Էքզիստենցիալիզմ
Էքզիստենցիալիզմը գոյության փիլիսոփայությունն է, այլ ձև՝ գոյութենապաշտություն, ծագել է լատիներեն exsistentia՝ գոյություն բառից. այն գեղարվեստական-փիլիսոփայական, միաժամանակ ընդգծված հակագիտապաշտական, իռացիոնալ, երբեմն ասվածաբանական և աթեիստական միտումներով տարածված հոսանք է, ժամանակակից փիլիսոփայության ազդեցիկ ուղղություններից մեկը։ Ձևավորվել է 20-րդ դարի սկզբներին և իր շատ գծերով արտացոլում է այդ ժամանակաշրջանը։ Դրանով է բացատրվում էքզիստենցիալիզմի դրույթների մեծամասնության ողբերգական տոնայնությունը և ընդհանուր հոռետեսական երանգավորումը։

Էքզիստենցիալիստի համար մարդը զուրկ է էությունից նախքան գիտակից գոյությունը։ Մարդը սկզբում գոյություն ունի, և միայն հետո կողմնորոշվում է՝ մտնում է իրական էությունների և իմաստների ոլորտ։ Մարդն այն է, ինչ ինքն իրեն դարձնում է։ Մարդը ոչ այլ ոք է, քան ինքն իրեն նախագծողը, գոյություն ունի այնքանով, որքանով ինքն իրեն կերտում է և իրականացնում է։ Վախկոտը պատասխանատու է իր վախկոտություն, ստախոսը իր ստի համար և այլն։ Միայն մարդն է պատասխանատու իր արարքների համար, ո՛չ հասարակությունը
Ի՞նչ հիմնական խնդիրն էր լուծում այս ուղղությունը։
Ինչպես է հնարավոր իմաստավորել կոնկրետ մարդկային կյանքը։
Հիմնական թեզիսը
Մարդը վերջավոր է, դատապարտված է ազատության և ստիպված է պաքարել աշխարհի հետ իր գոյության իմաստի համար։


Ի՞նչ եզրույթներ են օգտագործել փիլիսոփաները։
Էքզիստենցիա ⇾ մարդկային գոյությունը՝ նախօրոք տրված հատկանիշներից զրկված ու ընտրության ազատությամբ կաշկանդված, դեպի ապագա միտվող մարդու նախագիծ։
Լքվածություն ⇾ գոյության վերջավոր և աբսուրդ լինելու զգացողություն, աշխարհում սեփական ներկայության աննպատակ լինելու գիտակցում։
Տագնապ ⇾ ուրիշ մարդկանց հետ միասնության և սեփական ընտրության համար նրանց առաջ պատասխանատվության վերաբերյալ անհանգստություն։
Եզրագծային իրադրություն ⇾ ողբերգական ընտրության պահը, որտեղ, վստահաբար, լավ տարբերակներ չկան (օրինակ՝ սիրելիի դավաճանությունը կամ մահը), և որոնք վերապրելով մարդը միաժամանակ հասկանում է՝ ով է ինքը և իրեն դարձնում է հենց այդպիսին։
Ուրիշ ⇾ ուրիշ մարդու գիտակցության ու էքզիստենցիայի հետ բախումը, այլ գիտակցության գոյության ընդունումը և դրա վերապրումը (օրինակ՝ սիրո մեջ)։
Ո՞ր գիտությունների վրա է ազդել էքզիստենցիալիզմը՝ փիլիսոփայությունից բացի։
20-րդ դարի կեսերին էքզիստենցիալիզմը դարձավ գեղարվեստական մշակույթի հիմնական լեզու և իր արտացոլումը գտավ բազմաթիվ գրական ստեղծագործություններում և կինոարտադրության մեջ։ Կամյուն գրականության ոլորտում արժանացավ Նոբելյան մրցանակի, հոսանքի խոշորագույն ներկայացուցիչ Սարտրը հրաժարվեց այդ նույն մրցանակից։ 20-րդ դարի 2-րդ կեսին էքզիստենցիալիզմն աստիճանաբար սկսեց մարել։
Դպրոցի առանցքային ներկայացուցիչները
Բացի Ալբեր Կամյուից ու Ժան-Պոլ Սարտրից ուղղությանը հարում էին Եվրոպայի այլ երկրների մեծ թվով մտածողներ, ինչպիսիք են Պաուլ Տիլիխը (Գերմանիա), Էմիլ Սիորանը (Ռումինիա), Միգել դե Ունամունոն (Իսպանիա) և ռուս փիլիսոփա-էմիգրանտ Նիկոլայ Բերդյաևը։ Էքզիստենցիալիզմում գոյություն ունի կրոնական ուղղություն. Տիլիխից բացի՝ այդ ուղղությանն է հարում, օրինակ, կաթոլիկ մտածող Գաբրիել Մարսելը։
Աբսուրդիզմ
Աբսուրդը փիլիսոփայական հասկացություն է, որը նշանակում է այն կոնֆլիկտը, որն առաջանում է մարդու՝ իրական արժեքների և կյանքի իմաստի որոնման և այդ իմաստը գտնելու անկարողության միջև։ Տիեզերքն ու մարդկային միտքը առանձին-առանձին աբսուրդ չեն առաջացնում, այլ աբսուրդը ծագում է երկուսի համաժամանակյա գոյության հակասական բնույթից։


Այսպիսով, աբսուրդիզմը փիլիսոփայական ուղղություն է, որը գտնում է, որ մարդու՝ իրական արժեքի և կյանքի իմաստի որոնման ջանքերը մատնված են ձախողման (աբսուրդ են)։ Որպես փիլիսոփայություն՝ աբսուրդիզմը բացահայտում է աբսուրդի հիմնարար բնույթը, թե ինչպես անհատները, մեկ անգամ գիտակցելով աբսուրդը, պիտի պատասխանեն դրան։ Աբսուրդիստական փիլիսոփա Ալբեր Կամյուն գտնում է, որ անհատները պետք է ընդունեն մարդու գոյության աբսուրդային բնույթը և միաժամանակ շարունակեն որոնել և բացահայտել կյանքի իմաստը։
Կայքեր և նյութեր, որոնցից օգտվել եմ ուսումնասիրությունն իրականացնելիս