Ապրիլի 12-ին՝ ուրբաթ օրը, մենք՝ սովորողներս, Մարգարիտ Սարգսյանի գլխավորությամբ, ուսումնական պարապմունք ենք ունենալու Հայաստանի Ազգային Պատկերասրահում։ Թեման է լինելու՝ «դասական և ժամանակակից արվեստը»։ Ըստ այդմ՝ հարկ է նշել, որ ցանկացած ուսումնական բաց և արտագնա պարապմունքներից և այլ միջոցառումներից առաջ սովորողներն իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ՝ ուսումնասիրելով և հետազոտելով տվյալ թեման և նրա հետ առընչություն ունեցող այլ նյութեր։
Վարդգես Սուրենյանց. մեզ անծանոթ հերոսը

Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին Ախալցխայում, Հակոբ ավագ քահանայի ընտանիքում, որը պաշտոն է ստացել Սիմֆերապոլում և 1867 թվականին ընտանիքը տեղափոխվում է այնտեղ։ Վարդգես Սուրենյանցը 1870 թվականին ընդունվել է Լազարյան ճեմարան։ Վարդգես Սուրենյանցի ուսման առաջին տարիների մասին խորհրդային գրականագետ, պատմաբան Երվանդ Շահազիզը նշել է՝ «ծանրաբարո», «անսահման համբերող», «բարի, պարկեշտ և խոնարհ նոր աշակերտը, որին բնությունը օժտել էր «այնպիսի շնորհքով… այդ նրա արտաքո կարգի նկարչական ընդունակություններն էին… բոլոր ժամանակ նստած նկարում էր ընկերներին, ուսուցիչներին և այլ պատկերներ, և այդ բոլորը զարմանալի նրբությամբ և նմանությամբ»։
Վարդգես Սուրենյանցի հետագա կյանքն ու գործունեությունը հիմնականում կապված է եղել Մոսկվայի և Պետերբուրգի գեղարվեստական աշխարհի հետ։ Դրանից բացի նա զբաղվել է հասարակական բազմակողմանի գործունեությամբ։
Ճեմարանում աղմուկ բարձրացած մի դեպքի մասին է խոսել նկարչի քույրը։ Խաչատուր աղա Լազարյանի հերթական այցելություններից մեկի ժամանակ Վարդգես Սուրենյանցը նկարել է նրան պատկերող մի գծանկար՝ «տգեղ, հայկական մեծ քթով»։ Այդ աստիճան նմանությունը ֆրանսերեն լեզվի ուսուցչի կողմից դիտվում է որպես ծաղր, և նրա բարձրացրած աղմուկի հետևանքով Սուրենյանցը պատժի է ենթարկվել։ Լազարյան ճեմարանում Վարդգես Սուրենյանցը ուսումնասիրել է հատկապես լեզուներ, նրա հայոց լեզվի ուսուցիչը եղել է բանաստեղծ Սմբատ Շահազիզը, իսկ պարսկերենը՝ հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը։ Վարդգես Սուրենյանցի նկարչական ընդունակությունները խրախուսվել են Ստեփանոս Նազարյան կողմից, որը նույնպես նկարչական ձիրք է ունեցել։
1898 թվականին Վարդգես Սուրենյանցը նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գ․ Գաբրիելյանի և ուրիշների հետ իր մի շարք աշխատություններով մասնակցել է Գրիգոր Ջանշյանի խմբագրությամբ հրատարակվող «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողովածուին, իսկ 1902-1903 թվականներին ձևավորել է բժիշկ Վահան Արծրունու կողմից հրատարակված «Առողջապահիկ թերթիկ» և «Բժշկի զրույցներ» մասսայական գրքույկները։
Մոսկվայում Սուրենյանցը ծանոթացել է նաև է Ալեքսանդր Սպենդիարյանի հետ։ Նա հետագայում ձևավորել է կոմպոզիտորի մի շարք երգերի հրատարակությունները։ Ըստ որոշ աղբյուրների՝ Ղրիմում եղած ժամանակ Սուրենյանցը կոմպոզիտորին հուշել է «Շամիրամ» օպերա գրելու միտքը։
Սուրենյանցը բազմաթիվ անգամ հանդիպել է Հովհաննես Թումանյանի հետ, համակրել է Թիֆլիսի հայկական թատերական ընկերության գործունեությանը, նրանց տրամադրել է իր կատարած Շեքսպիրի պիեսների թարգմանությունները։ Թումանյանի երեխաներ վկայությամբ, երբ 1912 թվականին Թումանյանը բանտից դուրս է եկել, Սուրենյանցը նկարել է Թումանյանի դիմանկարը։
Գեղանկարներ
- Պարսկական տան ճակատը,
- Էտյուդ խաչքարով,
- «Դուռ ստալակտիտով»,
- «Ղոհրուդ գյուղի տեսարանը»,
- «Նստած պարսիկներ»,
- «Երիտասարդ պարսիկի դիմանկարը»,
- «Սերենադա»,
- «Հաֆիզի երգը»,
- «Սպիտակ ամրոց»,
- «Ֆիրդուսին կարդում է իր Շահնամեն»։
Պարսկաստան կատարած գիտարշավի տպավորությունների ներքո նկարել է արևելյան թեմաներով կտավներ։ Այդ թեմայով կտավներից ուշագրավ են Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվող «Հարեմում», «Ֆիրդուսին կարդում է իր «Շահնամե» պոեմը», «Սալոմե» գեղանկարները։



