Առաջադրանք 50

- Ամպհովանի — ամպհովանոց, հովանոց
- Անշնորհք — շնորհքից զուրկ
- Թովչանք — տիրող՝ հափշտակող՝ գերող ազդեցություն
- Ընդարձակ — մեծ տարածություն ունեցող՝ գրավող ընդգրկող, լայնածավալ, լայնատարած, լայնարձակ
- Տարկետում — որոշակի ժամկետով որևէ բանի հետաձգում
- Տարադրամ — տարբեր երկրների արժույթ
- Տարրալուծել — ամբողջը իր բաղկացուցիչ մասերին բաժանել՝ գիտական հետազոտության նպատակով
- Հովվերգություն — բանաստեղծական ժանր
- Հովեկ — ամառանոցավոր
- Լուսատտիկ — փոքրիկ բզեզ, որ մութ տեղը լույս է տալիս
- Ընդդիմախոս — մեկի կարծիքին՝ տեսակետին ևն հակառակ խոսող
- Այբբենարան — այբուբենի ուսուցման դասագիրք
- Հովհար — ձեռքի փոքրիկ գործիք՝ իրեն հով անելու՝ զովացնելու համար
- Հովար — գլխարկի առջևի մասից կիսաշրջանաձև առաջ ձգվող մաս, շքոցիկ
- Հեղեղատ — հեղեղի փորած անցք, այն տեղը, որով հեղեղը ճեղքել-անցել է
- Ամպագոռգոռ — ամպի նման գոռացող
- Սիգապանծ — վեհություն ու վայելչություն արտահայտող
- Սրախողխող — սրով խողխողված՝ խոցված՝ հարվածված
- Փողկապ — կտորի ժապավեն, որ օձիքի շուրջը փաթաթվելով հանգուցվում Է առջևի մասում
- Փոխօգնություն — փոխադարձ օգնություն
- Քաղցրահնչյուն — քաղցրալուր, քաղցրաձայն
- Փողք — վարտիքի՝ անդրավարտիքի այն մասը, որ հագնում են ոտքին
- Գործուղում — այլ վայր մեկնելու հետ կապված պաշտոնական գործ և դրա կատարումը
- Անուղղակի — ոչ ուղղակի, ոչ անմիջական, կողմնակի
- Բնօրրան — որևէ բանի առաջացման՝ ձևավորման նախնական տեղը, հայրենիք, օրրան
- Վարդգես — տղամարդու անուն
- Բանբեր — գիտական ժողովածու՝ տեղեկագիր, լրաբեր
- Հոգեվարք — մահվան տագնապ, հոգին ավանդելու՝ մեռնելու րոպեները
- Գերեվարել — գերի վերցնել, գերի տանել
- Ոսկևորել — ոսկեզօծել, ոսկեզարդել, ոսկեջրել
- Երթևեկել — երթևեկ կատարել՝ անել, գնալ-գալ
- Տարեվերջ — տարվա վերջին օրը, շրջանը
- Կարկաչյուն — կարկաչելու ձայնը
- Կարկաչուն — կարկաչող, խոխոջող, խոխոջուն
Առաջադրանք 51


Արևոտ առավոտ էր։
Բարկ արևը հուր կրակ էր թափում, հրածին ցոլքերը դառնում էին ոսկեզօծ մշուշ և իջնում դաշտ ու այգու վրա։
Չորս բոլորն ամենուր գույների խաղ էր՝ դեղին-կանաչ կրակներով, խորքում՝ խոխոջուն առուների կանչ ու կարկաչը, ու արև՜, հուրհեր ու ազատ արև, որից պայթել-բացվել էր հողը, քարը՝ ճաքել-ճաքճքել։
Անտես-անհայտ մշուշն աննկատելիորեն մաղվում էր Արարատյան դաշտի վրա ու գնում կորչում հուռթի այգիների մեջ։ Մեղմօրոր հովիկը տարուբերում էր ծառերի զմրուխտ սաղարթները։ Արևազօծ այգեստաններից լսվում էին պար բռնած մեղուների միօրինակ բզզոցը, ծառից ծառ թռչող խուռներամ թռչունների ճիչ-ճռվողյունը։
Նորոգված մայրուղու երկու կողմերում դեմհանդիման շարված վեհաշուք առանձնատները՝ կառուցված կարմիր-վարդագույն տուֆից, նայում են Սարդարապատի հուշարձան-համալիրին։
Գյուղի շուրջբոլորն անծիր-անծայր այգիներ են՝ մրգերով ծանրաբեռ ծառերով, որ գլուխ գլխի տված ըմբոշխնում են վաղորդայնի քնքշությամբ առլեցուն հուր-հրեղեն արևի ջերմությունը։
Կիրակնօրյա այդ առավոտյան իննսուներկու տարեկան Գրիգորը, ձեռնափայտին կռթնելով, ծանրումեծ գնում էր դեպի Սարդարապատի բարձունքը՝ պղտոր հայացքն ուղղած դեմ-դիմաց շարված քարեղեն արծիվներին։ Տաքացնող մի հոսանք էր անցնում նրա ցամաքած երակներով, և անցած-գնացած օրերի կարոտը թրթռում էր մարող-մարմրող հիշողության ծալքերում։ Գնում էր նա ծերունական դողդոջուն քայլերով և օրվա վայրկյանների հետ խառնիխուռն հուշերի կծիկն էր քանդում հավաքում՝ սրտի խորքում զգալով վաղուց ի վեր իրեն հանգիստ չտվող մորմոքը։
Նա մի պահ փակեց հոգնած աչքերը, և նրա կոպերի տակ մեկենիմեկ պարզորոշ նկարվեցին անցած-հեռացած օրերի ցաքուցրիվ պատկերները. հիշեց էրգրի արևոտ առավոտները, հայրենի գյուղը, իրենց գետի ծալ-ծալ կոհակները՝ լի ձկների վտառներով, ու այդ վերհուշից նրա սիրտը տակնուվրա եղավ։
Ծերունին լուռումունջ ու հանդիսավոր մոտեցավ քարե արծիվներին, ջերմորեն համբուրեց քարերն ու հետ-հետ գնաց։ Արծիվների թիկունքից հեռու հեռվում՝ բաց կապույտ մշուշի մեջ, երևում էր Հայկական պարը։ Ծեր ալաշկերտցին մերթընդմերթ նայում էր հեռավոր լեռներին, և նրա մշուշված հայացքը սահում անցնում էր լեռներն ի վեր, այնտեղ փնտրում-որոնում բարձրաթռիչ արծիվներին, բայց չգտնելով՝ նորից գալիս դեմ էր առնում քարակերտ թռչուններին, ու կարոտից փշուր-փշուր էր լինում նրա հոգին։