Գրականության դասաժամին սովորողների կողմից «Իմ հերոս» նախագիծն իրականացնելը, ամփոփելն ու հանրային ներկայացնելն արդեն իսկ ավանդույթ է դարձել։ Նախորդ աշխատանքներին ծանոթանալու համար, կարող եք հետևել հղումներին.

  1. Վարդգես Սուրենյանց․ Իմ հերոսը
  2. «Իմ կին հերոսը»․ Արքայադուստր Դիանա
  3. Եղիշե Չարենց․ հանճա՞ր, թե՞ հանցագործ
  4. «Իմ ժամանակակից հերոսը»․ Վահագն Դավթյան
  5. «Իմ արյունակից հերոսը»․ նախագիծ
  6. «Իմ հերոսը» նախագիծ

Իսկ նախագծի նոր փուլի հերոսը Պարույր (Ղազարյան) Սևակն է։ Ընտրել եմ Պարույր Սևակին, քանի որ, իմ սուբյեկտիվ կարծիքով, նա ամենաստացված, հայտնի ու ամենակարևորը՝ հայրենանվեր գրողներից մեկն էր։ Պարույր Սևակի թե՛ կենսագրությունը, թե՛ գործունեությունը արժանի են մանրակրկիտ հետազոտության, քանի որ իրենց մեջ պարունակում են և՛ լուսավոր, և՛ մութ կողմեր։ Բացի դրանից, Պարույր Սևակը, գոնե ինձ համար, հայ դասական գրականության ամենապայծառ ու ակնառու կերպարներից է, ինչպես նաև իմ ամենասիրած գրողն է, և այդ իսկ պատճառով ընտրել եմ հենց իրեն՝ որպես «Իմ հերոս» նախագծի նոր փուլի հերոս։

Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի, 
Կորով տվի ամենքին, միայն ինքս հոգնեցի։ 
Խորհուրդներով իմ խելոք խելք հավաքած գնացին 
Քանի՜- քանի՜սը կյանքում — ե՛ս էլի գիժ մնացի։

Համառոտ կենսագրություն

Պարույր Սևակ | YSU

Հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Գերազանց առաջադիմության շնորհիվ ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանուկ հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր փորձերն է անում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։

1955 թվականին Սևակն ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ դասախոսելով, անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները։ 1970թ.-ին Պարույր Սևակն ստանում է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչումը։

1963թ.-ից մինչև 1971թ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, 1966թ.-ից դառնում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։

Դու՝ կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա մատյանի թերթ.
Դու՝ Զվարթնոց — ավեր տաճար,
Կոմիտասյան Ծիրանի ծառ.

Կյանքի ժամանակագրությունը

  • Սևակ (Ղազարյան) Պարույր Ռաֆայելի (1924-1971), հայ մեծ բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր: Ծնվել է 1924թ. հունվարի 24-ին (որոշ տվյալներով 26-ին) Չանախչի, այժմ` ՀՀ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում: 
  • 1945-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:
  • 1945-1946թթ. աշխատել է «Ավանգարդ»-ում:
  • 1945-1949թթ. աշխատել է արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում:
  • 1949-1951թթ. աշխատել է «Գրական թերթի» խմբագրությունում՝ որպես պոեզիայի բաժնի վարիչ:
  • 1951-1956թթ. սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում:
  • 1955-1959թթ. դասախոսել է նույն ինստիտուտում: 1963թ-ից ավագ գիտաշխատող էր ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:
  • 1966-1971թթ. եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, ԽՍՀՄ VII գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ:
  • 1967թ-ին «Սայաթ-Նովա» թեմայով թեզ է պաշտպանել և ստացել է (1970թ.) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:
  • Պարույր Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նրա սցենարներով նկարահանվել են «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Սայաթ-Նովա» (1965թ.) փաստագրական կինոնկարները:
  • 1971թ. հունիսի 17-ին զոհվել է ավտովթարից և թաղված է հայրենի գյուղում:

