Ֆինլանդացի ուսուցիչների այցը կրթահամալիր. ամփոփում

Երեքշաբթի օրը՝ հունիսի 11-ին, կրթահամալիրը հյուրընկալեց ֆինլանդացի ուսուցիչների խմբին։ Մանկավարժների այցի նպատակն էր հեղինակային կրթական ծրագրի միջավայրի և կազմակերպման հետ ծանոթությունը։

Այցի կազմակերպչական հարցերով պատասխանատուներն էին ավագ դպրոց-հետազոտական վարժարանի անգլերենի ուսուցչուհի Իրինա Ապոյանն ու հետազոտական վարժարանի սովորողների խումբը։ Օրակարգին կարող եք ծանոթանալ ստորև՝

  • 10։00՝ խմբի ընդունելություն Հյուսիսային դպրոց-պարտեզում;
  • 10։00-10։20՝ Արվեստի փառատոն․ «Ռակո»․ աշխատարան Վահրամ Գալստյանի հետ․Արտասահման արվեստանոց Լեզվագործունեության ճամբար;
  • 10։20-10։40՝ քայլք Արևելյան դպրոց լրացուցիչ կրթության ճամբար;
  • 10։40-11։00՝ քայլք քոլեջ Խաղողի ու գինու դպրոց նախակրթարանային խմբերի բացօթյա գործունեություն։

Հյուրերին դիմավորեցինք Հյուսիսային դպրոց-պարտեզում, որտեղիցև սկսեցինք կրթահամալիրի հեղինակային ծրագրի հետ ծանոթությունը։ Սկզբում ֆին մանկավարժներին ընկեր Իրինան հակիրճ ներկայացրեց կրթական համակարգը, հեղինակային ծրագիրը։ Հյուսիսային դպրոց-պարտեզի բակում հյուրերին դիմավորեց ծրագրի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը, ով ներկայացրեց փառատոնները, արտասահմանում իրականացվելիք նախագծերը։ Փոքր-ինչ մտափոխանակումներից հետո, ֆինլանդացի ընկերների հետ շրջեցինք նաև քանդակագործության լաբորատորիայով, որտեղ խմբակի սաները՝ ուսուցչուհու՝ ընկեր Ալիսայի գլխավորությամբ, ցույց տվեցին իրենց աշխատանքները և պատմեցին իրենց փորձառության մասին։ Ամբողջ լաբորատորիայում կային բազմաթիվ քանդակներ, որոնք թե՛ սիրողական, թե՛ պրոֆեսիոնալ բնույթ ունեին։ Մանկավարժները տպավորված էին գործերով. ոմանք նույնիսկ պնդեցին, որ նմանատիպ հեղինակային ծրագիրը պետք է գործի նաև Ֆինլանդիայի տարբեր ուսումնական հաստատություններում՝ նպաստելու սովորողի ինքնարտահայտմանն ու ինքնադրսևորմանը։

Մեր այցը շարունակեցինք Սարալանջում, որտեղ հյուրերին պատմեցինք բույսերի, խաղողի տեսակների մասին, որոնք օգտագործվում են գինու դպրոցում՝ գինի արտադրելու համար։ Սարալանջից տեղափոխվեցինք Արևելյան դպրոց-պարտեզ, որտեղ մանկավարժներն ականատես եղան սաների նկարների ցուցադրությանը։ Արևելյան դպրոցում փոքր-ինչ շրջելուց, սովորողների հետ ծանոթանալուց և քննարկումներ ունենալուց հետո, հյուրերի հետ շարժվեցինք դեպի քոլեջ։

Քոլեջի բակ հասնելուն պես, ֆին մանկավարժներին երեխաները հրավիրեցին ծիրան քաղելու և համտեսելու։ Կրթահամալիրի հյուրերը մեծ սիրով և եռանդով միացան երեխաներին և նրանց հետ միասին համտեսեցին հայկական ծիրանը։ Ֆին ուսուցիչները միանգամայն տպավորված էին նման ընդունելությամբ և հյուրասիրությամբ ու անթաքույց պատմում էին իրենց տպավորությունների ու զգացումների մասին։ Քոլեջում նրանց ընդունեց տնօրեն Տաթև Բլեյանը, ով պատմեց քոլեջի կրթական համակարգի մասին, ինչպես նաև ցույց տվեց լուսավոր լսարանները։

Ֆինլանդացի մանկավարժների այցը ավարտվեց Խաղողի ու գինու դպրոցում, որտեղ նրանց համար ևս հյուրասիրություն կազմակերպվեց. նրանց առջև բացվեցին Մառանի դռները։ Ընկեր Մարիաննան՝ գինու դպրոցի ուսուցչուհին, պատմեց «Անապակ» գինու ստեղծման, մշակման մասին։ Որոշ ուսուցիչներ նաև գնեցին այդ գինին՝ տանն ըմպելու և որպես կրթահամալիր իրենց այցելության մասին խորհրդանիշ պահելու համար։

Այսպիսով, ֆին մանկավարժների խմբի այցը կրթահամալիր կարող ենք համարել հաջողված։ Մեր հյուրերը շատ տպավորված էին ընդունելությամբ և հյուրասիրությամբ, կրթահամալիրի հեղինակային ծրագրի ներկայացմամբ և գործնականում դրա ցուցադրությամբ։ Նրանք մեզ հետ կիսվեցին իրենց անմոռանալի զգացումներով։ Այսպիսի այցերը նպաստում են երկու ժողովուրդների հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը, և հենց այս այցի արդյունքում հատկապես ես ձեռք բերեցի նոր ծանոթություններ ու ընկերներ, որոնց հետ լինելու եմ մշտական կապի մեջ։ Այցը կարևոր էր նաև նրանով, որ հյուրերի մեծամասնությունն առաջին անգամ էր այցելում մեր երկիր, և սա մի նոր ազդակ եղավ նորից ու նորից այցելելու, մշակույթի ու պատմության, ինչպես նաև ավանդույթների ու ծեսերի հետ ծանոթանալու, մարդկանց հետ շփվելու ու նոր կապեր ձեռք բերելու համար։ Իմիջիայլոց, հյուրերը մեզ նաև խոստացան, որ հաջորդ անգամ երբ այցելեն Հայաստան, նորից գալու են մեր կրթահամալիր։ Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Իրինա Ապոյանին՝ այցը գերազանց կազմակերպելու համար։

Լուսանկարները՝ Իրինա Ապոյանի

Թողնել մեկնաբանություն