2024 թվականի հուլիսի 8-12 Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում անցկացվեց Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մոդելի երևանյան (Yerevan Model United Nations) համաժողովը։ Ամբողջ համաժողովի ընթացքում Հայաստանը, և մասնավորապես Երևանը, հյուրընկալել էր օտարազգի երիտասարդների և պատանիների, որոնք հանդես էին գալիս իրենց բաժին հասած պետությունների անուններից տարբեր կոմիտեներում և փորձում էին պաշտպանել շահերն ու հետաքրքրությունները։ Այժմ ժամանակն է կիսվելու ձեզ հետ իմ տպավորություններով, զգացումներով համաժողովի վերաբերյալ։
Փոքր-ինչ ՄԱԿ-ի երևանյան մոդելի մասին

YereMUN-ը Միավորված ազգերի կազմակերպության ամենամեծ մոդել համաժողովն է Կովկասում, որն ամեն տարի անցկացվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Համաժողովը համախմբում է հարյուրավոր երիտասարդ մտքեր աշխարհի բոլոր անկյուններից: Սա ՄԱԿ-ի միջազգայնորեն ճանաչված սիմուլյացիա է, որտեղ ուսանողները մասնակցում են որպես պատվիրակներ՝ պատկերելով տարբեր երկրներ՝ կազմակերպված դիվանագիտական ձևով քննարկելու համաշխարհային խնդիրները: YereMUN 2024-ը ուներ 8 հանձնաժողով՝ 5 անգլերեն, 1 ֆրանսերեն, 1 ռուսերեն և 1 հայերեն, և պատվիրակներից յուրաքանչյուր հնարավորություն ունեցավ միանալու դրանցից մեկին:
Ավելին կարող եք իմանալ՝ այցելելով YereMUN-ի պաշտոնական կայքէջ։
Համաժողովի կազմակերպչա-տեխնիկական հարցերը
Մինչ համաժողովի մեկնարկը յուրաքանչյուր կոմիտե՝ ի դեմս նախագահների, անցկացրեց իր դասընթացը, որի ընթացքում քննարկվեցին համապատասխան կոմիտեի գումարվող նիստերի, նստաշրջանների, քննարկումների ու բանավեճերի, բանաձևերի ընդունման, հաստատման և այլնի ընթացակարգերն ու ձևերը։ Կարևոր անդրադարձ է եղել յուրաքանչյուր աշխատանքային օրվա օրակարգին։ Պետք է նշեմ, որ հուլիսի 8-ը՝ համաժողովի առաջին օրը, ևս եղել է տեխնիկական հարցերի պարզման օր։ Բացման արարողությունից հետո (որի մասին քիչ անց կխոսվի) յուրաքանչյուր կոմիտեին տրվել են իրենց լսարանները, դրոշները, քարտերը, ինչպես նաև անդամ-պետությունների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ միմյանց հետ, հաստատել գործնական հարաբերություններ, ընդհանուր հայտարարի գալ ինչ-ինչ կարևոր ու շուտափույթ լուծում պահանջող հարցերում։
Ներկայացնելով ուրիշ պետության շահերը …

YereMUN համաժողովի շրջանակներում յուրաքանչյուր պատվիրակ ներկայացնում էր ինչ-որ սպեցիֆիկ երկիր։ Բախտի բերմամբ, թե պատահմամբ, շատերը ներկայացնում էին կա՛մ իրենց երկիրը, կա՛մ իրենց ուզած երկիրը։ Վստահաբար կարող եմ պնդել, որ գոհ եմ այն երկրից, որն ինձ բաժին էր հասել։ Այսպիսով, ես համաժողովի ընթացքում Հյուսիսատլանտյան (ՆԱՏՕ) կոմիտեում ներկայացնում էի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը։ Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել աշխարհի հզորագույն ու ամենաազդեցիկ երկրներից մեկը։ Պետք է հավելեմ, որ թեև սա իմ առաջին փորձն էր նման միջազգային կոնֆերանսում, միևնույնն է թե՛ ես, թե՛ մյուսները շատ գոհ մնացինք, և նույնիսկ պահ էր լինում, որ կատակում էինք, ասելով. «Միացյալ Թագավորությունը ձեռքից բաց է թողել իսկական պատվիրակ»։ Այժմ ստորև ներկայացնեմ մեր աշխատանքային օրերը։
Հուլիսի 8
Ժամանելով Երևանի պետական համալսարան, որտեղ անցկացվում էին նիստերը ՝ պատվիրակներին և նախագահներին, կամավորների կողմից, տրամադրվում էին հատուկ բեյջեր, ինչպես նաև նվերներ, որոնք հաճելիորեն զարմացնում էին։ Ինչքան բազմազան տպավորություններ ու զգացումներ էին համակում մեզ, երբ դռնից ներս էինք մտնում և հայտնվում մի կարևոր վայրում, որտեղ բոլորը միմյանց հետ խոսում էին պաշտոնական և դիվանագիտական լեզվով, հաստատում էին կապեր և քննարկում օրհասական խնդիրներ։ Հատուկ ընդգծեմ, որ ամենաառաջին իսկ րոպեներից, ինչ ես հասա պետական համալսարանի հարակից այգի, ձեռք բերեցի խելացի ու նպատակասլաց ընկերներ, որոնց հետ համաժողովի շրջանակներում հնարավորություն ունեցա շատ ու շատ առերեսվելու, խոսքեր ու մտքեր փոխանակելու։ Մեր մեջ կապն այսօր էլ ամուր է և շարունակում է օրեցօր ամրապնդվել ու զարգանալ։ Համաձայն օրակարգի՝ պատվիրակների ընդունմանն ու գրանցմանը հաջորդեց բացման հանդիսավոր արարողությունը, որը տեղի ունեցավ ԵՊՀ գիտական խորհրդի սրահում։