Մեծն բանաստեղծի խորհրդավոր մահը

Կենսագրության թերևս ամենամութ ու քիչ ուսումնասիրված անկյունը դա նրա անժամանակ մահն է, որը վրա էր հասել ավտովթարի հետևանքով։ Պարույր Սևակը, անշուշտ, մեքենա վարելու գործում հմուտ չէր (նա, ի դեպ, դա չէր էլ թաքցնում), սակայն ճակատագրի քմահաճույքով, հեռացավ հենց ավտովթարից։ Պարույր Սևակի խորհրդավոր մահն, իմ սուբյեկտիվ կարծիքով, կազմակերպված էր։ Ավտովթարը տեղի ունեցավ 1971թ. հունիսի 17-ին Չանախչի-Երևան մայրուղու վրա։

Սիրված բանաստեղծի անժամանակ մահը ցնցել էր հանրությանը. նա ընդամենը 47 տարեկան էր։ Շշուկներ էին պտտվում, որ վթարը պատահականություն չէր, կազմակերպված էր, Սևակին սպանել են։ Քանի որ դրանք պարզապես շշուկներ էին, անհրաժեշտություն կար դրանց գործնական ապացույցներ տալ։ Խորհրդային տարիներին չէր հանդուրժվում ազատ խոսքը, ազգայնությունը և առավելապես ազգայինի մասին բարձրաձայնելու հանդգնությունը։ Հետապնդումները երկաթե վարագույրից այն կողմ հասարակ երևույթներ էին։ Բանաստեղծ Պարույր Սևակն՝ իր հերթին, այդ ժամանակ ուներ մեծ համբավ ու հայտնիություն, վայելում էր իր ընթերցողի սերն ու համակրանքը։ 1969-ին լույս տեսավ Սևակի վերջին գիրքը՝ «Եղիցի լույս»-ը, սակայն այն չհասավ ընթերցողին, քանի որ ամբողջ տպաքանակի վրա արգելք դրվեց։

Պարույր Սևակի արգելված կտակը

Իհարկե, դժբախտ պատահարից (ավտովթար) անմիջապես հետո հարուցվել էր քրեական գործ, սակայն հետո այն կարճվել էր, իսկ պատահարը որակվել էր որպես դժբախտ։ Չնայած այս ամենին, հանրությունը միևնույնն է շարունակում էր հավատալ այն վարկածին (փաստին), որ վթարը կազմակերպված էր խորհրդային գաղտնի ծառայությունների կողմից։ Բազմաթիվ ուսումնասիրողներ և պարզապես հետաքրքրվողներ հավատում են, որ «Եղիցի լույս» վերջին գրքի վրա դրված արգելքը և դրան հաջորդող իրադարձությունները ուղղակի կապ ունեին ողբերգական վթարի հետ։ Որոշ չարակամներ, ընթերցելով Սևակի հրատարակած վերջին գիրքը, առանձնացրել էին որոշ խորհրդային կարգերին ու ստանդարտներին չհամապատասխանող մեջբերումներ ու տողեր և դրանք ուղարկել Մոսկվա՝ քննության, ինչն էլ առիթ էր հանդիսացել ամբողջ տպաքանակի վրա արգելք դնելու։ Խորհրդային գաղտնի ծառայությունները փորձում էին «Եղիցի լույս» գրքի տողատակերում գտնել խորհրդային կարգերին հակասող տարրեր, արտահայտություններ։ Գրքի տպաքանակի վրա դրված ամբողջ կալանքը շատ մեծ հոգեբանական հարված էր պոետի համար. նա հասկանում էր, որ տոտալիտար համակարգի դեմ մարտնչելն անշնորհակալ գործ էր։ Կալանքից հետո հիասթափեցնող իրադարձությունները մեծ թափ էին հավաքել. Պարույր Սևակն այլևս չէր հանդիսանում ո՛չ Գերագույն խորհրդի, ո՛չ էլ Գրողների միության անդամ։ Այս իրողություններից հետո Մեծն բանաստեղծն էլ չէր ստեղծագործում, ինչն ինքն իրենով արդեն մահ էր պոետի համար։

