Ուսումնահայրենագիտական ճամփորդության ամփոփում. գրքի քննարկում Հորս բնակավայրի պեղավայրում

Ամենասկզբից պետք է խոստովանեմ, որ մեր այցից շատ տպավորված եմ, և այս ամփոփում-հաշվետվությունը գրում եմ չափազանց ոգևորված վիճակում, այն աստիճան, որ անգամ բառերն են մեկը մյուսի հետևից շտապում հայտնվել տողերի վրա։

Այսպիսով… հունիսի 6-ին՝ ամառային ճամբարի նախավերջին օրը, մի հավես ճամփորդական խմբով՝ ղեկավար-ուսուցիչների, հասարակագետների ուղեկցությամբ, ճամփորդեցինք դեպի Հայաստանի Վայոց ձորի մարզ։ Մեր այցի նպատակները իրապես շատ էին. սովորողների՝ հայաստանյան բնության գրկում հաճելի զրույցներ ունենալուց, քաղցրահամ օդն ու ջուրը վայելելուց բացի, ունեինք նաև այլ ավելի կարևոր նպատակներ, որոնք ցանկանում էինք իրականացնել։ Դրանք էին՝

  • մասնակցել Հորս բնակավայրում հնագիտական պեղումներին, ծանոթանալ Չեսար Օրբելյանի ապարանքին, եկեղեցուն,
  • անցկացնել «Օպերացիա Զոդ» գրքի քննարկումը՝ հեղինակի՝ հնագետ, պ. գ. թ. Ավետիս Գրիգորյանի հետ,
  • այցելել «Արենիի» գինու գործարան,
  • այցելել «Արենիի» կամ «Թռչունների» քարանձավ, ծանոթանալ հնամենի նմուշների հետ։

Մեր ճամփորդության նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Վարդան Կարապետյանի բլոգում։

Ինչպես տեսնում ենք, մեր օրն իսկապես հագեցած էր, և պետք է առանձնահատուկ շեշտել, որ մենք մեր առաքելությունը գերազանց կատարեցինք, ամեն ինչ հասցրեցինք և բարձր տրամադրությամբ վերադարձանք մայրաքաղաք Երևան՝ ամփոփելու, հաշվետվություն կազմելու, տպավորություններով կիսվելու նկատառումով։ Նշեմ, որ մեզ՝ սովորողներիս, ուղեկցում էին մի խումբ հասարակագետներ, ի դեմս՝ Վարդան Կարապետյանի, Աշոտ Տիգրանյանի, Սամվել Թամազյանի, Արմեն Ոսկանյանի և հայոց լեզվի ու գրականության դասավանդող՝ Ելենա Սարգսյանի։

Մեր հավես ճամփորդության պատումը ներկայացնենք հենց ամենասկզբից. ժամը 8:20-ի մոտակայքում, ինչպես որ նախօրոք պայմանավորվել էինք, հավաքվեցինք Մայր դպրոցի բակում, որտեղիցև պետք է մեկնեինք։ Ճանապարհը երկար էր, սակայն նույնիսկ չափազանց մեծ հեռավորությունը ետ չէր պահել մեզ՝ մասնակիցներիս, նորանոր բացահայտումներից և արկածներից։ Առաջին կանգառն ունեցանք Արարատի մարզի Զանգակատուն գյուղում՝ զով աղբյուրի հարևանությամբ։ Կարճատև զրույցներից և ակնկալիքների փոխանակումներից, ինչպես նաև էներգիայի հավաքումից հետո ընկանք ճամփա։

Հաջորդ կանգառը «Արենիի» գինու գործարանն էր, որտեղ մեզ ծանոթացրին մառաններում պահվող, այնուհետև՝ վաճառքի հանվող գինիների պատրաստման տեխնոլոգիաների հետ։ Աշխատակիցները համեմատական փորձ արեցին նաև այլ գինեգործարանների արտադրած ապրանքանիշերի հետ, իսկ մենք ներկայացրինք Սեբաստացի քոլեջում աճեցվող խաղողից գինու դպրոցում պատրաստվող, վաճառվող գինիների մասին։