Բացման խոսքով հանդես եկան YereMUN-ի գլխավոր կազմակերպիչ, նախագահ Վրույր Հլղաթյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, գլխավոր քարտուղար Լիլիթ Մանուկյանը և այլոք։ Հատուկ նշվեց, որ կոնֆերանսի ընթացքում ձեռք բերված փորձն աննկարագրելի մեծ ազդեցություն կունենա ապագա դիվանագետի կարիերայում, կօգնի ավելի լավ պատկերացում կազմել այդ մասնագիտության մասին։ Հանդիսավոր արարողությունից հետո ճաշի ժամն էր, որն ուղեկցվեց համեղ ուտելիքների հյուրասիրությամբ և համտեսով։ Ճաշին հաջորդեցին տեխնիկական աշխատանքները պատվիրակների և կոմիտեների հետ։
Հուլիսի 9
Արդեն ծանոթ լինելով ՄԱԿ-ի արարողակարգին և ընթացակարգին՝ պատվիրակների՝ ԵՊՀ համապատասխան լսարաններ ժամանելուն պես, սկսվեցին նստաշրջանները, որոնք բացվեցին բանախոսների ցուցակներով։ Յուրաքանչյուր նիստի ժամանակ Հյուսիսատլանտյան կոմիտեի անդամ-պետությունները հանդես էին գալիս հայտարարություններով, կոչերով, հորդորներով կամ առաջարկներով. ներկայացնում էին իրենց տեսակետերն ու մտահոգությունները՝ մեր կոմիտեին համապատասխան թեմայի՝ «Ռուս-չինական համագործակցության ենթատեքստը, ՆԱՏՕ-ի դիրքերի ամրապնդումը» շուրջ։ Նշեմ, որ անդամ-պետություններն էին՝ Միացյալ Թագավորությունը, Միացյալ Նահանգները, Լեհաստանը, Իտալիան, Ֆինլանդիան, Կանադան, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Դանիան։ Առաջին աշխատանքային օրն, հիմնականում, անցավ միմյանց դիրքորոշումների, դրանց վերաբերյալ առաջարկների ներկայացմամբ, առանձնահատուկ ուշադրություն պահանջող կետերի քննարկմամբ և բանաձևերի ընդունման շուրջ առաջին մտորումներով։ Բոլորս գոհ մնացինք առաջին աշխատանքային օրվանից, ավելի լավ ճանաչեցինք միմյանց դիրքորոշումները և որոշ հարցերում եկանք համաձայնության։
Համաժողովի նիստերից դուրս նաև կազմակերպվում էին տարատեսակ սոցիալական միջոցառումներ հյուրանոցներում, զվարճանքի կենտրոններում։ Առաջին օրը շարունակեցինք ԹՈՒՄՈ-յի այգում, որտեղ միասին շփվեցինք, ավելի լավ ճանաչեցինք մեկմեկու, սեղանային խաղեր խաղացինք և փոքր էլ շրջեցինք տարածքով։
Հուլիսի 10-11
Իրար հաջորդող երկու օրերն ամենածանր ու ժամանակատարն էին մեր գրաֆիկում, քանի որ հենց այս երկու օրերի ընթացքում պետք է ընդունվեր գլխավոր բանաձևը՝ ռուս-չինական համագործակցության ենթատեքստը ըմբռնելու, դրա հիման վրա ՆԱՏՕ-ի դիրքերն ամրապնդելու համար։ Նիստերն ու քննարկումները համեմատաբար ընթանում էին մեղմ ու մտերմիկ մթնոլորտում, սակայն կարևոր է նշել, որ առաջարկների, լուծումների տարբերակների քննարկման ընթացքում ժամանակ առ ժամանակ հնչում էին սուր քննադատություններ, ուղղումներ և մեկնաբանություններ՝ ընթացակարգից դուրս։ Չնայած այս ամենին՝ ամեն դեպքում մեզ վերջ ի վերջո հաջողվեց գալ ընդհանուր հայտարարի և ընդունել նույնիսկ երեք բանաձև, համաձայն որոնց, պետք է ամրապնդվեին Հյուսիսատլանտյան դաշինքի և հատկապես դրա անդամ-պետությունների դիրքերը։ Քննարկումներից զատ նաև մտքերի փոխանակումներ են տեղի ունեցել անդամ-պետությունների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման, ռազմավարական և մարտավարական տեխնոլոգիաների ու մեթոդների կիրառելիության անհրաժեշտության, միմյանց տարածքային ամբողջականությունների ու սահմանների հարգման և դրանց ուղղված նպատակահարմար քայլերի իրականացման, Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների ճշգրտման ուղղությամբ։ Ամբողջ նստաշրջանի ընթացքում, ՆԱՏՕ անդամ-պետությունների միաձայն որոշման շնորհիվ, առավել ուշադրություն են դարձվել ներքոհիշյալ կետերի վրա.
