Պետության բարգավաճումը։ Հայաստանի անկախության ամրապնդումը տեղի ունեցավ երկրում սկսված տնտեսական և մշակութային վերելքի պայմաններում։ Խաղաղ ու նպաստավոր էին Աշոտ Բ-ի թագավորության վերջին տարիները։ Քանի որ թագավորը զավակ չուներ, նրա մահվանից հետո գահ բարձրացավ եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը (928-953թթ.)։ Նա Բարգատունիների արքունիքը տեղափոխեց Կարս և այն դարձրեց Հայաստանի նոր մայրաքաղաք։ Վերջինս կարճ ժամկետում աճեց, կառուցապատվեց և դարձավ նշանավոր քաղաքներից մեկը։

Ինչ վերաբերում էր տնտեսական կյանքին, ապա բնակչությունը զբաղված էր այն վերականգնելով ու բարեկարգելով։ Չորային կլիմա ունեցող Հայաստանի համար բացառիկ նշանակություն ուներ ոռոգումը։ Այդ իսկ պատճառով հայաստանյան շատ նահանգներում՝ Այրարատում, Շիրակում, Սյունիքում, Վասպուրականում, կառուցվում են ջրամբարներ և ջրանցքներ, իսկ դարերով խոպան մնացած տարածությունները ոռոգման միջոցով մշակվում են։

Բագրատունիների արքայատոհմ 885-1045թթ․ 2021թ․ հունվարյան ճամբարի առարկայական  նախագիծ․ — Անի Հովհաննիսյան

Կենտրոնական իշխանության հզորացմանն ու երկրի բարեշինմանն էր ձգտում նաև Հայ եկեղեցին։ Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ Աբասը կաթողիկոսական աթոռը տեղափոխեց Շիրակ։ Անանիա Մոկացի կաթողիկոսը 948թ. այն Աղթամար կղզուց փոխադրեց Անիից հյուսիս գտնվող Արգինայի վանքը։ Եկեղեցին, որ իր հերթին տեր էր դարձել հողային մեծ տարածքների, կալվածքների, ձեռնամուխ է լինում լայնածավալ շինարարական գործունեության։

Աբասին հաջորդեց նրա որդի Աշոտ Գ-ը (953-977թթ.)։ Նոր թագավորը պետության ամրապնդման ուղղությամբ սկսեց ավելի վճռական ու ծավալուն ձեռնարկումներ։ Նա կազմակերպեց նոր բանակ։ Հայ եկեղեցու որոշ թեմեր անջատողական հակումներ ունեին։ Դա հայկական հզոր իշխանությունների անջատական ձգտումների արտահայտությունն էր։ Սյունյաց և Աղվանից (Արցախ և Ուտիք) թեմերը, հենվելով տեղի իշխանությունների աջակցության վրա, իրենց անկախ էին համարում։ Անանիա Մոկացի կաթողիկոսին հաջողվեց նրանց հնազանդեցնել։ Դա, ըստ էության, Բագրատունյաց թագավորության հաղթանակն էր։

Խոսրովանույշ թագուհին Ձորագետի հովտում հիմնում է Սանահինի, Հաղպատի նշանավոր վանքերը, որոնք շուտով ընդարձակ կալվածքների տեր են դառնում։ Աշոտ Գ թագավորը հատուկ հոգատարություն էր ցուցաբերում աղքատների, հիվանդների, անդամալույծների, կույրերի նկատմամբ։ Նրանց համար բացում էր հիվանդանոցներ և բարեգործական այլ հաստատություններ։ Այդօրինակ գործունեության համար էլ նա ստացավ Ողորմած մականունը։

Երկրի բարգավաճումն ու շինարարությունն ավելի մեծ թափով շարունակվեց Սմբատ Բ-ի ժամանակ (977-990թթ.)։ Դվինում շարունակում էր գոյատևել մի ամիրայություն (իշխանություն), որն ընդունում էր Բագրատունիների գերիշխանությունը։ Սակայն Դվինի ամիրան անսպասելի հարձակվեց Շիրակի վրա և սկզբում հասավ հաջողության։ Բայց Սմբատ Բ-ը կարողացավ ոչ միայն նրան հետ մղել, այլև գլխովին ջախջախել և Դվինի ամիրայությունը՝ արաբների այդ վերջին հենակետը, 987թ. միացնել իր թագավորությանը։

