Ավագ դպրոց-հետազոտական վարժարանում այսօրվանից մեկնարկեց հունիսյան ամառային ճամբարը, որը տևելու է մինչև հունիսի 7-ը։ Մենք՝ 10-րդ և 11-րդ դասարանների որոշ սովորողներս, ընտրել ենք պատմության ու հասարակագիտության դասավանդող Վարդան Կարապետյանի ջոկատը։

Առաջին ժամերի ընթացքում մենք կատարեցինք ջոկատային աշխատանք, ծանոթացանք միմյանց հետ, հստակեցրինք աշխատակարգը, ճամփորդությունների ու նախագծերի ցանկը, որոնք իրականացնելու ենք երկու շաբաթվա ընթացքում։ Պայմանավորվեցինք, որ Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, ջոկատով մեկնելու ենք Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղ, այնուհետև՝ գնալու ենք ուխտագնացության դեպի Հոգեվանք /Կարմիր վանք/։ Վստահաբար կարելի է ասել, որ սպասվում են անմոռանալի, հետաքրքիր ու բովանդակալից ճամբարային օրեր։

Աշխատանքային օրվա ավարտին, իմ առաջարկով, քննարկեցինք նաև կլոր սեղան-քննարկման կազմակերպումը, որի շրջանակներում հրավիրելու ենք ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության գիտաշխատողներին և քննարկելու ենք իրենց հեղինակած «Օպերացիա Զոդ. Ինչպե՞ս Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը» գիրքը։ Պետք է հատուկ նշեմ, որ մեր առօրյայի անբաժան մաս են հայրենագիտությունն ու հայրենաճանաչությունը։ Դա հաշվի առնելով, այս և մյուս շաբաթվա ընթացքում նախատեսում ենք այցելել թանգարաններ, իրականացնել տարատեսակ նախագծեր։ Ավագ դպրոցի հայոց լեզվի ու գրականության դասավանդող Ելենա Սարգսյանի հետ կատարելու ենք «Իմ ժամանակակիցը» նախագիծը, որի շրջանակներում ընթերցելու ենք Մհեր Իսրայելյանի գրականությունը, իսկ ճամբարի ավարտին հրավիրելու ենք հետազոտական վարժարան՝ միասին քննարկելու։

Օրը ավարտեցինք հավես սեղանի խաղերով՝ «Պոլիտեա»-ով ու պատմագիտական լոտոյով։ Փոքր-ինչ զրույցներ ունեցանք կապված հետագա անելիքների հետ և հրաժեշտ տվեցինք միմյանց՝ ճամբարային առօրյայից մեծ ակնկալիքներ ունենալով։