Մայիսի 21-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր այցելեցին Վրաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը, ՀՀ ԱԺ, Հայաստանում Վրաստանի դեսպանատան աշխատակիցները՝ ծանոթանալու կրթահամալիրի աշխատանքների, գործունեության հետ։ Հյուրերին ուղեկցում էին կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանը, Հյուսիսային դպրոց-պարտեզի և հետազոտական վարժարանի ուսուցիչները, ի դեմս՝ Ռինա Շագինյանի, Իրինա Ապոյանի և այլոց։

Վրաստանի խորհրդարանի պատվիրակության կազմին կարող եք ծանոթանալ ստորև՝

  1. Իրակլի ՄԵԶՈՒՐՆԻՇՎԻԼԻ — Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ
  2. Սամվել ՄԱՆՈՒԿՅԱՆ — Վրաստանի Խորհրդարանի ագրարային հանձնաժողովի նախագահի տեղակալ
  3. Լեվան ՄԳԱԼՈԲՇՎԻԼԻ — Վրաստանի Խորհրդարանի կանոնակարգի և ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ
  4. Նոդար ՏՈՒՐՁԵԼԱՁԵ — «Վրացական երազանք» խմբակցության փոխնախագահ
  5. Բայա ԿՎԻԹՍԻԱՆԻ — Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամ
  6. Սումբատ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ — Վրաստանի Խորհրդարանի անդամ
  7. Գիվի ՉԻՉԻՆԱՁԵ — Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամ    
  8. Դավիթ ԴԵՄԵՏՐԱՁԵ — Վրաստանի Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար

Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ կրթահամալիրի վրացերենի ուսուցչուհի Ռինա Շագինյանի բլոգում։

Վրաստանի խորհրդարանի պատվիրակության անդամները ժամանեցին կրթահամալիրի Հյուսիսային (Գեղարվեստ) դպրոց-պարտեզ, որտեղև ունեցան իրենց առաջին կանգառները։ Դպրոց-պարտեզի մի շարք սովորողներ խորհրդարանականներին ծանոթացրին դպրոցի առօրյա գործունեության հետ։ Հյուրերը շրջեցին դպրոցով, եղան քանդակագործության, ոսկերչության, կարուձևի լաբորատորիաներում, իսկ դեպի Մայր դպրոց ճանապարհին ունկնդրեցին պատանի երաժիշտների համերգը։ Պետք է նշել, որ պատվիրակության ուղեկցողներից էին նաև ավագ դպրոց-հետազոտական վարժարանի վրացերենի և անգլերենի ընտրությամբ գործունեության խմբերի սաները, որոնք մշտապես գտնվում էին հյուրերի կողքին և ծանոթացնում էին կրթահամալիրի հետ։

Սարալանջում հյուրերին դիմավորեց կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը։ Խորհրդարանականներն ու ՀՀ ԱԺ աշխատակիցները, խաղողի ու գինու դպրոցի սաների հյուրասիրությամբ, համտեսեցին կարմիր և սպիտակ գինիները։ Հյուրասիրությանը հաջորդեցին մտերմիկ զրույցները, մտափոխանակումները, ինչպես նաև ազգային-ժողովրդական պարերն ու երգերը՝ սովորողների կատարմամբ։ Խորհրդարանականներն ականատես եղան նաև բուսաբուծության ու երկրագործության աշխատանքներին։ Հյուրերը տպավորված էին հյուրասիրությամբ ու Հյուսիսային դպրոցի գործունեությամբ։

Մայր դպրոցի այգում պատվիրակությանը դիմավորեցին Միջին դպրոցի և Ավագ դպրոց-հետազոտական վարժարանի ղեկավարներ Լուսինե Բուշն ու Մարթա Ասատրյանը, կազմակերպիչները, սովորողները։ Խորհրդարանականները շրջեցին Մայր դպրոցով, ծանոթացան բրուտագործության, ռոբոտաշինության լաբորատորիաների գործունեության հետ, զրուցեցին դասավանդողների, ապագայի համար մեծ ծրագրեր նախատեսող սովորողների հետ։

Մարմարյա սրահում Վրաստանի ու Հայաստանի խորհրդարանների աշխատակիցներին դիմավորեցին միջին և ավագ դպրոցների սաները։ Հնչեցին Վրաստանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերը, ինչից հետո սովորողները հանդես եկան տարատեսակ համարներով։

Այնուհետև խոսքը տրամադրվեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամ Բայա Կվիթսիանիին։ Նա իր խոսքում նշեց, որ շատ տպավորված է իր այցով կրթահամալիր, ինչպես նաև հեղինակային կրթությամբ։ Աննկարագրելի գեղեցիկ համարներին հաջորդեցին զրույցները, հյուրասիրությունները։ Հյուրերը ճաշակեցին կրթահամալիրի խոհարարության խմբի պատրաստած համեղ ուտելիքները։

Այսպիսով, Վրաստանի ԱԺ պատվիրակության այցը կրթահամալիր կարելի է համարել հաջողված, մենք՝ սովորողներս, ևս տպավորված էինք, որ կարողացել էինք մեր գիտելիքներով կիսվել հյուրերի հետ և նրանց հետ մտերմիկ զրույցների մեջ մտնել։ Պատվիրակության անդամները շեշտեցին իրենց գոհունակությունը այցից։ Մենք էլ ուրախ էինք, որ ամեն ինչ կարգին էր, պարտաճանաչ և կազմակերպված էր պատասխանատվության մեծ զգացումով։ Հատուկ շնորհակալություն կրթահամալիրի վրացերենի ուսուցչուհի Ռինա Շագինյանին՝ նմանատիպ այց կազմակերպելու, համակարգելու և պատվով անցկացնելու համար։ Իսկ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ, հայտնի դաշնակահար Էլիսո Բոլքվաձեի մենահամերգը։

Լուսանկարները՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, Ռինա Շագինյանի բլոգից