Երբ գրող Մկրտիչ Սարգսյանին տեղեկացնում են, որ Պարույր Սևակը Կենտրոնական կոմիտեի շենքում գտնվում է վատառողջ վիճակում, թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, նա անմիջապես շտապում է արվեստագետի մոտ։ Հասնելով կոմիտե՝ տեսնում է Սևակին հիասթափված, հուսահատ, հուզված, նեղացած. նա արտասվում էր և այդ սթրեսի ներքո հաջողեցրել էր ճղել նաև շապիկը։ Մկրտիչ Սարգսյանը կիսվում է իր հիշողություններով. Պարույր Սևակը տան ճանապարհին պատմել էր գրողին, որ նա եղել էր կոմիտեի գաղափարական գծով մի ղեկավարի մոտ և վիճել էր նրա հետ, ինչից հետո հայտնվել էր նման վիճակում։

Այնուամենայնիվ, վերոնշյալ վարկած-փաստարկները հիմնովին չէին ապացուցում խորհրդային հասարակարգի մեղավորությունը Պարույր Սևակի մահվան/սպանության գործում։ Նույնիսկ բանաստեղծի ընտանիքն էր համոզված, որ մահը դժբախտ պատահար էր, և որ փաստերը դա էին վկայում։ Ողբերգական դեպքի օրը պոետի ողջ մնացած երկու որդիները հիշում են, թե ինչպես ուրախացան այդ առավոտ, երբ նրանց հայրը կարողացավ անվնաս ավտոմեքենան ավտոտնակից դուրս հանել։ Ասում են՝ Սևակն անփորձ վարորդ էր, մեքենա էլ նոր էր սովորել վարել։ Բանաստեղծը այդ առավոտ ասել էր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլուն, որ եթե անվնաս դուրս հանի մեքենան, ապա նրանք կգնան։ Արմեն Ղազարյանը՝ Պարույր Սևակի միջնեկ որդին, հիշում էր.

«Պապան ասաց, որ չի ցանկանում վարորդին դիմել, քանի որ այդ օրը (հինգշաբթի) նրա հնձի օրն է։ Մայրիկը չառարկեց, համաձայնեց, որ Պարույրը վարի մեքենան։ Մենք պետք է գնայինք Երևան, դրանից հետո Թիֆլիս՝ մայրիկի տատիկի հոգեհանգստին մասնակցելու նպատակով։ Ոլորապտույտները հեշտորեն անցանք։ Պապան լուռ էր և հանգիստ էր երևում։ Ամայի ճանապարհին մեր առջևից՝ ճանապարհի մեջտեղից մի բեռնատար էր գնում։ Պապան մոտեցավ, ազդանշան տվեց, որպեսզի ճանապարհ տա, սակայն բեռնատարը շարունակեց երթևեկել ճանապարհի մեջտեղով։ Պապան ջղայնացավ, մի քանի անգամ ազդանշան տվեց, մինչև որ բեռնատար մեքենան մեջտեղից դուրս եկավ և անցավ աջ կողմ։ Պապան շրջանցեց բեռնատարին, առաջ անցավ և, բեռնատարի գյուղացի վարորդին նայելով և ցուցամատը ցույց տալով, հայհոյեց։ Բեռնատարը մի քիչ ձախ թեքվեց, հավասարվեց մեզ, կարծես թե ցանկացավ պապային վախեցնել։ Պապան մեքենան աջից ձախ թեքեց, և աջ կողմից այն բարձրացավ։ Մամայի կողմից դուռը բացվեց, նա ձայն հանեց և ընկավ դուրս։ Պապան ձեռքը երկարացրեց, որ օգնի, մեքենան շուռ եկավ և ցնցումով հպվեց գետնին։ Ես Կորյունի վրա ընկա, մեքենան նորից պտտվեց ու կանգնեց անիվների վրա։ Մաման պառկել էր գետնին ու բարձր ձայն էր հանում, պապան մեքենայի մեջ էր, լուռ էր»։