Հաջորդ թերևս ինձ համար ամենասպասված կանգառը Հորս գյուղն էր։ Այն ծառերի և ոչ շատ բարձր բլուրների խորքերում կորած մի բնակավայր էր։ Ես ունեի շատ մեծ սպասումներ և ակնկալիքներ, որոնք և արդարացվեցին։ Այնտեղ մեզ դիմավորեց հնագիտական արշավախումբը՝ պ. գ. թ. Ավետիս Գրիգորյանի գլխավորությամբ։ Մեր խնդրանքով փոքրիկ էքսկուրսիա կազմակերպվեց գյուղ այցելած սովորողների ու հասարակագետների համար. մեզ ծանոթացրին պեղումների արդյունքում հայտնաբերված իր թվերի ամենաազդեցիկ ու հզոր իշխաններից մեկի՝ Չեսար Օրբելյանի ապարանքին։ Այն մի մեծ շինություն էր, որը դժվար էր պատկերացնելը, թե ինչպես էր դիմակայել տարատեսակ արհավիրքներին և պահպանվել մինչև մեր օրեր։ Ավետիս Գրիգորյանը պատմեց, թե ինչպես է փորվել, հայտնաբերվել ապարանքը, ինչպիսի գործիքներ և կենցաղային պարագաներ են գտնվել։ Լուրերի լուսաբանմանը ծանոթացեք ստորև՝

Չեսար Օրբելյանի ապարանքից քիչ վերև գտնվել է նաև փոքրի եկեղեցին, որն այժմ կիսավեր է, սակայն ապարանքի նման՝ կանգուն։ Այնտեղ մեզ Ավետիս Գրիգորյանը ներկայացրեց ճարտարապետությունը, պատմեց, որ արձանագրություններ են հայտնաբերվել՝ կապված շինարարության տարեթվի հետ։ Մենք նաև իմացանք, որ այդ շինարարությանը մասնակցել է անձամբ իշխանը, և այնտեղ ուխտագնացություններ կազմակերպել։ Ցավոք, տեղի բնակիչների անտարբեր վերաբերմունքի պատճառով իրենցից իսկ կողմից պատմական և մշակութային արժեք ներկայացնող պարագաները, սալիկները, քարերն ու շինանյութերը օգտագործվել են սեփական կարիքների, բնակարանների կառուցման նպատակով։ Բայց, այնուամենայնիվ, այժմ ունենք բացառիկ հուշարձան՝ բաց երկնքի տակ։

Փոքր, բայց և մեկտեղ բովանդակալից, իմաստալից, հետաքրքիր էքսկուրսիայից հետո տեղի ունեցավ թերևս ինձ համար ամենասպասված քննարկումը՝ «Օպերացիա Զոդ» գրքի քննարկումը։ Գիտեք, գրքի քննարկմանը պատրաստվել ենք երկար ժամանակ, սակայն բուն քննարկման տեղը մեզ համար եղել է անսովոր։ Պարբերաբար քննարկել ենք, թե երբ պետք է կրթահամալիր հրավիրենք հեղինակներին, ինչպես պետք է կազմակերպենք, ինչպիսի հարցեր պիտի նախապատրաստենք, և այս ամենից հետո, պատահական հանգամանքների բերումով, մեզ եզակի հնարավորություն ընձեռվեց կազմակերպել հանդիպում-քննարկումը հենց պեղավայրում՝ գրքի հիմնական հեղինակի՝ Ավետիս Գրիգորյանի հետ։ Պետք է պատկերացնել էմոցիաները, հույզերը, հատկապես իմ, որ երկար վեճերի, տարաձայնությունների արդյունքում կարողացանք նախաձեռնել, կազմակերպել և իրագործել դա։ Ես իսկապես տպավորված էի, նույնիսկ՝ մի քիչ հուզված, սակայն հպարտ էի, որ կարողացել էի հանդիպել մերօրյա հերոսներից մեկի հետ։

Գրքի քննարկումը կազմակերպեցինք ծառի տակ, որտեղ շրջանագիծ կազմելով սկզբից սկսեցինք փոխանակվել տպավորություններով ու զգացումներով, իսկ հետո անցանք բուն գրքին։ Ավետիս Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչպես ծագեց միտքը գիրք գրելու, խոսեց «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամից, որը անհամեմատ կարևոր օժանդակություն ցուցաբերեց հեղինակներին։ Խոսվեց նաև պեղումների մասին (գրքի վերջին գլուխը նվիրված է Սիլիկյան եղբայրների գերեզմանատանը, որը հեղինակները պեղել և գտել են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Սոթք բնակավայրում)։

Իմիջիայլոց, գրքի նախապատրաստական աշխատանքին կարող եք ծանոթանալ անցնելով հղմամբ։

Մի խոսքով՝ քննարկեցինք շատ-շատ ու շատ երկար։ Անշուշտ, կտրել-անցել էինք երկար ճանապարհ, սակայն բոլորիս ակնկալիքները արդարացվեցին։ Ես, քանի որ պատրաստել էի պրեզենտացիա, ներկայացրի այն, խոսեցի գլուխների, մեջբերված պատմությունների, օպերացիայի բուն ընթացքի ու գործողությունների հերթականության, ժողովրդական հերոսների ու հակահերոսների, ավանդազրույցների ու բանահյուսությունների, ադրբեջանական ներկայիս կարծիքի մասին, ինչպես նաև համեմատականներ տարա այժմյան իրավիճակի հետ։ Հատկանշականն այն էր, և ես իմ խոսքում դա մասնավորապես նշեցի, որ գրքի քննարկումը տեղի էր ունեցել հենց հեղինակի հետ, այսինքն՝ ինչ-որ մանրամասներ, տեսակետեր, կարծիքներ, հավելյալ տեղեկություններ կարելի էր իմանալ անձամբ իրենից։ Կարծում եմ՝ ամենալավ նկարագրությունը կարող է տալ ընկեր Վարդանը։

«Բովանդակային քննարկում ունեցանք, ականատեսը եղանք հնագիտական եզակի բացահայտման, որը թիմային լուրջ աշխատանքի արդյունք է` հնագետ Ավետիս Գրիգորյանի ղեկավարմամբ…մեր սովորողները տպավորված են»։

Առաջարկում եմ կարդալ նաև Ավետիս Գրիգորյանի փոքրիկ լուսաբանումը՝ ֆեյսբուքյան իր էջում։

Վերջում մի փոքր երկխոսությունների, փոխադարձ շնորհակալական խոսքերից ու հրավերներից հետո, մեկմեկու ջերմորեն հրաժեշտ տվեցինք՝ նորից հանդիպելու և լսարանի ավելի մեծ ձևաչափով քննարկելու, այսօրվա իրավիճակի մասին կարծիք փոխանակելու, իրարից նորանոր գիտելիքներ քաղելու սպասումով ու ակնկալիքով։ Մեր հաջորդ և վերջին կանգառը դարձավ Արենիի քարանձավը, որտեղ մենք ծանոթացանք անտիկ շրջանի տեսանմուշների հետ, որոնք թվագրվում էին նույնիսկ մեր թվարկությունից առաջ։

Այսպիսով, այլևս խոսքեր չունեմ նկարագրելու մեր հրաշալի ճամփորդությունը դեպի Հայաստան աշխարհի Վայոց ձորի մարզ։ Եթե փորձեմ հակիրճ, ապա տուն հասնելուն պես միանգամից քնել եմ (այդքան հավես ու վերջին հաշվով հոգնեցուցիչ ճամփորդություն ենք ունեցել)։ Ճամփորդությունն, իհարկե, նորանոր գիտելիքներ պարգևեց մեզ, մենք՝ սովորողներս և դասավանդողներս, ճանապարհին շփվելով ու խոսելով, ավելի լավ ճանաչեցինք իրար, և նույնիսկ չնկատեցինք, ինչպես արագ անցավ ամենասկզբում երկար ու տհաճ թվացող այդ ժամանակը։ Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել մեր դասավանդողներին՝ նման անկրկնելի ճամփորդություն կազմակերպելու համար։ Մեծագույն շնորհակալություն եմ ցանկանում հայտնել պրն. Ավետիս Գրիգորյանին՝ մեզ համար ժամանակ հատկացնելու, էքսկուրսիա անելու, հետաքրքիր քննարկում ունենալու համար։ Իրապես ունեցել ենք շատ կարևոր, բովանդակալից ճամփորդություն։ Նույնիսկ մի պահ չէինք էլ հասկանում, թե մեկ օրում ինչպես ենք հասցրել այդքան բան անել։ Եվ վերջ ի վերջո, շնորհակալություն քեզ, սիրելի ընթերցող, համբերատարության համար։

Լուսանկարները՝ Վարդան Կարապետյանի, Ելենա Սարգսյանի, Ավետիս Գրիգորյանի

Թողնել մեկնաբանություն