Այցելություն Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան

Ուրբաթ օրը՝ մայիսի 31-ին ջոկատով փոքր-ինչ օրակարգային փոփոխությունները քննարկելուց հետո այցելեցինք Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան, որտեղ ցուցադրվում են հայ ժողովրդի կողմից 18-19-րդ դարերում նստակյաց կյանքի ընթացքում ստեղծված և մինչև մեր օրեր հասած, պահպանված եզակի նմուշներ, որոնք օգտագործվել են աշխատանքում, կենցաղում, առօրյայում։

Ճամփորդության ամբողջական նախագծին կարող եք ծանոթանալ հղմամբ
Ճամփորդության համակարգողի՝ Վարդան Կարապետյանի պատումին ծանոթացե՛ք հղմամբ

Փոքրիկ պատմական ակնարկ՝ կապված նմուշների հետ

undefined

Ներկայացնում է ինքնուս վարպետների ձեռքով ստեղծված աշխատանքներ հետևյալ ոլորտներում՝ գորգագործություն և կարպետագործություն, ասեղնագործություն և ժանեկագործություն, մետաղի, փայտի և քարի գեղարվեստական մշակում, խեցեգործություն, գեղանկարչություն։ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները։ Թանգարանի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները ցուցադրվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ավստրիայում, Չինաստանում, Իրանում, Սիրիայում և այլուր։

Ժողովրդական արվեստի թանգարան հասանք երթուղայինով, ճանապարհին ունեցանք կարճատև զրույցներ, ակնկալիքների փոխանակումներ։ Հասնելով նշանակության վայր՝ ես ամենից շատ տպավորված էի նմուշների բազմազանությամբ և բազմատեսակությամբ։ Նման մշակութային արժեքները ներկայացնելով հանրությանը (հատկապես՝ օտարազգի)՝ մենք նախ և առաջ ցուցադրում ենք մեր ինքնությունը, մեր պատմությունն ու դարերից ի վեր պահպանված ազգային ծես-ավանդույթները։ Մուտք գործելով յուրաքանչյուր սրահ՝ մենք՝ ճամբարականներս ականատես էինք լինում բազմատեսակ նմուշների։ Հատկանշական է, որ թանգարանի յուրաքանչյուր առանձնացված սրահում ցուցադրվում էին սպեցիֆիկ նյութից ստեղծված պարագաներ. օրինակ առաջին սրահում ներկայացվում էին կենցաղային պարագաները, ինչպիսիք են գդալները, ամանները, թասերը, կժերը, բաժակները, որոնք պատրաստված էին փայտից՝ մանրակրկիտ ճշգրտությամբ ու աննման գեղեցկությամբ, երկրորդում՝ նմանատիպ կենցաղային պարագաներն արդեն արծաթից էին, իսկ երրորդ սրահում թանգարանի աշխատակիցները մեզ ցույց տվեցին թելից, բրդից պատրաստված սփռոցները, հագուստները, ծածկոցները։

Վերջին սրահում մենք ծանոթացանք գորգերի ու կարպետների հետ, որոնք թվագրվում են 17-ից մինչև 20-րդ դարեր։ Այդ գորգերից որոշները բերվել էին Հայաստանի տարբեր ծայրերից՝ Արցախից, Սյունիքից, ինչպես նաև Արևմտյան Հայաստանից, Նախիջևանից։ Մեզ նաև բացատրեցին, թե ինչ են իրենցից խորհրդանշում գորգերի թելերով հյուսված տառերը, նախշերը։ Իմացանք, որ գորգագործությունը միշտ էլ եղել է բարձր գնահատվող արհեստ և հայ ժողովրդին բնորոշ զբաղմունքներից մեկը։ Սրահներում ցուցադրվող գորգերից ամեն մեկը ուրույն մի գոհար էր, որը իրենից ներկայացնում էր մի դարավոր պատմություն, որը բացի խինդից ու ծիծաղից, տեսել էր նաև ողբ ու տառապանք։ Ի դեպ, մեզ՝ որպես հետաքրքրվողների, ցույց տվեցին նաև, թե ինչպիսի զարդեր են կրել հայ տղամարդիկ ու կանայք տարբեր տարածաշրջաններում։ Հետաքրքրական էր, որ նույնիսկ իրար մոտ գտնվող քաղաքների, ինչպես օրինակ Կիլիկիայի Ադանայի, Սսի, Վահկայի, Արևմտյան Հայաստանի՝ Մուշի, Վանի, Էրզրումի հայ տղամարդկանց ու կանանց հագուստները միմյանցից տարբերվել են ոչ միայն գույներով, զարդերով ու նախշերով, այլև՝ իմաստներով ու խորհուրդներով։ Թվում է՝ իրար շատ մոտ հեռավորության վրա գտնվող քաղաքներ ու տարածաշրջաններ են, սակայն մշակութային արժեքները բավականին տարբեր են։

Դրանից զատ թանգարանի աշխատակիցներից տեղեկացանք, թե ինչպես են կարվում գորգերը, ինչպիսի տեխնոլոգիաներով։ Նրանք մեզ նաև պատմեցին Հարավային Կովկասում հայտնաբերված մ. թ. ա. կարված գորգի մասին, որը հավանականություն կա, որ հայկական է և կարվել է հայերի կողմից։

Այսպիսով, ունեցանք աննկարագրելի արդյունավետ, հետաքրքիր ու անժխտելիորեն կարևոր այցելություն։ Նմանատիպ այցերը հնարավորություն են ընձեռում սովորողներին սեփական աչքով տեսնելու այն, ինչը հիմա թվում է անսովոր, սակայն ոչ վաղ անցյալում օգտագործվել է մեր ազգակիցների կողմից կենցաղում։ Բացի դա, ճանաչելով նմուշներն ու նրանց պատմությունները, մենք ճանաչում ենք ինքներս մեզ, հասկանում ենք, թե ինչպիսի խորդուբորդ ճանապարհ ենք անցել, ինչպիսի տանջանքների ու կտտանքների ենք ենթարկվել՝ աշխարհի երեսին մեր ինքնությունն ու անհատականությունը պահպանելու համար։ Եվ այսօր դրա պահպանումն ու զարգացումը մեր գերագույն առաքելությունը պիտի լինի։ Շնորհակալություն ուշադրության համար։

Թողնել մեկնաբանություն