Ավտովթարը տեղի ունեցավ բանաստեղծի հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա. որդիները հրաշքով են ողջ մնում, Սևակը տեղում մահանում է, Նելլիի կյանքն էլ չի հաջողվում փրկել։ Ըստ մեկ այլ վարկածի՝ ավտովթարը եղել է կազմակերպված, քանի որ ոլորանները Պարույր Սևակը հեշտությամբ հաղթահարել է և վթարի է ենթարկվել հարթ ճանապարհի վրա, երբ բեռնատարը սկսել է խանգարել նրան։ Պատմում են, որ Պարույր Սևակի թաղման օրը գյուղի մոտ հավաքված երեխաները կրում էին մի մեծ պաստառ, որի վրա գրված էր. «միթե՞ այսօր պիտի լռի զանգակատունն անլռելի»։ Իհարկե ոչ, Սևակի զանգակատունն անլռելի մնաց մինչ օրս, ու եթե վթարը դժբախտ պատահար էր և անժամանակ խլեց բանաստեղծի կյանքը, ապա Սևակին լռեցնել ցանկացող խորհրդային հասարակարգը չկարողացավ խլել հավերժ խոսելու նրա կարողությունը։ Հասարակության մի մասը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ այն համոզման, որ պոետին սպանեց խորհրդային հասարակարգը։

Այն ժամանակվա գրողներն ու արվեստագետները հիշում են, թե ինչպես Գուրգեն Մահարին Սևակի դեմ հոդված գրեց և Մոսկվա ուղարկեց՝ «Литературная газета»-ում տպագրելու համար։ Նա մեղադրում էր Պարույր Սևակին նացիոնալիզմի մեջ։ Պարույր Սևակը զանգահարում է գրականագետ Արամ Գրիգորյանին՝ փորձելու հասկանալ Մահարու քայլի նպատակը։ Գրականագետը կիսվում է իր տարակուսանքներով ու կարծիքներով, սակայն պոետը, ավելի խոհեմ գտնվելով, հակադարձում է՝ ասելով. «Գուրգեն Մահարին ոչ միայն լավ գրող է, այլև լավ քաղաքացի։ Ամբողջ դժբախտությունն այն է, որ նա չգիտի, որ կան խուժանային խմբեր և մարդիկ, որոնք ջանում են ոչնչացնել ինձ, ուղղակի սպանել»։

Մեծն բանաստեղծը թաղվեց հայրենի գյուղում, որն հետո ի պատիվ նշանավոր երկի կոչվեց Զանգակատուն։ Իսկ ինչո՞ւ նրա աճյունը չամփոփվեց պանթեոնում։ Սևակի մտերիմ ընկեր Աշոտ Թադևոսյանն այս մտայնությունը հնարովի է համարում, քանի որ իր մահից բավականին շուտ հենց Սևակն էր իր շիրմաքարի տեղը մատնանշել՝ Զանգակատան գյուղի իր առանձնատան այգում։ Կարծես՝ բանաստեղծը զգացել էր մահվան մոտալուտ վտանգը՝ ավտովթարը։

Մարդ պիտի մեռնելու էլ բախտ ունենա, ուր մնաց թե ապրելու:
Որովհետև կա նաև սպանվել հիմար մահով` մեքենայի վթարից:
Կարգին մեռնելու համար էլ
Պիտի մարդ բախտ ունենա…

Մեծն բանաստեղծի թողած ժառանգությունը՝ գրականությունը

Վերևում մեծ անդրադարձ կատարվեց Պարույր Սևակի կենսագրությանը, և մասնավորապես՝ նրա մահվանը։ Անշուշտ, խորհրդային հասարակարգը չէր հանդուրժում թեկուզև չնչին նացիոնալիզմի դրսևորում, իսկ Սևակը, կարելի է ասել, իր տարիների նացիոնալիզմի, իսկ ավելի ճիշտ՝ հայրենասիրության խորհրդանիշ էր, և հենց այդ իսկ պատճառով հասարակարգը չխնայեց նրա կյանքը, չզղջաց բանաստեղծին և նրա ընտանիքին։ Այնուամենայնիվ, ճակատագիր էր դա, թե պլանավորված սպանություն, քննությունները ցույց կտան, մեզ միայն մնում է հավերժ գնահատել և արժևորել Մեծն բանաստեղծին՝ իր աննկարագրելի, անհամեմատելի գեղեցիկ, հրաշագեղ գրականության ստեղծման, հանրայնացման և թողարկման ճանապարհին մեծ ու ծանր, տեղ-տեղ՝ տառապալի մաքառումների ու տառապանքների, ցավերի ու կորուստների միջով անցնելու և վերջ ի վերջո հայրենիքի համար զոհվելու նրա որոշման, արդարության վերականգնման նրա անսասան ձգտման ու կամքի համար։

