- Կառավարության ջրային տնտեսության ոլորտի քաղաքականությունը նպատակաուղղված է բնակչությանը խմելու ջրի մատակարարման (ջրամատակարարման) ու ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) և ոռոգման ջրի մատակարարման հուսալի, կայուն, անվտանգ և մատչելի ծառայությունների ապահովմանը, ոլորտում իրականացվող բարեփոխումների զարգացմանը:
Չնայած որ շատ աշխատանքներ են կատարվել Սևանի, տարբեր գետերի, ջրամբար-լճերի ջրերը մաքրելու, բնակչությանը մաքուր ջուր մատակարարելու, ինչպես նաև կոյուղաջրերի հոսքի հետ առնչվող խնդիրները լուծելու ուղղությամբ, միևնույնն է՝ ժամանակը մեր օգտին չի աշխատում, իսկ թե՛ Սևանի և թե՛ մյուս գետերի ու լճերի ջրերը գնալով նվազում են (կան բացառություններ)։ Օրինակ են հանդիսանում Սևանի ավազանում կառուցված և՛ օրինական և՛ ապօրինի շենք-շինությունները, որոնք բացի այն, որ խաթարում են բնականոն էկոլոգիական զարգացումը, նաև ազդում են շրջանի աղտոտմանը (կոյուղաջրեր, աղբ, սանիտարական նորմերի խախտում և այլն)։ Թվում է, թե բոլոր ջրամատակարար ու ջուր սնուցող ավազաններն ունեն նույն խնդիրները, սակայն ինքս կարող եմ պնդել, որ երևանյան լճում իսկապես իրականացվում են էկոլոգիական տեսքը, ֆլորան ու ֆաունան վերականգնելու աշխատանքներ ու ծրագրեր1։ Նաև, ըստ Երևանի քաղաքային իշխանության ծրագրի՝ նախատեսվում է ափամերձ զբոսանքի ու հանգստի գոտու կառուցում, որը ևս իրականացման փուլում է։

Մի դիտարկում ևս. վերջին ամիսներին ինձ հաջողվեց լինել Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում, որտեղ կար ջրասնուցման ու ջրամատակարարման խնդիր։ Բնակիչներն ահազանգում էին, որ ջուրը հասանելի է լինում ընդամենը մի քանի ժամով, չնայած այն բանին, որ բնակավայրը տեղակայված է շատ հարմար աշխարհագրական դիրքում։
էջ 50, կետ 3, ենթակետ 3
- ապահովել Սևանա լճի ավազանում ներկայում գործող կեղտաջրերի մաքրման 3 կայաններից արտանետվող կեղտաջրերի ամբողջական մաքրման իրականացումը՝ համատեղելով շրջակա բնակավայրերի ամբողջական կոյուղացումը և տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից կեղտաջրերի մաքրման լոկալ կայանների և սարքավորումների տեղադրման համապատասխան պայմանների ստեղծումը,
Ինչ վերաբերում է կեղտաջրերի մաքրմանը, ապա աշխատանքներն, իրապես, տարվում են, սակայն դրանք, օբյեկտիվ կարծիքով, բավարար չեն։ Սևանա լճի ավազանում ներկայումս գտնվում են թե՛ ապօրինի, թե՛ օրինական շինություններ, որոնք առանց համապատասխան թույլտվության (որը չպետք է լինի) արտանետում են կեղտաջրերը մայր լիճ։ Սևանա լճի ավազանում կան բազմաթիվ հյուրանոցներ, հյուրատներ, շենք-շինություններ, տներ, ձկնորսական շինություններ և այլն։ Ջրի մակարդակի և՛ նվազման, և՛ բարձրացման դեպքում, նմանատիպ շինություններն էկոհամակարգի գործունեության խթանման համար դառնում են պատնեշ ու խոչընդոտ։ Կայանների մասով շատ բան հայտնել չեմ կարող, քանի որ բավարար ուսումնասիրություն չեմ իրականացրել։ Սակայն գիտեմ, որ դրանք