Անի – Ranking

Անին՝ մայրաքաղաք։ Բագրատունյաց թագավորությունը ներքին և արտաքին նպաստավոր պայմաններում բռնել էր վերելքի ուղի։ Սակայն Բագրատունիները չունեին իրենց հիմնական նստավայրը։ Զգացվում էր խոշոր կենտրոնի՝ նոր մայրաքաղաքի անհրաժեշտությունը։ Առաջին Բագրատունիները հաստատվել էին Բագարանում և Երազգավորսում (Շիրակավան)։ Աբասն իր նստավայրը դարձրել էր Կարս քաղաքը, որը, ընկած լինելով թագավորության ծայրամասային գավառում, համահայկական մայրաքաղաքի նշանակություն ձեռք չէր բերել։ Դվինը շարունակում էր մնալ արաբների ձեռքին, դրանից բացի, այն չէր կարող մայրաքաղաք լինել, որովհետև դուրս էր Բագրատունիների հիմնական տիրույթներից՝ Շիրակից։ Բագրատունիները նպատակահարմար գտան Կամսարականներից իրենց անցած Շիրակի նշանավոր Անի ամրոցը դարձնել մայրաքաղաք։

Անին 961թ. հռչակվեց մայրաքաղաք։ Նոր մայրաքաղաքն անառիկ դիրք ուներ և բանուկ առևտրական ուղիների վրա էր։ Նոր մայրաքաղաքի հիմնումը խորհրդանշելու էր Բագրատունյաց թագավորության՝ համահայկական պետություն դառնալու հանգամանքը։ Այդ նպատակով Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունը միացվեց Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսությունների հետ։ Անի էին հրավիրվել «ամենայն իշխանքն տանն Հայոց», զորքը, Աղվանքի թագավորը՝ իր շքախմբով, բարձրաստիճան հոգևորականներ և այլ նշանավոր դեմքեր։ Բոլորի ներկայությամբ Անանիա կաթողիկոսը մեծ շուքով օծեց Աշոտ թագավորին։ Նա հռչակվեց շահնշահ՝ արքային արքա։ Աշոտի թագավորությունը օրինական ճանաչվեց Բյուզանդական կայսրության, աբխազների թագավորի, հարևան ամիրայությունների կողմից։

Աշոտ Գ-ը և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը բարեկարգելու, շքեղ պալատներով, եկեղեցիներով, բնակելի և այլ շինություններով կառուցապատելու։ Աշոտ թագավորը 963-964թթ. կառուցեց քաղաքի աշտարակազարդ պարիսպների առաջին գիծը (Աշոտաշեն)։ Կամսարականների նախկին ամրոցն ընդարձակվելով դարձավ Անի քաղաքի միջնաբերդը։ Հետագայում քաղաքն այնքան էր ընդարձակվել, որ Սմբատ Բ թագավորը 977-989թթ. ընթացքում կառուցեց վիթխարի քաղաքն իր մեջ ընդգրկող երկրորդ պարիսպների գիծը (Սմբատաշեն)։ Իզուր չէ, որ ժողովուրդն ասում է՝ Անին ուներ հազար ու մի եկեղեցի։

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Աբաս թագավորը։ Ներկայացրե՛ք Աշոտ Գ-ի կառավարման շրջանում երկրի ունեցած հաջողությունները։

Աբաս թագավորն իր կառավարման շրջանում արքունիքը տեղափոխեց Կարս, ինչպես նաև ամեն կերպ ամրապնդեց քաղաքը։ Այդուհանդերձ Կարսը դարձավ Հայաստանի նշանավոր քաղաքներից մեկը։ Քանի որ կար ջրի և ոռոգման հիմնախնդիր՝ Հայաստանի՝ չորային կլիմայից ելնելով, Աբասը նաև ձեռնամուխ եղավ հայաստանյան տարբեր նահանգներում (Այրարատ, Վասպուրական, Սյունիք, Շիրակ) ջրամբարների ու ջրանցքների կառուցմանը։ Աբասը կաթողիկոսական աթոռը տեղափոխում է Շիրակ, իսկ Անանիա Մոկացին 948թ. այն Աղթամար կղզուց փոխադրում է Անիից հյուսիս գտնվող Արգինայի վանքը։ Եկեղեցին, որ իր հերթին տեր էր դարձել հողային մեծ տարածքների, կալվածքների, ձեռնամուխ է լինում լայնածավալ շինարարական գործունեության։

