Նախորդ շաբաթ՝ մարտի 27-29-ը Հասարակագիտական ստուգատեսի շրջանակներում պատմության 10-րդ դասարանի ընտրության խմբի նախաձեռնությամբ (խմբի ղեկավար՝ Սամվել Թամազյան) մեկնել էինք ուսումնահայրենագիտական ճամփորդության դեպի Հայաստանի հյուսիս՝ Տավուշի մարզի Իջևան քաղաք և հարակից շրջաններ։ Ճամփորդությանը միացել էին նաև ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչներ Գոհար Իսկանդարյանն ու Թորգոմ Սիմոնյանը։
Պետք է նշեմ, որ ճամփորդությունն իրոք ստացված էր, քանի որ երկու-երեք ծանրաբեռնված օրերի ընթացքում մենք այնքա՜ն բան էինք հասցրել անել, որ նույնիսկ վերջում չէինք էլ հավատում, թե ինչպես է մեզ հաջողվել փոքր-ինչ հանգիստներ ունենալ աշխատանքների ընթացքում։
Ուսումնահայրենագիտական ճամփորդության նախապատրաստական աշխատանքին կարող եք ծանոթանալ հղմամբ։
Իսկ բուն նախագծին, նրա օրակարգին և մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Սամվել Թամազյանի բլոգ:
Օր I. Սկիզբ
Մարտի 27-ին՝ չորեքշաբթի օրը, ժամը 9:30 մասնակից-սովորողներն արդեն կազմ-պատրաստ կանգնած էին ավտոբուսի առաջ՝ դեպի նորանոր բացահայտումներ։ Մոտավոր ժամը 9:40 մենք շարժվեցինք։ Ամենասկզբից պետք է շնորհակալություն հայտնենք մեր վարորդին՝ ընկեր Աֆոյին, ով ոչ միայն մեզ անվտանգ հասցրեց նշանակման վայր ու ետ բերեց քաղաքամայր Երևան, այլև ամբողջ ճամփորդության ժամանակ եղավ անբաժանելի ու հավատարիմ ավագ ընկեր, ով պատրաստ էր ցանկացած պահին խորհուրդ տալ, զվարճալի պատմություններ պատմել, օգնության հասնել։
Չհասկանալով, թե ինչպես անցան ժամերը՝ մենք արդեն առաջին կանգառում էինք՝ Սևանավանքում։ Այնտեղ բացվում էր մի հիանալի, աննկարագրելի գեղեցիկ տեսարան դեպի Գեղամա ծովը, նույն ինքը՝ Սևանա լիճը։ Մենք, ցավոք, այնտեղ քիչ մնացինք, սակայն կարողացանք պատկերացում կազմել տեղանքի, պատմության մասին։ Հետաքրքրական է, որ Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչն է հենց այս եկեղեցու հիմնադիրը։
Հաջորդ մեր կանգառը Հաղարծինի վանական համալիրն էր։ Հաղարծին անվան ծագումնաբանության հետ կապված կա մի գեղեցիկ ավանդազրույց։ Համաձայն ավանդազրույցի՝ վանքի օծման արարողության ժամանակ գլխավոր եկեղեցու գմբեթի վրա մի արծիվ է ճախրել, և դրանով վանքը հայտնի է դարձել որպես խաղացող արծվի վանք։ «Հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին»՝ արծիվ։ Այստեղից էլ առաջացել է Հաղարծին բառը։ Հաղարծինի վանքն ունի չորս եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։
Մենք շրջեցինք վանական համալիրի տարածքում, ծանոթացանք ճարտարապետության, մշակույթի և պատմության հետ։ Հաղարծինի հոգևոր հովիվ Տեր Թորգոմը մեզ պատմեց Սբ. Ստեփանոս Նախավկայի պատմությունը։ Այն մի քրիստոնյա մարդու մասին էր, ով ամբողջ պատմության մեջ առաջինն էր, ով անմեղ նահատակվել էր հավատքի համար։ Վանահայրը պատմեց նաև արևային ժամացույցի մեխանիզմի, որը փակցված էր Սբ. Ստեփանոս եկեղեցու հետնամասում, Աստվածաշնչի և հայերի ու ոչ միայն՝ քրիստոնեության վերաբերյալ տեղ-տեղ թյուր ընկալումների մասին։
