Այսօր՝ մարտի 20-ին, հետազոտական վարժարանի Հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիայում տեղի ունեցավ հերթական հետազոտական աշխատանքների պաշտպանությունը։ Այսօրվա պաշտպանողներն էին ավագ դպրոցի տարատարիք աշակերտները։ Սովորողներին և իրենց թեմաներին կարող եք ծանոթանալ ստորև՝

Երկիր Նայիրի, Վահան Տերյան | Կարդացեք Vlume-ում

Առաջին սովորողը՝ Վահե Մուսայելյանը, որպես հետազոտական աշխատանքի թեմա ընտրել էր Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» վեպը։ Նշեմ, որ հետազոտական աշխատանքի ղեկավարը միջին դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արև Ներսիսյանն էր։ Սովորողը պատմեց, թե ինչպիսի մոտիվներ են առկա վեպում, ինչպիսի ապրումներ ունի հեղինակը, ինչպես է դրսևորվում բուն հայրենասիրությունը, ինչպիսին է հայի ցավը և տեսլականը։ Նա նաև կիսվեց իր սեփական համոզմունքներով հայրենասիրության վերաբերյալ։ Կարևոր շեշտադրում արվեց «Մայր-կին-տուն-հայրենիք» միասնությանը։ Սովորողը, մեջբերելով հեղինակին, հետաքրքիր միտք արտահայտեց. «ինչպես կվերադառնայիր հայրենիք, այնպես էլ՝ մոր գիրկը»։ 12-րդ դասարանի սովորողը պատմեց նաև, թե ինչպես է գրվել «Նվարդ և Շամիրամ» ստեղծագործությունը. երբ Գորկու հրավերով Տերյանն ուղևորվում է Ռուսաստան, նրան ռուս հեղինակը, ի հեճուկս հրավերի թվացյալ իրական նպատակի, առաջարկում է շարունակել ստեղծագործել ռուսերեն լեզվով, ինչի պատճառով արժանանում է Տերյանի զայրույթին։ Գրախոսը կարևորեց հայրենասիրության մասին մեջբերումները, նշեց, որ աշխատանքն ավարտուն տեսք ունի։

Այնուհետև իր հետազոտական աշխատանքը ներկայացրեց 11-րդ դասարանի սովորող Նարե Վարդանյանը, ով որպես թեմա ընտրել էր «Օբլոմով» վեպը։ Ըստ նրա՝ վեպում դրսևորվում են իներցիայի թեմաները՝ և՛ ավանդական արժեքների, և՛ Ռուսաստանի նորակազմ հասարակության ճեպընթաց զարգացող շերտերը։ Այսուհանդերձ՝ Օբլոմովի խորացված անգործության վիճակն էական խոչընդոտ է հանդիսանում անձնական կյանքի և երջանկության համար։ «Օբլոմով» վեպը ցույց է տալիս անգործություն, անվճռականություն, որոշումների և գործողությունների մշտական հետաձգում, խուսափում։ Սովորողը նշեց նաև, որ ընտանեկան փոխհարաբերություններում Օբլոմովն ու Շտոլցը տարբերվում էին. եթե Շտոլցին դաստիարակում էին, կրթում, սովորեցնում աշխատել, ապա Օբլոմովի համար առանցքային էին սնունդն ու քունը։ Իվան Գոնչարովի «Օբլոմով» վեպը ցույց է տալիս պասիվ գոյության հետևանքների խորը ուսումնասիրությունը։ Աշխատանքն իրականացվել է սիրով։ Ղեկավարն էր ավագ դպրոց-հետազոտական վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սոֆյա Այվազյանը։ Կարևոր է ընդգծել, որ սովորող-ուսուցիչ ջերմ հարաբերությունների, քննարկումների և խորհրդակցությունների արդյունքում է ծնվել «Օբլոմով» վեպը կարդալու, վերլուծելու միտքը։

The Vietnam war story – Cherries – A Vietnam War Novel

Երրորդը 11-րդ դասարանի սովորող Նարե Ղազարյանն էր, ով ուսումնասիրել էր Եվրոպայի հետպատերազմյան հասարակությունները։ Հետազոտական աշխատանքի ղեկավարն էր Սոֆյա Այվազյանը։ Սովորողը պատմեց բուն պատերազմների, նրանց տարբերությունների, կործանարար հետևանքների մասին։ Խոսվեց նաև ամենակարճ՝ Զանզիբարի պատերազմի մասին, որը տևել է ընդամենը 38 րոպե։ Աշխատանքի գլուխներից էին նացիզմը և ֆաշիզմը, պատերազմի մեկնարկը, սոցիոլոգիական տեսակետները, ենթագլուխներից՝ Մեծ Դեպրեսիան, որի հիմնական հետևանքներից էին գործազրկությունը, աղքատությունը, տնտեսական ճգնաժամը և այլն։ Համաձայն սովորողի վերլուծությունների՝ Երկրորդ համաշխարհային պատերազմը կարելի է համարել պատերազմ՝ ճգնաժամի պատճառով։ Ճգնաժամերն ու պատերազմները պահանջում և ստեղծում են առաջնորդներ։ Կարևորվում և գնահատվում էին հայրենասեր, ազգանվեր, անձնուրաց առաջնորդները, որոնցից մեկը դարձավ Ավստրիայում ապրած ու կրթված, և՛ ֆաշիստական, և՛ նացիստական հայացքներ ունեցող Ադոլֆ Հիտլերը։ Անդրադարձներ կատարվեցին նաև պատմական և վիճահարույց պայմանագրերին, հայտնագործություններին և գյուտերին, որոնցից ամենահայտնիներից էին արյան պլազմայի փոխներարկումը և, իհարկե, համակարգիչները։ Հետաքրքիր միտք հնչեց, թե՝ «պատերազմը սոցիալական թերի ինստիտուտ է, որի նպատակն է վրեժխնդրությունը, հեղինակության կուտակումը»։ Անշուշտ, ղեկավարի դերը շատ բան է փոխում, և այս թեման ևս դարձավ այդ բյուրավոր թվով աշխատանքների հերթական գոհարը։ Գրախոսն աշխատանքն համարեց հաջողված և ստացված։

Չորրորդ սովորողն Իռեն Խանզրադյանն էր՝ 10-րդ դասարանի աշակերտը։ Որպես ապագա մանկավարժ և ձեռներեց՝ նա ընտրել էր «Մոնթեսորիի մանկավարժությունը» թեման։ Նա շատ կարևոր կետեր նշեց, թե ինչպե՞ս է պետք, իրականում, դաստիարակել երեխաներին։ Մարիա Մոնթեսորիի մեթոդը լիովին համապատասխանում է մարդասիրական մանկավարժության պահանջներին, և դրա կիրառումը նախադպրոցական կրթության մեջ թույլ կտա ուսուցանել երեխաներին՝ առանց երեխայի անձի նկատմամբ բռնության: Կարևոր է, որ հետազոտական աշխատանք իրականացնողը, բացի տեսականից, աշխատել է նաև գործնական ուղղությամբ, այցելել է տարբեր մանկապարտեզներ, հետևել սաների և երեխաների վարքագծին, ինքնուրույնության դրսևորումներին։ Մարիա Մոնթեսորիի գործունեությունը կրճատ ներկայացնելու համար, կարելի է հիշել մի երեխայի խոսքերն՝ ուղղված մանկավարժին՝ «օգնի՛ր ինձ սա ինքնուրույն անել»։ Ի դեպ, այս խոսքերը դարձան նաև Մոնթեսորիի մանկավարժության խորհրդանիշը։ Աշխատանքն իրականացված էր սիրով ու մեծ նվիրումով, ինչպես նաև ղեկավարի՝ Սոֆյա Այվազյանի անգնահատելի օգնությամբ և աջակցությամբ։

Եվ այսպիսով, հետազոտական աշխատանքների պաշտպանության հերթական օրը մոտեցավ ավարտին։ Շնորհակալություն սովորողներին հետաքրքիր, ուսուցողական, օգտակար աշխատանքների համար։ Շնորհակալություն ուշադրության համար։

Լուսանկարները՝ Նարե Ղազարյանի