Այժմ կցանկանամ ներկայացնել Պարույր Սևակի գրականության որոշ պատառիկներ, որոնք իրենց կառուցվածքով, հանգավորմամբ ու հնչեղությամբ, ինչպես նաև բովանդակությամբ, շարահյուսությամբ ու խորհուրդներով գերել են հազարավոր ընթերցողների սրտեր, իրենց վրա են սևեռել հազարավոր ուսումնասիրողների ուշադրություններ։ Հետաքրքրական է, որ բանաստեղծի երկերն ու ստեղծագործությունները միատոն չեն, և ես, օրինակ, ընթերցելով Մեծն պոետի բանաստեղծությունները, կարող եմ բաժանել մի քանի կարգերի։

1. Հայրենասիրական (հայրենիքի արժևորում և գնահատում)

Հների մեջ՝ դու ալեհեր,
Նորերի մեջ՝ նոր ու ջահել.
Դու՝ խաղողի խչմարված վազ,
Վշտերըդ՝ ջուր, ինքըդ ավազ.
Դու՝ բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռված փշատ.
Դու՝ կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա մատյանի թերթ.
Դու՝ Զվարթնոց — ավեր տաճար,
Կոմիտասյան Ծիրանի ծառ.
Դու՝ ջրաղաց խորունկ ձորում,
Դու՝ հորովել անուշ ծորուն,
Փայլ գութանի արծաթ խոփի.
Դու՝ նե՛տ, նիզա՛կ, մկո՛ւնդ կոպիտ,
Դու՝ հայրենի ծխանի ծուխ,
Դու՝ անգի՛ր վեպ, դու՝ Սասնա ծո՜ւռ…

(Հայաստան)

Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։
Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում:
Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚
Որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք‚
Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում‚
Երկինքը իր ճիշտ պատճենը հանում:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել:
Պարզապես Նարեկն այստեղ է գրվել:

Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ —
Գիտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚
Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել.
Գիտենք թշնամու կողը մխրճվել
Ու բարեկամին դառնալ աջակից.
Դուրս գալ մեզ արված բարության տակից՝
Մեկի փոխարեն տասն հատուցելով…

(Քիչ ենք, բայց հայ ենք)

2. Հուսահատություն, խոստովանություն (կյանքի խոչընդոտների հաղթահարում, հոգեբանական մեկուսացում, սթրես)

Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ, 
Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել և օգնել եմ. 
Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել, 
Վատըդ թողած՝ լավըդ թվել, 
Հավատացրել, հավատացել, 
Թե իմ առաջ դուռ ես բացել՝ 
Չտեսնըված, չեղած մի դուռ։ 

Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում. 
Ցած է ընկնում երեք խնձոր — 
Մեկ՝ ասողին, 
Մեկ՝ լսողին, 
Մեկ էլ… ինձ պես գիշեր ու զօր 
Հիմարաբար սպասողին… 

(Անկեղծ ասած)

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, 
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը: 
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, 
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:

Լինես, մնաս ամենքի հետ, 
Նրանց կամքին հպատակվես, 
«Ես»-դ խառնես մեծ «մենք»-ի հետ, 
Նրանց ցավով լուռ տապակվես: 

(Ապրել)

Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի, 
Կորով տվի ամենքին, միայն ինքս հոգնեցի։ 
Խորհուրդներով իմ խելոք խելք հավաքած գնացին 
Քանի՜- քանի՜սը կյանքում — ե՛ս էլի գիժ մնացի։
Ով հանդիպեց՝ ստացավ մի թաս գինի ինձանից, 
Լոկ ես գինի չըմպեցի իմ սեփական հնձանից։ 
Ի՞նչ եմ եղել ողջ կյանքում՝ հարսանքավոր ու քավոր
Մինչ ամենքից ավելի ինձ էր օջախ հարկավոր։ 
Վստահեցին ոմանք ինձ — հոգիս դարձավ գաղտնարան, 
Վստահեցի շատերին — գաղտնիքս առան ու տարան։ 
Ու զղջում եմ ես մի պահ. սեր ու բարիք եմ ցրել, 
Մինչդեռ պետք էր սեր հայցել, իսկ բարիքը՝ վաճառել…
 
