Այցելություն Կարեն Դեմիրճյանի թանգարան. ամփոփում

Հունիսի 5-ին՝ չորեքշաբթի, Վարդան Կարապետյանի գլխավորությամբ ամառային ճամբարի ջոկատն ուղևորվեց Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ հայաստանյան կենտրոնական կոմիտեի նախկին քարտուղար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, ԿԺՀ կուսակցության հիմնադիր, գթասիրտ, բարեպաշտ, բարեխիղճ մի հասարակ մարդու, շինարարի, ժողովրդի նվիրյալի ու ընտրյալի, բայց և մեկտեղ պատասխանատու ու լրջախոհ գործչի՝ Կարեն Դեմիրճյանի թանգարան։ Անկեղծորեն, թանգարան այցը որոշվել էր դեռ նախորդ շաբաթ՝ պատահական հանգամանքներում, սակայն նույնիսկ այդպիսի իրավիճակում սովորողներն ունեցան ավելի մեծ տպավորություններ ու զգացումներ, քան ակնկալում էին։

Կարեն Դեմիրճյանի թանգարան այցի նախապատրաստությանը կարող եք ծանոթանալ Վարդան Կարապետյանի բլոգում։

Թանգարան որոշեցինք գնալ երթուղայինով, ճանապարհը համեմատաբար երկար էր, սակայն տրամադրվածությունը տեսնելու ականավոր գործչի կյանքի ու գործունեության պատառիկները՝ անկասկած բարձր։ Քանի որ աշխատակիցների հետ նախօրոք պայմանավորվել էինք, այցը սկսեցինք այն պահին, երբ մուտք գործեցինք թանգարանի դռներից ներս։ Մինչ սովորողները աչքի ծայրով անց էին կացնում տեսանմուշները, որոնք դասված էին ամբողջ սրահով մեկ, ջոկատի ղեկավարն ու օգնականը, ինչպես նաև մի քանի սովորողներ հետաքրքիր զրույցների էին բռնվել աշխատակիցների հետ. կիսվում էին նախնական ակնկալիքներով ու տպավորություններով, պատմում էին իրենց լսած պատմությունները Մեծն Հերոսի մասին։

Ի դեպ, Կարեն Դեմիրճյանի մասին պակաս չեն հետաքրքիր նախագծերն ու ծրագրերը, որոնք իրականացվում են կրթահամալիրում։ Առաջարկում եմ տեսնել թերևս ամենածավալունն ու հետաքրքիրը, որն իրականացրել եմ գրականության դասընթացի շրջանակներում. «Իմ հերոսը» նախագիծ։

Եվ ջանքերի համար և հոգսերից բազում
Բանաստեղծն իր սրտի վերջին խոսքն է ասում։
— Որպեսզի հար մնար նաիրյան ոգին,
Քեզ պես հովիվ էր պետք մեր այս անտեր հոտին…

Համո Սահյանը՝ Կարեն Դեմիրճյանի մասին

Ամառային ջոկատի սովորողներին աշխատակիցներն ամենասկզբում ծանոթացրին Մեծն Հայի ծննդյան, նրա ընտանիքի, ուսման տարիների, այնուհետև՝ աշխատանքային կարիերայի մասին։ Պատմեցին, թե ինչպիսի ողբերգական ավարտից են խուսափել բժիշկներն ու ծնողները, երբ հասարակ մի աշխատող հայտնաբերել է մահացած համարվող երեխային շարժվելիս և լալիս։ Պետք է առանձնահատուկ շեշտել, որ սովորողները կլանված լսում էին ու փորձում էին ամեն մի դետալ ու մանրուք հիշել ու իրենց մտքում վերծանել։ Դրանից հետո, ըստ հերթականության, ներկայացվեցին Կարեն Սերոբովիչի՝ կարիերայի ընթացքում վաստակած մեդալներն ու աշխատանքային շքանշանները, որոնք նա ստացել էր իր բարեխիղճ ու ջանասիրաբար կատարված աշխատանքի համար։ Հետաքրքիրն այն էր, որ ամբողջ ցուցադրության ու ներկայացման ընթացքում մեզ ուղեկցում էին թե՛ Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք կառուցված աննկարագրելի գեղեցիկ ու շինարարության տեսանկյունից հրաշալիք համարվող շենք-շինությունները (Զվարթնոց օդանավակայան, «Հրազդան» ստադիոն, Մետրոպոլիտեն, Երիտասարդական պալատ (Կուկուռուզնիկ), Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մարզահամերգային համալիր), թե՛ նրա անթիվ-անհամար հուշամեդալներն ու շքանշանները, թե՛ նրան տարբեր պետությունների ղեկավարների կողմից նվիրված հուշանվերները, և թե՛ իր սեփական իրերն ու ապրանքները, հագուստներն ու հայրենիքի շենացման համար ստորագրված փաստաթղթերն ու արժեքավոր վավերագրերը։

