Մարտի 18-ին՝ Ջրի համաշխարհային օրվա առիթով, համագործակցային նախագծով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հյուրընկալել էր UWC-ի հայաստանյան մասնաճյուղի՝ Դիլիջանի սաներին ու կազմակերպիչներին։ Հանդիպման օրակարգին, ընթացակարգին, ինչպես նաև ցուցադրություններին կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ ավագ դպրոց-հետազոտական վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանի բլոգում։ Պետք է ընդգծեմ, որ նախագիծն իրականացվում էր էկոլոգիայի դասընթացի շրջանակներում և նպատակ էր հետապնդում ցույց տալու հասարակությանը, թե ինչպիսի բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային խնդիրներ կան ներկայումս։ Օրակարգում էին հետևյալ կարևոր կետեր-ներկայացումները.
- Ջրի պահպանությունը/Դիլիջանի միջազգային դպրոց/
- Կառավարության 2021-2026 ծրագրի և իրականության համեմատական/PPT/ Դավիթ Մուրադյան/
Ամենասկզբում մենք՝ մեր նախագծային խմբով, որի մեջ ներառված էին սովորողներ Լևոն Վարդանյանը, Միքայել Շվագիրը, Սեդա Ստեփանյանը և ես, դիմավորեցինք և ընդունեցինք մեր գործընկերներին և ուղեկցեցինք ավագ դպրոցի ընթերցասրահ, որտեղ պետք է կայանար կլոր սեղան-քննարկումը։
Իմ նոր ընկերը՝ քենիացի Քրիստիան Մաբոկոն ներկայացրեց ջրի խնդիրն Աֆրիկայում, խոսեց տվյալների ու վիճակագրության մասին։ Հետաքրքիրն այն էր, որ մեր ընկերները միջազգային դպրոցից կազմակերպել էին խաղ, որը մենք մեծ հաճույքով խաղացինք։ Սկզբից բաժանվեցինք երեք թիմերի, որոնք ներկայացնում էին կառավարությունը, կազմակերպությունները և ժողովրդին՝ հասարակությանը։ Խաղի նպատակն էր պարզել, թե ինչպես կարելի է լուծել Աֆրիկայի անապատներում կորած Ումոջա գյուղի քաղաքական-տնտեսական հարցերը։ Խաղի վերջում երկու թիմերը ներկայացրին լուծման տարբերակներն ու առաջարկները, իսկ կառավարությունը որոշեց ամեն կերպ աջակցել, ֆինանսավորել և օգնել Ումոջա գյուղի և հարակից բնակավայրերի բնակիչներին։
Երկրորդ մասում ելույթով հանդես եկա ես և ներկայացրի արդեն տարածաշրջանային մասշտաբով բնապահպանական խնդիրները, մասնավորապես՝ Սևանա լիճն ու նրա ավազանը։ Կենտրոնացա Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի Ջրային տնտեսության մասին բաժնի վրա, փորձեցի ներկայացնել խնդիրները, լիարժեք կատարման խոչընդոտներն ու պատնեշները, ինչպես նաև առաջարկվող լուծման տարբերակները։ Հյուրերը հավանեցին ներկայացումը և իրենց երախտիքի խոսքը հայտնեցին նման հետաքրքիր, արդյունավետ, ուսուցողական քննարկման կազմակերպման համար։
Վերջում կցանկանամ ընդգծել, որ ես ու մեր համադասարանցիները ձեռք բերեցինք նոր ընկերներ ու շրջապատ, ի դեմս՝ UWC Դիլիջանի դպրոցի օտարազգի սովորողների ու կազմակերպիչների։ Հույս ունեմ՝ փոխադարձ այցերի թիվը կմեծանա, իսկ համագործակցությունը՝ կընդլայնվի։ Շնորհակալություն ուշադրության համար։