Աբասի որդին՝ Աշոտ Գ-ն, ձեռնամուխ եղավ նոր բանակի կազմակերպմանը։ Նրան շնորհել էին «Ողորմած» տիտղոսը, քանի որ նա իր էությամբ ազնիվ, բարի, գթասիրտ մարդ էր։ Քանի որ նա մեծ հարգանքով էր վերաբերվում, ինչպես նաև մեծ հոգատարություն էր ցուցաբերում աղքատներին, կույրերին, անդամալույծներին ու հիվանդներին, այդ իսկ պատճառով նրանց համար կառուցում էր հիվանդանոցներ և բարեգործական այլ հաստատություններ։ Սյունյաց և Աղվանից (Արցախ և Ուտիք) թեմերը, հենվելով տեղի իշխանությունների աջակցության վրա, իրենց անկախ էին համարում, սակայն Անանիա Մոկացուն հաջողվում է նրանց հպատակեցնել։

2. Պարզաբանե՛ք Սմբատ Բ-ի ներքին և արտաքին քաղաքականության արդյունքները։

Սմբատ Բ-ի ժամանակ երկրի բարգավաճումն ավելի մեծ թափով շարունակվեց։ Դվինում շարունակում էր գոյատևել մի ամիրայություն (իշխանություն), որն ընդունում էր Բագրատունիների գերիշխանությունը։ Սակայն Դվինի ամիրան հանկարծակի հարձակվում է Շիրակի վրա և սկզբում հասնում հաջողության։ Բայց Սմբատ Բ-ը կարողանում է ոչ միայն նրան հետ մղել, այլև գլխովին ջախջախել և Դվինի ամիրայությունը՝ արաբների այդ վերջին հենակետը, 987թ. միացնել իր թագավորությանը։

Ինչ վերաբերում է Անի բերդաքաղաքին, ապա Աշոտ Գ-ից հետո քաղաքն այնքան էր ընդարձակվել, որ Սմբատ Բ թագավորը 977-989թթ. ընթացքում կառուցեց վիթխարի քաղաքն իր մեջ ընդգրկող երկրորդ պարիսպների գիծը (Սմբատաշեն)։

3. Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Բագրատունիները կառուցեցին նոր մայրաքաղաք։ Ե՞րբ և ո՞ւմ օրոք Անին հռչակվեց մայրաքաղաք։

Բագրատունյաց թագավորությունը ներքին և արտաքին նպաստավոր պայմաններում բռնել էր վերելքի ուղի։ Սակայն Բագրատունիները չունեին իրենց հիմնական նստավայրը։ Զգացվում էր խոշոր կենտրոնի՝ նոր մայրաքաղաքի անհրաժեշտությունը։ Առաջին Բագրատունիները հաստատվել էին Բագարանում և Երազգավորսում (Շիրակավան)։ Աբասն իր նստավայրը դարձրել էր Կարս քաղաքը, որը, ընկած լինելով թագավորության ծայրամասային գավառում, համահայկական մայրաքաղաքի նշանակություն ձեռք չէր բերել։ Դվինը շարունակում էր մնալ արաբների ձեռքին, դրանից բացի, այն չէր կարող մայրաքաղաք լինել, որովհետև դուրս էր Բագրատունիների հիմնական տիրույթներից՝ Շիրակից։ Բագրատունիները նպատակահարմար գտան Կամսարականներից իրենց անցած Շիրակի նշանավոր Անի ամրոցը դարձնել մայրաքաղաք։ Անին մայրաքաղաք է հռչակվել Աշոտ Գ Ողորմածի կառավարման տարիների ժամանակ, 961թ.: