Մհեր Իսրայելյանի հետ հանդիպում-քննարկման ամփոփում

Հունիսի 7-ին՝ ամառային ճամբարի վերջին օրը, կրթահամալիրի ավագ դպրոց-հետազոտական վարժարանը հյուրընկալեց գրող, ռազմական դիվանագետ Մհեր Իսրայելյանին։ Հանդիպում-քննարկման նախաձեռնողներն էին ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության դասավանդող Ելենա Սարգսյանն ու պատմության, հասարակագիտության դասավանդող, ջոկատի ղեկավար Վարդան Կարապետյանը։

Մհեր Իսրայելյան

Մհեր Իսրայելյանի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև նախագծին կարող եք ծանոթանալ ստորև՝

Մինչ հանդիպումը, ամառային ճամբարի ընթացքում ջոկատի սովորողները գեթ ամեն օր ընթերցում էին Մհեր Իսրայելյանի հոդվածներն ու պատմվածքները, ծանոթանում էին նրա գրական ժառանգության հետ, վերլուծում ու դուրս էին գրում կարևոր և առանցքային նշանակություն ունեցող հատվածները։ Ընթերցելուց հետո տիկին Ելենայի նախաձեռնությամբ կազմակերպվում էին փոքրիկ զրույց-քննարկումներ, որոնց ընթացքում սովորողները կիսվում էին իրենց տեսակետերով, կարծիքներով, վերլուծություններով։ Հատկանշականն այն էր, որ ոչ միշտ էին սովորողների կարծիքները համընկնում կամ նման լինում, և հենց դա էր ամենահետաքրքրիր բաղադրիչը։

Հանդիպում-քննարկումը տեղի ունեցավ ուրբաթ օրը՝ ավագ դպրոց-հետազոտական վարժարանի ընթերցասրահում։ Հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն Վարդան Կարապետյանի ջոկատի սովորողները, այլև պատմության ուսուցիչ Սամվել Թամազյանի ջոկատի սովորողները, հասարակագետները, դասավանդողները, ուրիշ հետաքրքրված անձինք։

Քննարկման ամենասկզբում սովորողները հետաքրքրվեցին Մհեր Իսրայելյանի կենսագրությամբ, հնչեցին սովորողներին հուզող բազմաթիվ հարցեր։ Անդրադարձ եղավ նաև Մհեր Իսրայելյանի ռազմական դիվանագիտության մասնագիտությանը, խոսվեց կարիերայի մասին։ Սովորողների ընթերցած ցուցակում մասնավորապես տեղ էին գտել ներքոհիշյալ պատմվածքները՝

Պետք է ընդգծել, որ բոլոր պատմվածքներում կային յուրահատուկ խորհուրդներ, և սովորողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է գրեթե ամեն ստեղծագործության մեջ հիմնական միտքը կապված ընկերության, ընկերոջ հետ, ո՞րն է դրա շարժառիթը, պատճառը։ Այս հարցին Մհեր Իսրայելյանը պատասխանեց շատ հետաքրքիր ձևով, ասելով, թե ճիշտ, անկեղծ, փոխադարձ վստահության ու հարգանքի վրա հիմնված ընկերությունը մեր դարում շատ քիչ է հանդիպում։ Եվ եթե ուշադիր ընթերցենք պատմվածքները, պարզ կդառնա, որ գրեթե ամեն տեղ կա ինչ-որ փոքրիկ խաբեբայություն, դավաճանական քայլ։ Եվ ես կարծում եմ, որ հենց սա է կարևորը մասը. ամեն մեկս պետք է լինենք առավել զգոն և զգույշ, քանի որ ինչ նկարագրված է պատմվածքներում կարող է պատահել նաև մեզ հետ։

Վարդան Կարապետյանի ջոկատի սովորողների հետ միասին ներկաները առավել մեծ հետաքրքրությամբ լսում էին Մհեր Իսրայելյանի՝ իր իսկ ստեղծագործությունների մասին սովորողների դիտարկումների և դրանց հետ կապված հարցերի պատասխանները, վերլուծությունները, կարծիքները։

Վերջում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից Մհեր Իսրայելյանին սովորողները նվիրեցին Խաղողի և գինու դպրոցում արտադրված «Անապակ» գինին։ Թե՛ սովորողները, թե՛ դասավանդողները, և թե՛ հենց Մհեր Իսրայելյանը շատ տպավորված էին հանդիպում-քննարկմամբ։ Ռազմական դիվանագետն ու համատեղությամբ նաև ժամանակակից գրողը շատ զգացված էր, որ իր պատմվածքներն արժանանում են նման հետաքրքրության, և որ սովորողները մեծ սիրով ընթերցում են դրանք։ Փոքր-ինչ մտափոխանակումներից հետո, մենք մեկմեկու հրաժեշտ տվեցինք՝ նորից հանդիպելու և քննարկելու ակնկալիքով։ Շնորհակալություն ուշադրության համար։

Թողնել մեկնաբանություն