«Իմ ժամանակակիցը» համագործակցային նախագիծ

Ամառային ճամբարի շրջանակներում իրականացնում ենք «Իմ ժամանակակիցը» համագործակցային նախագիծ՝ ավագ դպրոց-հետազոտական վարժարանի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Ելենա Սարգսյանի հետ։

Նախագծի շրջանակներում ընթերցել եմ Մհեր Իսրայելյանի մի քանի պատմվածքներ, որոնց վերլուծությունները ներկայացնում եմ ստորև.

«Բումերանգ»

Փորձելով շատ չմանրանալ կոնկրետ սյուժեի մեջ՝ կներկայացնեմ իմ կարծիքը պատմվածքի վերաբերյալ, ինչպես նաև կփորձեմ վերլուծել և հասկանալ, թե ինչ խորհուրդ ունի այն իր մեջ։ Ամենից առաջ կցանկանամ նշել, որ ըստ իս, պատմվածքի վերնագիրը լավագույնս համապատասխանում է սյուժեի ընթացքի ու մտքի հետ։ Պատմվածքը ինքնին շատ հետաքրքիր էր ու կլանող, ես ինքս շատ տպավորված էի վերջաբանով (չէի պատկերացնի իրադարձությունների նման հաջորդականություն)։ Խոսեմ վերաբերմունքիս մասին. անշուշտ, պատմվածքում կան գաղափարական բաղկացուցիչներ, որոնք մեզ օգնում են ընկալել ընկերական-միջանձնային հարաբերությունները և դրանց ընթացքը, այնուհետև՝ բաժանումը։ Կարծում եմ՝ վերջաբանն իրեն արդարացրեց, քանի որ ցույց տվեց ընկերների իրական վերաբերմունքը Ծիպոյի հանդեպ։ Գիտեք, ես շատ քննադատական չեմ տրամադրված Ծիպոյի հանդեպ, քանզի նրան իսկապես հասկանում եմ. յուրաքանչյուր մարդ ունի իրավունք իր սեփական շրջապատն ունենալու, նրա հետ տալ ու առնելու, հարաբերվելու, առնչվելու, սակայն հավասարազոր իրավունք ունի նաև կրթվելու և կարիերա կառուցելու։ Եվ հենց սրանում է կայանում ամբողջ հարցը. ինչո՞ւ վերջին պահին ընկերները նրան միայնակ թողեցին, մի՞թե պատճառը հեռացումն էր ու Ավստրալիայում բնակվելը։ Անշուշտ, պատմվածքում կան բացեր ու անորոշ մասեր, սակայն բուն իմաստը դրանից չի փոխվում։ Ունենք հետևյալը. Ծիպոն թողեց ընկերներին և հեռացավ աշխարհի ծայրը, և ընկերները նրան վերջին պահին թողեցին միայնակ։ Փորձեմ հակիրճ ներկայացնել կարծիքս և անդրադառնամ մնացած պատմվածքներին։ Ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի՝ մարդու շրջապատը պիտի բաղկացած լինի այնպիսի մարդկանցից, ովքեր նրան ոչ միայն հարգում և սիրում են, այլև մտնում են նրա դրության մեջ, դժվարին պահին փորձում են աջակցել և խորհուրդ տալ, ամեն դեպքում պատմվածքում մենք նմանատիպ բանի ականատես չեղանք, և հենց դրանում է կայանում խնդիրը, որ ընկերների տրամաբանությամբ՝ պիտի հավերժ լիներ ընկերություն ու փոխգործակցություն, չպիտի լիներ անձնական կյանք, կարիերա, ընտանիք, աշխատանք և այլն։ Իհարկե, կան բացեր, կրկնեմ, սակայն կարծիքս այն է, որ պատմվածքի բուն միտքը սա էր։

«Երեք քայլ երկնքից անդին»

Սույն պատմվածքը խառն էր, սակայն խորհուրդն հաջորդ իսկ վայրկյանին իմանալու և ընթերցանությունը ավարտին հասցնելու անհամբեր ցանկությունը միմիայն աճում էին։ Ես հասկացա մի քանի բան. իմացա նախ՝ մարդու՝ հասարակությունից տարբերվելու և դրա պատճառով վերջինիս կողմից տուժվելու, և երկրորդ՝ ճակատագրի հետ խաղ չանելու մասին։ Առաջինը շատ պարզ է. տղայի անունը շահարկվում էր բարեկամների, ընկերների, պարզապես ծանոթ-անծանոթների կողմից և դառնում էր ծիծաղի առարկա։ Երկրորդը կապված է սերունդների հետ, իսկ եթե ավելի կոնկրետ՝ պապիկի՝ կարկուտից տուժելու, տղայի՝ քարերից տուժելու։ Իսկ վերջ ի վերջո ո՞րն էր տուժվելու պատճառը, քանի որ թե՛ պապիկի, թե՛ տղայի մոտ այն նույնն էր՝ տարբերվելը։ Տուժվելու պատճառը հասարակության պես չմտածելն էր, հանրային կարծիքով չշարժվելու, բոլորի կողմից ընդունված կանոններին չենթարկվելը, սեփականը ստեղծելն ու սեփականով շարժվելը։ Երկուսն էլ անվախ ազնվության մարտիկներ էին։ Եթե անկեղծ՝ այնքան էլ էական չէ նրանց տուժվելու նախադրյալներն ու նախաբանները, կարևոր են ընթացքն ու վերջաբանը։ Ընթացքի մասին գիտենք, սակայն վերջաբանը տարբերվում է. պապիկը մահանում է, տղայի մասից պատմվածքը կտրվում է։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ հասարակությունից պարզապես տարբերվելու ունակությունն էր երկուսին դարձնում ավելի խիզախ ու հեղինակավոր՝ մյուսների աչքերում, քանի որ նրանք դեմ էին գնացել հասարակական կարծիքին ու կանոններին, ընդունել էին իրենց սեփականը, որը որոշ դեպքերում միգուցեև ճիշտ էր։

Թողնել մեկնաբանություն