(Մի պահ զղջում եմ)

3. Ընտանիքի արժևորում (հատկապես մոր դերը)

Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:

(Մոր ձեռքերը)

Կանգնել է մայրը սեղանի առաջ:
(Ի՜նչ ծանրություն են ուսերը կրել)…
Աշխարհի խղճի կերպարանքն առած,
Աշխարհի ազնիվ Կոչին ընդառաջ,
Կանգնել, ուզում է ստորագըրել:

(Մայրը)

Ես եղբա՜յր չունեմ, 
Մայրս էլ մեղք չունի. 
Ծնել է, 
Սակայն ծնելը քիչ է, 
Սնելն է դժվար,
Քանի որ հաճախ 
Ե՛վ սով է լինում 
Ե՛վ գաղթ, Ե՛վ ավեր։

(Իմ կաթնեղբայրը)

Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալիկս, կմեծանաս, 
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս, 
Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին, 
Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին։ 
(Որդուս)

4. Նախապատվությունը՝ ազգին

Ես նախանձում եմ նրանց բոլորին, 
Ովքեր ապրում են հավատով խորին, 
Ովքեր լավ գիտեն, թե ուր են քայլում, 
Ում դեմ են ելնում, ում համար փայլում, 
Թե տրտնջում են՝ ինչ բանի վրա, 
Թե քրքջում են՝ ինչ բանի վրա, 
Ինչո՞ւ են նետվում, ի՛նչ թոհուբոհում, 
Հանուն ի՛նչ բանի կյանքերն են զոհում… 

(Նախանձում եմ)

Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.
Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:

Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք.
Հասարակ հորից ու մորից ծնված՝
Սերում են նրանք և ա՛յն վայրենուց,
Որ էլ չէ՜ր կարող ապրել քարայրում:

(Վարք մեծաց)

5. Սեր բնության և մարդկության հանդեպ, նրանց միջև կապ

Գովերգում եմ այն խարույկը, որ բնա՜վ չի մտահոգվում, թե իր մահն է իր իսկ բոցը: 
Գովերգում եմ ես այն մորը, որը ծնում և չի հոգում,
Թե ո՞ւր պիտի տեղավորի առանց այն էլ նեղ սենյակում նորածընի օրորոցը:
Գովերգում եմ ես այն օրը, որը գալիս ու տալիս է, 
Ինչ երազել-տենչացել են ձիգ տարիներ: 

(Գովերգում եմ)

Ես նա եմ նաև, 
Որ հասկանում է, 
Թե ինչու է միշտ ավազը լռում։ 
Նա հիշում է այն ջրհեղեղները 
Նախապատմական, 
Որոնց լուռ վկան նույն ինքն է որ կա, 
Իսկ երբ չար քամին 
Խաղում է նրա խեղճ ջղերի հետ՝ 
Հիշեցընելով 
Նրա փառավոր անցյալը կորած 
Ու նրա ներկան աննախանձելի, 
Ավազը հանկարծ հովազ է դառնում՝ 
Ճանկըռտում քամու 
Ու նաև մարդկանց 
Լպիրշ աչքերը։ 
Ու նաև մարդկա՜նց, 
Որ մոռանում են իրենց անցյալը։

(Ավազը՝ հովազ)

