոնե բավարար չափով պատկերացում ու կարծիք ունեմ մարտիմեկյան իրադարձությունների մասին։ Կարծում եմ՝ ներքոհիշյալ արձանագրումներն ու նշումները (տեսակետերը) կարևոր դեր կխաղան նաև ընթերցողի՝ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ծագած դեպքերը ճիշտ ըմբռնելու և վերլուծելու կարողության համար։

Ժամանակի իշխանության տեսակետը1

  • Անկարգությունները տեղի ունեցան մայրաքաղաք Երևանում և կազմակերպվեցին նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների և ընդդիմության այլ առաջնորդների կողմից՝ իշխանության բռնի զավթման նպատակով։
  • Պատճառը Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում ընտրվելն էր։
  • Իրադարձությունների հետևանքով զոհվեցին 10 անձ (2 ոստիկան, 8 քաղաքացիական) և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ։
  • Արդյունքում՝ ուժային կառույցների կողմից ընդդիմության կազմակերպած հակաիշխանական զանգվածային գործողություններն ու անկարգությունները ճնշվեցին, մայրաքաղաքում հայտարարվեց արտակարգ դրություն, 10 անձ սպանվեց, անկարգությունների բազմաթիվ մասնակիցներ ձերբակալվեցին։
  • Թերևս ամենակարևոր արձանագրությունը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ցուցարարներին ֆիզիկական բռնության ենթարկելու համար Հայաստան էին բերվել Արցախի Պաշտպանության բանակի զորքեր, քանի որ Երևանի ոստիկանությունը դժկամություն էր հայտնել նման գործողությունների դիմելու հրահանգին։

Արամ Սարգսյանի տեսակետը

  • Ուժի կիրառումը բացարձակ ճիշտ որոշում չէր։ Ըստ Արամ Սարգսյանի՝ եթե չլինեին հավաքները ճնշող գործոններ, ապա նրանք գնալով մարելու էին, և կարիք չէր լինելու սրել ժողովուրդ-իշխանություն հարաբերությունները։
  • 2018թ. հեղափոխության հենքը 2008թ.-ի մարտի 1-ն էր։
  • 2021թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպվեցին՝ հին իշխանություններին հետ չբերելու համար։
  • Ցավոք, մարտի մեկն անխուսափելի էր։
  • Ժողովուրդն ընտրեց ժողովրդավարությունը։
  • Լևոն Տեր-Պետրոսյանի սկզբունքը պետությանը հոգատարությամբ ու խնամքով մոտենալն էր։

Ես հնարավորություն ունեցա հարց բարձրացնելու։ Հանդիսանալով երկրապահի մասնիկ՝ հարցս վերաբերում էր Երկրապահ կամավորականների միության գործառույթին. «Ինչպիսի՞ գործառույթ ունեցավ Երկրապահ կամավորականների միությունը մարտիմեկյան իրադարձություններում»։ Արամ Սարգսյանն ասաց, որ երկրապահներն ունեցել են կարևորագույն գործառույթ, ապահովել են տարեց նախագահի թեկնածուի, ինչպես նաև Ազատության հրապարակում հավաքված մարդկանց անվտանգությունը։

Այսպիսով, ես բազմիցս իմ խոսքում նշել եմ, որ նմանատիպ հանդիպումները միմիայն արդյունավետ են։ Ինչ-որ իրադարձության մասին ճշգրիտ կամ գոնե իրականությանը մոտ պատկերացում կազմելու համար պետք է այդ հարցով դիմել ականատեսներին, վկաներին, մասնակիցներին։ Արամ Սարգսյանն իրենցից մեկն էր, ով թե՛ վկա էր, թե՛ մասնակից, թե՛ ականատես։ Եվ ես շատ ուրախ եմ, որ հանդիպման արդյունքում և՛ ես, և՛ հետաքրքրված այլ անձինք կարողացան թարմացնել ու մեծացնել մարտի մեկի դեպքերի մասին իրենց գիտելիքների պաշարը։ Շնորհակալ եմ Պրն. Սարգսյանին ժամանակ գտնելու և հանդիպում-քննարկմանը մասնակցելու համար, շնորհակալ եմ ավագ դպրոց-հետազոտական վարժարանին՝ հանդիպում-քննարկումը նախաձեռնելու համար։