Առաջին անգամ չէ, որ շոշափում ենք այս թեման։ Տարբեր առիթներով ու պատճառներով բոլորս էլ ունեցել ենք հնարավորություն գեթ մեկ անգամ քննարկել այս թեման՝ «միայնակ եմ արդյո՞ք ես այս մեծ աշխարհում, թե՞ ոչ»։ Թվում է՝ անծայրածիր ու դատարկ տիեզերքի մի անկյունում մեկուսացած երկիրն իր բնույթով միայնակ է, իսկ միայնակ է արդյո՞ք երկիրը ներսում։

Բազմաթիվ մարդիկ իրենց կյանքում ունեցել են միայնակության զգացողություն, իրենց պատկերացրել են լքված ու դավաճանված ամբողջ մարդկության կողմից։ Մենակության պահերին բնական է մեզ շրջապատող աշխարհից կտրվածության զգացում ունենալը, ինչն արդյունքում հանգեցնում է «ես միայնակ եմ այս աշխարհում» զգացողությանը: Այնուամենայնիվ, ավելի խորը խորհրդածության դեպքում կարելի է պարզել, որ միայնակ լինելը պարտադիր չէ, որ հավասարվի միայնության:

Ըստ իս՝ մենակությունն ընկերության մեջ մխիթարություն ու սփոփանք, ինչպես նաև անշահ աջակցություն ու ոգեշնչում չգտնելու կամ կորցնելու արդյունքն է ու հետևանքը։ Իսկ ինչո՞ւ է դա այդպես։ Ընդհանրապես, մարդիկ ձեռք են բերում կյանքի ընկերներ այն բանի համար, որ չլինեն միայնակ, քանի որ հակառակ դեպքում իսկապես ամբողջ աշխարհը լինելու է նրանց դեմ։ Մարդիկ, դժբախտաբար, երբեմն-երբեմն կատարում են սխալ ընտրություն և երկար-երկար մտորումներից հետո հասկանում են իրենց՝ դիմացինին արագ, նույնիսկ ակնթարթների ընթացքում վստահելու, անընդհատ ու անդադար օգնելու և դիմացինից ոչ մի փոխադարձ օգնություն չակնկալելու սխալը։ Բայց ամեն ինչ այնքան էլ բացասական տրամադրության ներքո չէ, ինչպես թվում է, լինում են նաև դեպքեր, երբ մարդն ընտրում է այնպիսի ընկերներ, ովքեր մինչև կյանքի վերջ իր կողքին են, հավատարիմ իրեն ու իր սկզբունքներին։

Վերադառնալով այն մտքին՝ թե «ես այս աշխարհում միայնակ եմ», պետք է ասեմ, որ ես ինքս միայնակ ինձ չեմ համարում, քանի որ արդեն իսկ համոզվել եմ, որ մտերիմ ընկերների դավադրաբար դավաճանությունից ու անձիս հանդեպ անխիղճ պահվածքից այն կողմ կան լավ ու բարի, խելացի ու հասկացող մարդիկ, ովքեր իրոք որ պատրաստ են լինել ամուր պատնեշ յուրաքանչյուր փորձության առջև։ Չեմ ցանկանա, որ միտքս հնչի շատ փիլիսոփայական, բայց միայն կասեմ, որ ես, ինչքան էլ որ տարիքս փոքր է համեմատ ավելի փորձառուների, կարծում եմ, որ ներկայիս որոշ շփումներն ու հարաբերությունները, փոխադարձ վստահությունն ու հավատարմությունն իմ և ուրիշների միջև, վաղ, թե ուշ ևս հասնելու է իր տրամաբանական և մեկտեղ անսպասելի ավարտին։ Իսկ ինչ վերաբերում է աշխարհում միայնակ լինելուն, ապա, ըստ էության, բոլորս էլ միայնակ ենք, սակայն տարբերությունն այն է, թե ով ավելի շատ է միայնակ, ով՝ քիչ։