6. Ազգային արժեքների արժևորում

Ազգային արժեքների արժևորում ասելով ի նկատի է առնվում մարդկային արժեքները, այսինքն՝ հերոսները, քաջագործները, հռչակավոր մարդիկ և բարերարները։ Այս կարգում ներկայացված է Պարույր Սևակի թերևս ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Անլռելի զանգակատունը»։ Փորձ է արվում ցույց տալու, թե ինչպես է Մեծն բանաստեղծը թեթև ու նուրբ բառերով նկարագրում հայ ազգի կրած թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան տառապանքները, ազգային-ավանդական ծեսերն ու ավանդույթները, ժողովրդի կյանքը, գործունեությունն ու գործառույթները, փոքր հեգնանքով ներկայացնում պատմական իրողությունների ընթացքն ու հետևանքները և, անշուշտ, ազգային հոգևոր խորհրդանշի՝ Կոմիտասի կենսագրությունը, մաքառումները, հոգևոր-մշակութային գործունեությունը հայրենիքում ու նրանից դուրս և Հայոց Մեծ Եղեռնի հետևանքով առաջացած խելագարությունը։ Գնահատում եմ նաև այն, որ այս ամենից նա եզրակացություններ է անում և խորհուրդներ տալիս մեզ։

Նույնիսկ ծովն էլ դարդի վրա գյուղացու
Իր ծովային աղաջրի փոխարեն
Կարծես դիտմամբ յուղ ածում,
Դարդը յուղով է օծում.
Որ… ջրի մեջ չընկղմի
Ու չդառնա կեր տղմի։
Կարիքների ալիքային մոլի ծա՜փ,
Զրկանքների կոհակացող խաղացո՜ւմ,
Եվ նույն դարդը ողջ-առողջ
Շպրտվում է նորից ափ։

(Ղողանջ Բնաշխարհիկ)

Թաքուն-բացահայտ մեզ էր բանսարկում՝
Մի ամբողջ ազգի հեշտորեն զրկում՝
Իր անկապտելի երգից ու պարից,
Մի ողջ ժողովուրդ կապում օտարից։

Քեզ հարվածողին որպեսզի զարկես
Եվ ունեցվածքըդ ու կյանքըդ փրկես,
Պիտի զարկողին իր զարկից զրկես։
(Ղողանջ Ցավի ու Բողոքի)

Է՛հ, հայի կյանքում ինչե՜ր չեն լինում.
Վաղուց է զրկվել նա զարմանալու կարողությունից։

Իսկ մեր հա՞րցը, մե՞նք:
Իսկ Հարցը Հայոց քամվեց վերստին՝
Կարծես թե՝ թափված արյան համեմատ.
Մի թիզ էր եթե Սան-Ստեֆանոյում,
Բեռլինում արդեն նա դարձավ մի մատ։

Եվ Պոլսից մինչև պատժված Սասուն՝
Հայոց աշխարհի ամե՜ն մի մասում
Անբան անասուն դառնալը թվաց մի մե՜ծ արժանիք.
Թող կթե՛ն, շորթե՛ն,
Միայն… չմորթե՜ն,
Միայն…

(Ղողանջ Կոտորածի)

Եվ Նիկոլայի աչքը ոխակալ
Ամենուր ու միշտ
Եվ ամենքի մեջ,
Անգամ երազո՜ւմ,
Տեսնում էր անվերջ
Միայն «տեռորիստ», «հեղափոխական»,
Միայն «դավադիր», միայն «սոցիալիստ».
Թվում էր նրան կայսրությունն իր ողջ
Մի անծայրածիր ստեպ օձալից…

Հայոց դարավոր գիրն են արգելում,
Բռնագրավում վանքի հողերը.
Գանձերը չեղած,
Եղած փողերը,
Պեղում մառանը,
Շտեմարանը,
Որ մի անգամ էլ քամվածը քամեն

(Ղողանջ Զարմանքի)

«Դուք ունեք սուլթան,
Մենք ունենք աստված»
(Ղողանջ Հերոսական)

Մարդիկ օղուն գինին խառնում
Ու մոռացած դարդ ու ցավեր՝
Հանձնվում են ուրախության։

Պատկառելի մի նոր տաղով
Կանչեն փեսի պապ ու տատին,
Հորն ու մորը,
Քուր-ախպորը՝
Ամեն մեկին մի տուն խաղով.
(Ղողանջ Հարսանեկան)

Մի գիշերում դու ձայնով նվաճեցիր Վիեննան՝
Ստիպելով, որ բոլորն օտար երգով հիանան։
(Ղողանջ Հաղթության)

