Գարնանային արձակուրդների ժամանակ (մարտի 27-29) ավագ դպրոց-հետազոտական վարժարանի պատմության, ֆիզիկայի և մաթեմատիկայի ընտրության խմբերով ուղևորվում ենք բնության անթառամ կանաչով պատված Իջևան։

Ճամփորդության պատասխանատուներ՝ Սամվել Թամազյան, Թորգոմ Սիմոնյան, Գոհար Իսկանդարյան

Մեկնում՝ 27.03, ժամը՝ 09:20 (Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից)

Վերադարձ՝ 29.03, ժամը՝ 18:00

Նպատակը՝

  • Ճանաչողական քայլարշավներ,
  • Այցելություն կրթական և երիտասարդական կենտրոններ,
  • Հայրենագիտական,
  • Կրթական փոխանակման ծրագրով համագործակցություն Թեղուտի միջնակարգ դպրոցի հետ։

Երթուղին՝

  • Մեկնում՝ Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան
  • Վերադարձը՝ Իջևան-Դիլիջան–Սևան-Երևան

Անհրաժեշտ իրերի ցուցակին, նախահաշվին և ամեն օրվա մանրակրկիտ օրակարգին կարող եք ծանոթանալ ընկեր Սամվելի բլոգում։

Ճամփորդության հայրենագիտական կանգառները՝

  • Սևանավանք,
  • Հաղարծինի վանական համալիր,
  • Իջևանի պատմամշակութային կոթողներ,
  • Մակարավանք,
  • Աղստև և Գետիկ գետերի միաձուլման հատված,
  • Թաքնված ջրվեժ։

Հետաքրքիր վկայություններ Սևանավանքի մասին

Եկեղեցիներից մեկի վրա հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ Սևանավանքը հիմնադրվել է արքայադուստր Մարիամի կողմից՝ 874 թվականին: Սևանավանքը հայտնի է նաև «Մարիամաշեն» անունով, այսինքն՝ «Մարիամի կողմից կառուցված»։

Լեգենդի համաձայն՝ Մաշտոց Եղվարդեցի անունով մի վանական, ով Սևանավանքում տասը տարի ապրել էր որպես ճգնավոր (հետագայում կաթողիկոս է ձեռնադրվել), երազ է տեսնում, որտեղ 12 առաքյալները գալիս են նրա մոտ և կարգադրում իրենց անունով եկեղեցի կառուցել Սևանա լճի կղզու վրա:

Սևանավանք, Գեղարքունիք, Հայաստան

Մաշտոցն իր երազը պատմում է Մարիամին, որը խոստացել էր երեսուն եկեղեցի կառուցել՝ ի պատիվ իր հանգուցյալ ամուսնու: Արքայադուստրը տպավորվում է վանականի պատմությամբ և նախաձեռնում համալիրի Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին եկեղեցիների կառուցումը:

Դժբախտաբար, 1931-ին Սուրբ Աստվածածին Եկեղեցու քարերն օգտագործվել են որպես շինանյութ՝ կղզում հանգստյան տուն կառուցելու համար։

Հետաքրքիր վկայություններ Մակարավանքի մասին

Հիմնադրվել է 12րդ դարում։ Պատմում են, թե այս վանքի շինարարներն էին Մակար անունով վարպետն ու իր մինուճար որդին: Որդին քար էր տաշում գյուղում, նախշում, իսկ հայրը շարում էր:  Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից: Նա գիշերում էր վանքի կիսատ պատերի վրա, որովհետև հնարավոր չէր իջնել այնտեղից, քանի դեռ չէր ավարտվել շինությունը:

Մակարավանք, Ծռվիզի վանք, Հաղարծին, Սևանավանք | Positive Day

Օրերից մի օր Մակար վարպետը նկատում է, որ քարերը չեն բռնում իրար, նախշերն էլ ինչ-որ այն չեն: Վերևից հարցնում է, թե ինչ է պատահել որդուն: Պատասխանում են, որ նա հիվանդ է: Պահանջում է թեկուզ հիվանդ, բերեն ի տես: Չեն բերում: Մակարը գլխի է ընկնում, որ որդին այլևս չկա: Վանքի գագաթից իրենց ցած է նետում ու մահանում: Վանքը մնում է կիսատ և մինչև հիմա էլ կիսատ է: Մակար վարպետին թաղում են նրա շինած վանքի պատի տակ, անունն էլ դնում Մակարավանք:

Ակնկալիքներ, սպասվող նախագծեր …

Իմիջիայլոց, նպատակների և առաջին օրվա օրակարգի մեջ է մտնում այցելությունը Թեղուտի միջնակարգ դպրոց, որտեղ, անշուշտ, դպրոցականների հետ կարելի է իրականացնել տարատեսակ կրթական փոխանակման ծրագրեր, մասնավորապես՝ «Սովորող-սովորեցնող», «Լաբորատորիաների կահավորում», «Այլընտրանքային պատմություն», ինչպես նաև կազմակերպել տարատեսակ քննարկումներ, բանավեճեր, խոսակցություններ տարբեր թեմաների շուրջ (սոցիալական, կրթական, քաղաքական, պատմական)։ Կարևոր եմ համարում նաև ուխտագնացությունները։ Ինչպես նկատեցիք, վանական համալիրներ և եկեղեցիներ մեր այցելությունները բազմաթիվ են։ Եվ դա ևս մեկ առավելություն է մեր պատմությունն ու մշակույթն ավելի լավ ճանաչելու և հասկանալու։ Վստահ եմ, որ ճանապարհին ևս ունենալու ենք տարատեսակ ուսումնական կանգառներ։

Մինչև մեկնումը ճամփորդող խմբով ունենալու ենք հավաք-հանդիպումներ, որոնց ժամանակ քննարկելու ենք կատարվելիք նախագծերը, ծրագրերը, այցելությունները։

Երկու նախապատրաստական հանդիպումներ՝

  • Մարտի 20-ին, ժամը 13:00-13:30
  • Մարտի 26-ին, ժամը 11:50-12:35

Անկեղծ ասած՝ անհամբեր սպասում եմ մեր ճամփորդությանը և լիահույս եմ, որ ունենալու ենք շատ հետաքրքիր, արդյունավետ, նոր գիտելիքներով ու տպավորություններով հագեցած ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ (թերևս Տավուշի) Իջևան։