Երեկ՝ ապրիլի 30-ին, Ավագ դպրոց-հետազոտական վարժարանի ընթերցասրահում, Հասարակագիտական մասնախմբի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ պատմական ֆիլմերի դիտում-քննարկում։

Մասնակիցներն էին 10-11-րդ դասարանների պատմության ընտրությամբ խմբերի, հետազոտական վարժարանի և միջին դպրոցի հետաքրքրված սովորողները, Քոլեջի ուսանողները, ավագ դպրոցի հասարակագետներն ու այլ շահագրգիռ անձինք։

Ֆիլմեր՝

  • Խրիմյան Հայրիկ /18։32 րոպե/
  • Հայկական հարց և միջազգայնացում /15։14 րոպե/

Պատմական ֆիլմերն առաջարկել էր լրագրող Կարինե Հարությունյանը։
Համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Աշոտ Տիգրանյանի։

Ըստ ֆիլմերի հերթականության՝ առաջինը դիտեցինք Խրիմյան Հայրիկի մասին փաստավավերագրական կարճամետրաժ ֆիլմը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին ֆիլմը շատ հետաքրքիր էր, ինչ վերաբերում է կառուցվածքին, ապա պատրաստված էր գեղեցիկ անցումներով, անիմացիաներով ու գրաֆիկաներով/նկարներով։ Կենսագրական բուն տեղեկատվությունից զատ, սովորողներին նաև հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու այդ ժամանակ տիրող իրավիճակին, հայ հասարակության ոչ բարվոք վիճակին։

Քննարկման ընթացքում հնչեցին քննադատություններ (որոնք ևս ընդունելի են), ինչպես նաև առաջարկություններ։ Մեզ համար՝ իբրև սովորողների, կարևոր է ոչ միայն տեղեկատվությունը, այլ նաև նրա մատուցման ձևը, և հենց այդ նկատեց հասարակագետ, պատմության ուսուցիչ Պրն. Արմեն Ոսկանյանը։ Նա նաև առաջարկեց, որ տեսաֆիլմում լինեն ոչ թե պարզապես սովորողներ, ովքեր պատասխանում են գլխավոր հերոսի կամ իրադարձության մասին զանազան հարցերի, այլ պատմաբաններ, հետաքրքրված ու ամենակարևորը՝ տեղեկացված անձինք, ովքեր կարող են հստակ ու ստույգ ինֆորմացիա փոխանցել տվյալ անձի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ աշակերտներն ավելի շատ կկենտրոնանան բուն տեսաֆիլմի ու նրա բովանդակության վրա, հետևաբար՝ կքաղեն հնարավորինս շատ գիտելիքներ։

Ի դեպ, կրթահամալիրի սովորողները ևս ակտիվ մասնակցեցին քննարկմանը և առաջարկեցին փոփոխություններ կատարել խմբագրման մեջ, այսինքն՝ գրաֆիկաների, նկարների և այլն։ Կարևոր եմ համարում նշել նաև կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Պրն. Աշոտ Բլեյանի դիտարկումը, առ այն, որ Մկրտիչ Խրիմյանի մասին պետք է ոչ թե կարճամետրաժ ֆիլմ լինի պատրաստված, այլ մի ամբողջ փաստավավերագրական սերիալ, քանի որ նա հայոց պատմության ամենակնառու, ամենահամարձակ ու հայրենանվեր մարդկանցից էր, ով պայքարում էր արդարության ու հավասարության համար, և իր տեսակով իրապաշտ մարդ էր։

Հաջորդ ֆիլմը Բեռլինի վեհաժողովի (1878) և նրան նախորդած ու հաջորդած իրադարձությունների մասին էր։ Այն, գոնե ինձ համար, ավելի գրավիչ էր իր կառուցվածքով, տեղեկատվության մատուցմամբ, ի դեմս՝ գեղեցկադեմ աղջկա, խմբագրմամբ ու բովանդակությամբ։ Ֆիլմի ավարտին սովորողներից շատերը հայտնեցին իրենց սուբյեկտիվ կարծիքները, հասարակագետները հանդես եկան դիտարկումներով և առաջարկներով։

Պատմական թեմայով այդ տեսաֆիլմը մեզ՝ բոլորիս, հնարավորություն տվեց ավելի մանրամասն հետազոտել 19-րդ դարի վերջում կայացած վեհաժողովի ու «Հայկական հարցի» նախադրյալները, ինչպես նաև հայ հասարակության ու ժողովրդի ակնկալիքներն ու չիրականացած երազանքները։ Ես տպավորված էի նաև նրանով, որ ցուցադրվող անձանց ու կերպարների գործունեությունների մասին տեղեկատվությունները մեզ փոխանցվեցին շատ մատչելի ու դյուրըմբռնելի (կային բազմազան գրաֆիկաներ ու անիմացիաներ, որոնք թույլ տվեցին գործնականում ծանոթանալ առանցքային դերակատարների հետ), իսկ բնակավայրերն ու քարտեզները շատ մանրակրկիտ էին պատկերված, որը թույլ տվեց մեզ ավելի ճշգրիտ պատկերացում կազմել իրողությունների կատարման վայրերի մասին։

Լրագրողի այն հարցին, թե պատմական ո՞ր թեմաներով մենք՝ սովորողներս, կցանկանանք դիտել նմանատիպ տեսաֆիլմեր, ես պատասխանեցի, որ ցուցադրված ֆիլմերին քիչ, թե շատ հասարակությունը և մենք ծանոթ էինք, և ավելի լավ կլիներ, որ նկարահանված ու պատրաստված լինեին փաստավավերագրական ֆիլմեր հայոց պատմության թերևս մութ կողմերի մասին (որպես հաջող օրինակ ներկայացրի 20-րդ դարի սկզբի ներկայիս Սոթքի տարածաշրջանի հանճարեղ ռազմական իրադարձությունը՝ «Զոդ» օպերացիան)։

Այսպիսով, կարելի է վստահորեն պնդել, որ այսպիսի ֆիլմերի դիտումներն ու քննարկումներն արդյունավետ են այն տեսանկյունից, որ սովորողների ու հետաքրքրված անձանց կողմից ներկայացվում են առաջարկներ, դիտարկումներ, քննադատություններ՝ ֆիլմի վերաբերյալ։ Եվ դա իրապես կարևոր է, քանի որ տեսաֆիլմն արդեն որպես մասսայական պրոդուկտ ներկայացնելու ժամանակ, հեղինակները հաշվի կառնեն դիտարկումներն ու առաջարկները (ոչ միայն կրթահամալիրի սովորողների), իսկ ֆիլմը, իր հերթին, կդառնա ավելի գրավիչ ու աշակերտների գոնե մի մեծ մասի կողմից չի տրվի անտարբերության։ Շնորհակալություն ուշադրության համար…