- ՆԱՏՕ-ի ու դրա անդամ-պետությունների դիրքերի ամրապնդում, շահերի նկատի առնում,
- Ռազմավարական և մարտավարական տեխնոլոգիաների մշակում, զարգացում,
- Ռուս-չինական համագործակցության ենթատեքստը բացահայտելու ուղղությամբ տարվող աշխատանքների ինտենսիվության մակարդակի բարձրացում,
- Ռազմական ծախսերի գնահատում,
- Անհրաժեշտ զենք-զինամթերքի ձեռք բերում,
- Անդամ-պետությունների՝ Ռուսաստանից և Չինաստանից քաղաքական-ֆինանսական անկախություն ապահովելու մակարդակի բարձրացում,
- Ռուս-չինական օրեցօր զարգացող համագործակցության ֆոնին ՆԱՏՕ-ի և դրա անդամների նկատմամբ հնարավոր ռիսկերի և սպառնալիքների գնահատում,
- Վերոնշյալ ռիսկերին և սպառնալիքներին դիմագրավելու համար քաղաքականության մշակում,
- Համապատասխան կետերի՝ գլխավոր բանաձևի մեջ ներառում,
- Անդամ-պետությունների վրա հանկարծակի հարձակման դեպքում համապատասխան քայլերի մշակում,
- այլն։
Գլխավոր բանաձևի մեջ, հիմնականում, տեղ են գտել ներքոհիշյալ ոլորտներին առնչվող հարցեր և առաջարկներ.
- Ռազմական ծախսերի ավելացում,
- Արդիականացում և ներդրումներ,
- Համագործակցություն կիբերանվտանգության ոլորտում,
- Բաց դռների քաղաքականության լավարկում,
- Համատեղ մարզումներ և զորավարժություններ,
- Մասնագիտացում և բեռի բաշխում,
- այլն։
Այսպիսով, բոլոր քայլերն, ի վերջո, հանգեցրին բանաձևերի ընդունման, որոնք անցան ծափերի ու դրական բացականչությունների ներքո։ Անդամ-պետությունները, իսկապես, շատ ակտիվ էին, ամեն մեկը փորձում էր նեգրավվել բանավեճերի ու քննարկումների մեջ և պաշտպանել իր երկրի շահերը։ Պետք է հատուկ նշեմ, որ մեզ մոտ ստացվել է հաստատել գործնական-դաշնակցային հարաբերություններ գեթ բոլոր երկրների հետ, հաջողվել է արդյունավետ քննարկումներ անցկացնել և հասնել ցանկալի վերջնարդյունքի։ Ես շատ գոհ ու շնորհակալ եմ իմ կոմիտեին՝ նախագահներ Անժելիկա Մանասարյանի և Սիաոցիեյի (Xiaojie Ji) գլխավորությամբ, էֆեկտիվ, արդյունավետ ու բեղուն աշխատանքային գործունեության համար։
Օրը շարունակեցինք գիտական խորհրդի սենյակում և մասնակից եղանք արտալսարանական դասընթացի, որի բանախոսներն էին Հայաստանում Սերբիայի դեսպան տիկին Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչի և Հայաստանում Իսպանիայի Թագավորության chargé d’affaires տիկին Քրիստինա Կոնեսայի հետ։ Իրապես արդյունավետ քննարկում ունեցանք, մտքեր փոխանակեցինք երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերում, շոշափեցինք նաև երիտասարդների՝ տվյալ երկրներ այցելելու դժվարություններն հաղթահարելու ուղիները, խոսեցինք արտասահմանյան կրթության կարևորության ու նպատակահարմարության մասին, կիսվեցինք համաժողովի մասին մեր տպավորություններով։ Դիվանագետների հետ հանդիպմանը հաջորդեցից փակման հանդիսավոր և հավաստագրերի հանձնման արարողությունները՝ համաձայն գրաֆիկի։
