Հասարակագիտական ստուգատեսի շրջանակներում հետազոտական վարժարանի 11-րդ դասարանի պատմության ընտրությամբ դասընթացի սովորողներից Աշոտ Խաչատրյանը կազմակերպեց և վարեց ուսումնական բաց պարապմունք, որի գլխավոր թեման էր «Ուինսթոն Չերչիլը և նրա գործունեությունը»։
Նախագծին կարող եք ծանոթանալ ավագ դպրոց-հետազոտական վարժարանի պատմության ուսուցիչ Արմեն Ոսկանյանի բլոգում, իսկ ուսումնական բաց պարապմունքի օրակարգին՝ հղմամբ։


Ներկաները կարևորեցին այն, որ հետազոտություն-ուսումնասիրությունը լոկ ակադեմիական չէր, այսինքն՝ չէր ներկայացնում միայն իր բուն, խիստ դասակարգված գործունեությունը, այլ ինտերակտիվ էր ու հետաքրքրաշարժ։ Սովորողները սիրով ունկնդրում էին Աշոտին, ով ոչ պակաս նվիրումով ու սիրով ներկայացնում էր իր աշխատանքը։

Աշոտը խոսեց Չերչիլից՝ որպես Մեծ Բրիտանիայի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ղեկավարած առաջնորդից, վարչապետից։ Պատմեց, թե ինչպես է նա ընդունվել ժողովրդի կողմից, ինչպիսի քայլերի է դիմել, որպեսզի Մեծ Բրիտանիան շահած դուրս գա պատերազմից ու հնարավորինս քիչ կորուստներ ունենա։ Խոսվեց նաև այն մասին, թե ինչպես է Ուինսթոն Չերչիլը՝ իբրև պատմական դեմք, ընդունվել իր իսկ ժողովրդի կողմից համաշխարհային պատերազմից հետո։
Ես գնահատեցի այն, որ ուսումնասիրության մեջ կային նաև հետաքրքիր դրվագներ հենց Չերչիլի կյանքից, օրինակ՝ այն, որ նախկին վարչապետը շատ էր սիրում հայկական կոնյակ, և այդ սիրո պատճառով էլ հայկական արտադրության տնօրենը, որն արտաքսվել էր երկրի հեռավոր ծայրամասեր, կարողացել էր վերականգնվել իր աշխատանքային պաշտոնում։ Մենք նաև տպավորված էինք այն պատմությամբ, երբ համաշխարհային պատերազմի շեմին կանգնած Մեծ Բրիտանիայում հասարակության մեջ պատերազմական գործողությունների մեջ ներգրավվելու կարծիքները կիսվում էին, և այդ ժամանակ Ուինսթոն Չերչիլը փորձում էր կարծիքներ հավաքել մարդկանցից՝ իրենց իսկ հետ շփվելով։

Այսպիսով, վստահաբար բաց դասն անցավ բովանդակալից, հետաքրքիր ու արդյունավետ բոլորիս համար։ Լիահույս եմ, որ յուրաքանչյուրս կարողացել ենք նոր գիտելիք քաղել դասից։ Բաց պարապմունքի վերջում հետաքրքրված ուսուցիչներն ու սովորողները հարցեր ուղղեցին Աշոտին, որից հետո Պրն. Տիգրանյանն ամփոփեց նախագիծը։ Շնորհակալություն ուշադրության համար …