Քանի որ մեր այցելության առաջնային նպատակը ծանոթացումն է ժամանակակից արվեստագետի՝ Արմեն Երիցյանի կողմից Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» նկարի վերականգնված տարբերակի հետ, հետևաբար այժմ փոքր-ինչ կենտրոնանանք գլխավոր թեմայի՝ «Սալոմե» նկարի և նրա պատմության վրա։
Պատմական ակնարկ, հեղինակի ոգեշնչման աղբյուրը
1900-ական թվականներին հայ մտավորականության ուշադրության կենտրոնում Օսկար Ուայլդի «Սալոմե» ողբերգության հերոսուհին էր։ Վահան Տերյանը թարգմանում է Ուայլդի մեկ գործողությամբ պիեսը, հայ բեմում Սալոմեի դերակատարմամբ հաջողությամբ հանդես է գալիս Եկատերինա Դուրյան-Արմենյանը, իսկ Սուրենյանցը, տարվելով «Սալոմե» դրամայով, թափանցում է Ուայլդի փիլիսոփայական խորքը և նկարում «Սալոմե» կտավը։ Սուրենյանցի «Սալոմեն» իր տիրական հմայքով ինքնատիպ համադրություն է՝ իրեն հատուկ մթնոլորտի մեջ բոլորվող, արևելյան ծանր բուրումներով և շռնդալից գույներով համակված, մղձավանջին մոտեցող էրոտիզմով լեցուն մի երազ։ «Սալոմե» կտավում սերն ու մահը ճակատագրի, նախախնամության տիրապետության տակ, ստեղծում են տարօրինակ և հայտնատեսությամբ հորինված գործողություն։
Նկարագրություն
Սուրենյանցը Սալոմեին պատկերել է կտավի ձախ կողմում՝ մուգ շագանակագույն դռան ֆոնի վրա՝ կտավի մյուս դատարկ մասում թողնելով կանաչավուն, կապտաերկնագույն երանգներով տարածություն։ Հերոսուհու կերպարի ռոմանտիկ դրսևորումն ի հայտ է գալիս զարդանախշերի թրթռացող կորագծերից, կարմիր, սև, շագանակագույն վրձնահարվածներից, կտավի բնականոն մոխրաշագանակագույնը ստեղծում են գունային շքեղ միջավայր, անհանգիստ երաժշտական կշռույթ։ Պատկերի հմայքը պայմանավորված է թաքուն երկրաչափականությամբ, որը կազմված է կորերի խաղից, որն էլ ստեղծում է դիտողի վրա ազդելու ռիթմ։ Կորերը նկատելի են դեմքի, թիկնոցի, գլխարկի ձևերի մեջ, որոնք յուրօրինակ նազանք են հաղորդում Սալոմեին։ Ուսերի, գլխարկի կորերը և դեմքի օվալն արձագանքում են նրա հագուստի կոր գծերին և նրբություն ու մեղմություն են ներմուծում պատկերի մեջ։

Սուրենյանցի համար մարդկային մարմինը նշանների նշանն է, այն խորհրդավորը, որով կյանքը կազմված է բազում տարածականության և բազմապիսի չափականության հետ։ «Սալոմե» կտավի շարունակությունն ասես լինի «Արևելյան պարուհի» (1912) կտավը։
Ցուցադրություն
Հատկանշական է, որ շատ հայերին անծանոթ Վարդգես Սուրենյանցի կտավները ցուցադրվել երկու նշանավոր վայրերում.
- 1912 թվականին Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի 100-ամյա միջոցառումների շրջանակում կտավը ցուցադրվել է ակադեմիայում,
- Վենետիկի միջազգային ցուցահադնես:
Նկարչի այլ կտավներ
Եվ այսպիսով, վստահաբար կարող ենք պնդել, որ ստացել ենք բավականին գիտելիքներ Մեծն Նկարչի անհամեմատելի տաղանդի, ինչպես նաև գլուխգործոց-գոհարների հետ ծանոթանալու համար։
Նկարները, պատմական տեղեկությունները, դրվագները վերցված են Վիքիպեդիա ազատ հանրագիտարանից։
Ամփոփում
Ապրիլի 12-ին՝ ուրբաթ օրը, հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև քանդակագործության խմբերով մեկնեցինք Երևանի սրտում գտնվող Հայաստանի ազգային պատկերասրահ։ Ծանոթացանք Հովհ. Այվազովսկու գլուխգործոցների, Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» կտավի հետ, որն ի դեպ, ռեստավրացվել էր մասնագետների կողմից, քանի որ երկար ժամանակ այցելուների համար ի ցույց էր դրված եղել, և լույսի պատճառով նրա ներկը թափվել էր։ Մեզ նաև հնարավորություն էր ընձեռվել ստեղծագործելու և փորձելու նմանվել Վարդգես Սուրենյանց տաղանդին։ Հասցրել էինք նաև ծանոթանալ ռեստավրացիայի գործիքներին, վերջում էլ՝ Հակոբ Գյուրջյանի քանդակներին։ Մեր հավես այցելության տպավորությունների մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար առաջարկում եմ դիտել լուսանկարները։


















Լուսանկարները՝ Անդրանիկ Փարադյանի