Հաղարծինի վանական համալիրի մուտքի առջև կա հետիոտնային արահետ, որը տանում է դեպի Թաքնված ջրվեժ։ Ճանապարհն, իհարկե, երկար էր, սակայն բոլորս էլ լցված էինք ակնկալիքներով Թաքնված ջրվեժի մասին։ Այսպիսով, մենք ճամփա ընկանք և երկարուձիգ, ոլոր-մոլոր արահետն հաղթահարելուց հետո մեր առջև բացվեց գետի մի հիասքանչ տեսարան, որը մեզ ուղեկցեց մինչև ոչ պակաս հիասքանչ Թաքնված ջրվեժը։
Այն հնամյա քարերի ու կռացած ծառերի սաղարթների մեջ կորած մի դրախտավայր էր։ Ջրվեժն իսկապես թաքնված էր քարերի հետևում, և միայն որոշ ճանապարհ անցնելուց հետո կարողացանք տեսնել այն։ Կարծում եմ՝ լուսանկարները պատմում են մեր զգացողությունների մասին։
Նորանոր բացահայտումներով լեցուն և պարզապես ծանրաբեռնված օրվա միայն երեկոյան մենք հասանք Իջևան, որտեղ գնումներ կատարեցինք տեղի խանութներից, նոր ծանոթություններ ձեռք բերեցինք ժողովրդի շրջանակներում։ Խանութներում շրջելուց հետո մենք գնացինք մեր իջևանատուն, որտեղ և պլանավորել էինք գիշերել։ Այն ևս մի հետաքրքիր, բնության գրկում թաղված, գեղեցիկ վայր էր։



Ահա այսպես անցավ մեր առաջին ճամփորդական օրը։ Մենք ունեցանք իրոք որ հագեցած, արկածներով լի, անմոռանալի օր, բայցև ամենահետաքրքիրը դեռ առջևում էր։
Լուսանկարները՝ bidfortrip.com կայքից
Օր II. Անմոռանալի հիշողություններ
Երկրորդ օրը սկսեցինք նախաճաշով, որը պատրաստել էին մեզ համար «Մենուա» հյուրատան աշխատողները, ինչի համար մենք նրանց անչափ շնորհակալ էինք։ Արագորեն նախաճաշելուց հետո ուղևորվեցինք մեր առաջին նշանակետ՝ Իջևանի թիվ 3 հիմնական դպրոց։ Այնտեղ ունեինք մի շատ հետաքրքիր կրթական փոխանակումներով նախագիծ Գոհար Իսկանդարյանի հետ։ Նախագծի ամփոփումն ու լուսաբանումը կարող եք ընթերցել ընկեր Գոհարի բլոգում։
Եվ այսպիսով, եկավ գոնե ինձ համար ամենասպասված պահը։ Օրակարգում էր Լաստիվեր այցելությունը։ Մինչև ճամփորդությունը ես հասցրել էի որոշակի տեղեկություններ ընթերցել Լաստիվերի մասին, և գիտեի, որ մեզ սպասվում է հաղթահարելու բարդ ճանապարհ։ Բայց ինչպես ես, այնպես էլ՝ խմբի մյուս անդամները հաստատակամորեն պատրաստ էին այն հաղթահարելու՝ վերջում Խաչաղբյուր գետի ափին աննման, գեղեցիկ կառուցված հեքիաթային բնակավայրը տեսնելու, նրանով հիանալու, ինչպես նաև տքնաջան, աննահանջ աշխատանքից հետո՝ հանգստանալու համար։
Եվ ահա, մենք այնտեղ էինք։ Քարքարոտ, ոլորապտույտ, աջ և ձախ կողմերում ձորին նայող արահետը մենք անցանք 1,5-2 ժամում։ Չորս կողմն անտառ էր, ծառեր, մեկ-մեկ նաև քարայրեր։ Բայց մենք գիտեինք, որ աննպատակ չենք գնացել այնտեղ։ Իմիջիայլոց, մինչև արահետներին հասնելը, մենք անցել էինք ագարակի կողքով, որտեղ պահվում էին ձիեր։