երեքն են՝ Վարդենիսի, Սևանի, Լճաշենի։ Ի հեճուկս բնակիչների՝ այդ կայանները չեն աշխատում։ Ըստ կառավարության խոստումի՝ պետք է կառուցվեին. չնայած որ կառուցվել են, սակայն չեն աշխատում։ Հատկանշական է, որ պետական բյուջեյում կայանների սպասարկման, շահագործման ապահովման մասին հիշատակում չկա, բայց դրա փոխարեն կա մեկ այլ կետ, ըստ որի՝ կարելի է բյուջեյով նախատեսված այլ գումարներով կառուցել կամ վերանորոգել կայաններն ու շահագործել։
էջ 76, կետ 2
- Սևանա լճի էկոհամակարգային հավասարակշռության և կենսաբազմազանության պահպանումը, վերականգնումը, վերարտադրումը, բնականոն զարգացումն ու խելամիտ օգտագործումը,
Իսկապես, որ ունենք խելամիտ կառավարման անհրաժեշտություն։ Ցավոք, նախորդող իշխանությունների անհեռատես քաղաքականության պատճառով այսօր ունենք, կարելի է ասել, օրհասական խնդիր։ Սևանա լճի էկոհամակարգի վերակենդանացման համար ինքս տեսել եմ բազում ծրագրեր ու աշխատանքներ, որոնք տարվում են, սակայն, միևնույնն է ժողովրդի ու հասարակության, ինչպես նաև ավազանի մոտակայքում հյուրատների, հյուրանոցների, տարատեսակ շինությունների սեփականատերերի ու տնտեսվարողների որոշակի անտարբերության մակարդակը չի նվազում։ Թեկուզև ամենապարզ օրինակը բերեմ՝ ձկնագողությունը։ Հետաքրքրական է, որ Ճապոնիայի պես ծովամթերքի ու ձկնաբուծության արտադրությամբ զարգացած երկիրն այնքան էժան չի վաճառում ապրանքը, ինչքան Հայաստանը։ Բոլորս էլ գիտենք, որ իշխանը թերևս միայն Սևանում է բնակվում և հենց այստեղից է աշխարհի տարբեր ծայրեր արտահանվում։ Բայց նույն դեպքն էլ այստեղ է դիտվում. մարդիկ անտարբեր են նույնիսկ այն ժամանակ, երբ ձվադրման շրջանում ձկնագողությամբ են զբաղվում։ Ըստ իս՝ ձկնորսությունն ու ծովամթերքն ինչ-որ չափ ավելի թանկ ու համեմատաբար այլ մթերքների հետ փոքր-ինչ քիչ հասանելի պիտի լինեն։
էջ 49, կետ 1
- Իրականացվելու են «Արփա-Սևան» թունելի վթարային առանձին հատվածների հիմնանորոգման աշխատանքները, որոնց շնորհիվ ապահովվելու է թունելի հուսալի և անխափան շահագործումը: Դա կնպաստի Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացմանը և կապահովի Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռումը։
Այս կետը ևս ավարտված չէ։ «Արփա-Սևան» թունելը կառուցվել է դեռևս Կարեն Դեմիրճյանի ղեկավարման ժամանակներում, սակայն մինչ օրս էլ չնայած խախտումներով ու խափանումներով, բայց աշխատում է։ Այնուամենայնիվ, ինչքան էլ քիչ տեղեկացված լինի մարդը, անզեն աչքով կարող է տեսնել, որ այդ թունելը ոչ միայն չի վերանորոգվում, այլ մի հատ էլ ավելի է վնասվում։ Խողովակները ժանգոտված են, տեղ-տեղ ընդհանրապես չկան։ «Արփա-Սևան» թունելը ԽՍՀՄ-յան դարաշրջանի ու իմ կարծիքով նաև մեր դարի կառուցապատման ու ճարտարապետության յուրահատուկ գործ է, կարելի է ասել՝ անհավատալի ու անհնար գործ, քանի որ այն կառուցվել է սեղմ ժամկետներում, բայց շահագործվել և շահագործվում է երկարուձիգ տարիներ։ Եվ ըստ իս՝ կարևոր է նրա անհապաղ վերանորոգումը։