Իրապես որ սովորողները հետաքրքրասիրությամբ հետևում էին աշխատակիցներին սրահի մի ծայրից մյուսը, և փորձում էին ըմբռնել այն անգնահատելի մեծ ծավալի աշխատանքը, որը կատարել է Կարեն Դեմիրճյանը իր պետության կայացման, բարգավաճման, բարեկեցության ու պայծառ ապագայի համար։ Մենք՝ սովորողներս, փորձում էինք նաև ամեն կերպ կիսվել մեր իմացած պատմություններով. ոմանք ընթերցել էին գիրքը և կիսվում էին բովանդակության կարևոր կետերով ու պատմություններով, ոմանք էլ համացանցում գտել ու ուսումնասիրել էին Մեծն Հայի կյանքն ու կարիերան։

Երբ 1988թ. ժողովուրդը չհասկացավ ինձ ու հեռացավ ինձանից, ես որոշեցի, որ այլևս չպետք է մնամ քաղաքականության մեջ և հեռացա։
1998թ. ես հասկացա, որ պետք եմ իմ ժողովրդին, որ նա հույսեր է կապում ինձ հետ, սպասումներ, և ես վերադարձա։

Կարեն Դեմիրճյան

Ամենահեռվում գտնվող սրահում սովորողները ծանոթացան Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակի մակետի հետ։ Դա հենց նույն այն աշխատասենյակն էր, որտեղ խորհել ու մտածել, ապրել ու աշխատել, կարևոր որոշումներ է կայացրել կենտկոմի առաջին քարտուղարը։ Սովորողներին նաև բախտ վիճարկվեց ծանոթանալու Ազգային ժողովի նախկին նախագահի սեփական իրերի ու հագուստների, հատկապես՝ պաշտոնական կոստյումների ու փողկապների հետ։ Իսկ վերջում, մեզ հնարավորություն ընձեռվեց նաև ետնաբակում ուսումնասիրելու ցուցահանդեսի հանված նկարները։ Պետք է նշել, որ բացի մշտական ցուցադրությունից, թանգարանում կազմակերպվում և գործում են նաև ժամանակավոր ցուցադրություններ, և դա ևս մեկ առավելությունն է այս հոյակերտ թանգարանի։

Դեմիրճյան Կարեն Սերոբի — Hayazg

Այսպիսով, Կարեն Դեմիրճյանի թանգարան մեր այցելությունը մոտեցավ ավարտին։ Բոլորս տուն վերադարձանք անմոռանալի հիշողություններով ու մեծագույն ակնկալիքներով և հույսերով՝ նորից ու նորից թանգարան այցելելու ու հերթական անգամ նմուշները վերհիշելու։ Հատուկ շնորհակալություն թանգարանի աշխատակիցներին՝ Մեծն Գործչի կյանքն ու կարիերան դյուրըմբռնելի, պատշաճ կերպով ներկայացնելու և պատմելու համար։ Իսկապես այսօր մեր առաքելությունն է ճանաչել և հիշել մեր հերոսներին, ովքեր անտեսելով իրենց գլխի վրա կախված վտանգը, միևնույնն է համառորեն և պարզ ճակատով նայեցին դեպի ապագա, անշեղորեն ու աշխատասիրաբար գործեցին հանուն մեկ նպատակի՝ հզոր ու կայացած Հայաստանի։ Ցավոք, հայը միատեսակ չէ։ Կարեն Դեմիրճյանի պես ազգանվեր գործիչն էլ զոհվեց մի խումբ հայ ոճրագործների ձեռքով կրակած գնդակներից։ Եվ ակամայից հիշում ես Մեծ Մարդու մեծ խոսքերը, թե «հարցերն այդպես չեն լուծվում» և վերստին վերաարժևորում ես թե՛ նրան, թե՛ նրա թողած հետքն ու ժառանգությունը։ Շնորհակալություն ուշադրության համար։

Լուսանկարները՝ համացանցից, Վարդան Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել մեկնաբանություն