Առավել դժվար էր հետճանապարհը։ Այն իսկապես որ բարդ էր, քանի որ հիմնականում մագլցում էինք։ Բայց այդ տանջալի ու անվերջ թվացող ճանապարհին էլ կային փրկություններ, հանձինս՝ մեր ուսուցիչների՝ ընկեր Սամվելի, ընկեր Թորգոմի և ընկեր Գոհարի, ովքեր մեզ պատմում էին ծիծաղաշարժ պատմություններ, անեկդոտներ, և մենք նույնիսկ չէինք էլ պատկերացնում, թե ինչքա՜ն արագ էր անցնում ժամանակը։ Անկեղծորեն շնորհակալ եմ մեր ուսուցիչներին՝ մեր եռօրյա ճամփորդությունը տոն դարձնելու համար։ Մենք չունեինք հանգիստ, չունեինք դադար, բայց ունեինք անպարտելի ու անսասան կամքի ուժ՝ մեր առջևում սպասող նորանոր փորձությունները հաղթահարելու համար։
Օրվա վերջում մենք բակում խորոված արեցինք, այնուհետև ջերմ մթնոլորտում համտեսեցինք այն։ Դրանից հետո հյուրատանը կազմակերպել էինք կարաոկե-խնջույք, որի ընթացքում բաժանվել էինք խմբերի և երգում էինք մեր սիրած թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան երգերը։ Հյուրատունը, բառի ուղիղ իմաստով, թնդում էր այդժամ։
Օր III. Վերադարձ իրականություն
Ցավոք, անցան մեր երկու օրերն Հայաստանի հյուսիսային շրջանում՝ Տավուշում, մասնավորապես՝ Իջևանում։ Մենք ընտելացել էինք միջավայրին, սովոր էինք, որ մարդիկ այնտեղ տարբերվող էին, առանձնահատուկ ջերմ ու հյուրընկալ։ Բայցև ամեն մի լավ բան ունի իր տրամաբանական ավարտը։
Մենք, առավոտյան 10:00-ի մոտակայքում արթնանալով, նախապատրաստվում էինք նախաճաշին, սենյակների հանձնելուն և մեկնումին։ Ժամը 12-ն էր, և մենք արդեն ճանապարհին էինք, ուղևորվում էինք Դենդրոպարկ, որն Իջևան քաղաքի սկզբնամասում էր։ Ծանոթանալով տեղի բուսատեսակների և ծառատեսակների հետ՝ մենք կանգ առանք մի սիրուն հովտում, որտեղ ունեցանք մտերմիկ, անկեղծ զրույց։

Մեր եռօրյա ճամփորդության վերջին կանգառն Աղավնավանքն էր, որը գտնվում էր Դիլիջանի ազգային պարկի տարածքում։ Ավտոբուսը կանգնել էր բավականին հեռու, և մեզ պետք էր անցնել ճանապարհը ոտքով։ Մենք այս փորձությունն էլ պատվով հաղթահարեցինք։ Ճանապարհին խոսեցինք ամեն-ամեն ինչի մասին, քննարկեցինք տարբեր ֆիլմեր, գրքեր, հեղինակներ, տարատեսակ իրական և ոչ իրական պատմություններ, ինչից հետո հասանք Աղավնավանք։ Եկեղեցին, ցավալիորեն, կիսավեր էր և ենթարկվել էր վանդալիզմի։ Մենք եկեղեցու խորանում աղոթեցինք, մոմ վառեցինք, ինչից հետո մի քիչ մնացինք բակում, խոսեցինք, հասցրեցինք նաև ընկեր Թորգոմի հետ որոշակիորեն իրականացնել «Տարածաչափական պատկերների ուսումնասիրում» փոքրիկ նախագիծը, որի ընթացքում հետազոտեցինք Աղավնավանքի ճարտարապետության առանձնահատկությունները։ Այնուհետև ընկանք ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան։
Եվ այսպիսով, բոլորս արդեն մեկ շաբաթ է, ինչ տանն ենք։ Ես գրում եմ այս տողերը՝ արցունքն աչքիս։ Փորձում եմ հիշել այն մանրամասն զգացողություններն ու հիշողությունները, որոնք ունեցել եմ մեր աննկարագրելի հավես ճամփորդության ընթացքում։ Շնորհակալություն ձեզ, ընկեր Սամվել, ընկեր Գոհար, ընկեր Թորգոմ և ընկերներ։ Շնորհակալություն քեզ, Իջևա՜ն։ Շնորհակալություն քեզ, հարգելի՛ ընթերցող, որ համբերատար ընթերցեցիր իմ այս պատումը …






