Դու՝ դարավոր մի հանելուկ,
Մենք՝ դարավոր մի առեղծված.
Դու՝ էն գլխից սրբապղծված,
Եղծվա՛ծ,
Կեղծվա՛ծ
Մի չար տաճար,
Իսկ մենք՝ դարձյալ հավատացյալ…
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Դու՝ դիվասիրտ-հրեշտակադեմ,
Ներսից՝ գեհեն,
Դրսից՝ եդեմ։
(Ղողանջ Պոլսական)

Խեղճ Նախո քեռին կամա-ակամա
Դառնում էր կրկին Սասուն-Մոկս-Շատախ՝
Միշտ սկսելով.
-Է՜հ, լաո՛, մատա՜ղ…
Ու նույն աննվազ խոր հառաչանքով
Ամեն օր պատմում Սասնա մի ծռից,
Քուռկիկ Ջալալուց, Կեծակե թրից,
Ագռավաքարից
Ու Ծովասարից։
(Ղողանջ Նվաճման)

Հայկական հարցից Թուրքիան ազատվեց
Հայաստան երկրում հայ չթողնելու մի ահեղ ելքով,
Որ ոչ լսված էր, ոչ էլ տեսնըված
Մարդկային ցեղի երբևէ կրած անպատվության մեջ
Եվ մինչև անգամ իրենց՝ թուրքերի
Արյունով հունցված սև պատմության մեջ։

Եվ ունեցե՞լ էր արդարությունը երբևէ ճակատ։
Օ, ո՛չ, նա ուներ միմիայն քամա՜կ,

Որպեսզի… հողը չմնա խոպան,
Հիմա լուսավոր այդ նույն Եվրոպան
Առանց շիկնանքի այնտեղ էր հասել,
Որ ժառանգներին Կարմիր սուլթանի
Դասեր էր տալիս՝
Եղեռնի՜ դասեր,
Դասեր նախճիրի՛, բարբարոսությա՛ն,
Իրեն պահելով… դերը բոզության։
(Ղողանջ Նախճիրի)

Եվ այսպիսով, սույն ուսումնասիրությունն այն աշխատանքների շարքից է, որոնք ունեն հստակ նպատակ ցույց տալու ամբողջ աշխարհին, և մասնավորապես՝ հենց մեզ՝ հայերիս մեր ինքնությունը, ունեն մեր դարավոր մշակույթը, պատմությունը, ազգային արժեքները, ոսկե գրականությունը պահպանելու գործում մեր տրամադրվածության, համառության, պայքարի ու վճռականության մակարդակը բարձրացնելու միտում, նպատակ։ Պարույր Սևակը եզակի օրինակ է մի գրողի, ով համատեղում է լացը ծիծաղի հետ, սևը՝ սպիտակի, լույսը՝ խավարի, հուսախաբությունը՝ սպասելիքի, և դա մի ուրույն արվեստ է, որով պոետը ցանկանում է ցույց տալ իր անհատականությունը, արվեստն ու պոետիկան ըմբռնելու, կիրառելու իր տարբերությունը, և սրանով է Սևակը տարբերվող, սրա համար ենք մենք նրան այսքան սիրում, հարգում և արժևորում։ Ափսո՜ս, որ շատ չենք ուսումնասիրում ու հետազոտում, սակայն վստահաբար կարելի է պնդել, որ Մեծն Պարույր Սևակի գրականության մեջ զետեղված ու թաքնված են այնպիսի խորհուրդներ և խորհրդածություններ, ասելիքներ ու իմաստներ, որոնք մեր առօրյա կյանքը կդարձնեն համեմատ դյուրին, ընկերական և բարեկամական հարաբերությունները՝ փոխադարձ ավելի վստահելի, մեր միմյանց հասկանալու, հարգելու, արժևորելու, միմյանցով հպարտանալու, օգնելու, աջակցելու, գնահատելու, համառ ու պայքարող լինելու ունակությունները՝ անբաժան մեր կյանքից։

Պարույր Սևակը պարզապես անուն չէ, այն հայի ոգու, տոկունության և հայրենիքի հանդեպ սիրո խորհրդանիշն է։

Կայքեր և նյութեր, որոնք նպաստել են աշխատանքի կայացմանը.