Անպայմանորեն նշեմ, որ երկրորդ օրը եզրափակեցինք President Hotel-ում, որտեղ նախատեսված էր Գալա համերգ, որը նույնպես ուղղված էր պատվիրակների միջև դրական ու, այսպես ասած, «բարիդրացիական» հարաբերություններ հաստատելուն։ Երրորդ օրվա վերջում էլ խմբով մի լավ ժամանակ անցկացրինք Արենա կենտրոնում, որտեղ խաղացինք բոուլինգ և բիլիարդ։
Իսկ վերջին օրը՝ հուլիսի 12-ին, խմբով այցելեցինք Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Մայր Հայաստան Ռազմական պատմության թանգարան, որտեղ ծանոթացանք Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ հանրապետությունների ռազմական գերատեսչությունների, զինված ուժերի գործունեությունների հետ, ճանաչեցինք մերօրյա հերոսներին, տեղեկացանք ռազմական օպերացիաների, ճակատամարտերի, պատերազմական հնարագործությունների մասին, հարգանքի տուրք մատուցեցինք հայրենիքի ու պետության համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների, սպաների, ենթասպաների հիշատակին։ Օրն ավարտեցինք քայլքով և հրաժեշտ տվեցինք միմյանց՝ ամեն մեկս տարբեր կողմեր ցրվելով, ինչպես նաև հետագայում նորից հանդիպելու և բանավիճելու հույսով ու ակնկալիքով։
Ամփոփում

YereMUN-ի մասին խոսելիս, գիտեք, դժվար է գտնել համապատասխան բառեր ու նկարագրեր։ Եվ թող սա չհնչի որպես տխուր, երևակայական, կոպիտ ասած ձևական խոսք. սա գալիս է սրտից։ Կոնֆերանսի թե՛ նիստերի, թե՛ ընդմիջումների, թե՛ արտալսարանական դասընթացների ժամանակ տեսնելով, թե ինչպես են պատվիրակներից շատերը ջանում կատարել ամեն ինչ՝ իրենց երկրի շահերը պաշտպանելու, իրենց հետաքրքրություններն առաջ քաշելու համար, ես իսկապես ինձ ուրախ ու երջանիկ էի զգում։ Ես այդ օրերի ընթացքում առերեսվեցի այնքան մարդկանց հետ, որ վերջնականապես համոզվեցի, որ մեր երկրում կան բազում-բազում երիտասարդ տաղանդներ ու իրենց պետության բարեկեցության և զարգացման մասին ամեն օր մտածող անձնավորություններ, որոնք կարող են ամեն ինչ ետին պլան թողնել, նույնիսկ անձնական կյանքը՝ սեփական պետության շահերն առաջ բերելու համար։ Անշուշտ, տպավորված, զգացված և ուրախ էի նաև, որ կարողացել էի ծանոթանալ օտարազգիների (ֆրանսիացի, հնդիկ, սերբ, չինացի, ռուս) հետ և շփվել նրանց հետ, ինչ-որ նոր բան քաղել և սովորել նրանցից (իհարկե, նրանք էլ մեզնից)։
Եվ սա իրոք որ եզակի հնարավորություն էր. ես ծանոթացա դիվանագետի կարիերայի բազում նրբություններին, և քանի որ կոնֆերանսի ընթացակարգը, արարողակարգը, քվեարկության, բանավեճերի, քննարկումների ձևաչափը, ամեն-ամեն ինչը բարձրացված էր պաշտոնական մակարդակի, հենց դա ազդեց իմ՝ դիվանագիտական մասնագիտության վերաբերյալ ավելի ճշգրիտ պատկերացում կազմելու վրա։ Հավելեմ, որ կարելի է համարել, որ մասնագիտորեն կողմնորոշվել եմ. կարծում եմ՝ դիվանագետների կարիք շատ ունենք, և ինչպես արդեն նշեցի, ունենք մեծաթիվ պատանիներ ու երիտասարդներ, որոնք պատրաստ են ի շահ պետության աշխատել, աշխատել ու աշխատել …
Մի խոսքով՝ այսքանն էր մեր YereMUN համաժողովի «մակերեսային» բնութագիրը։ Հույս ունեմ՝ դյուրըմբռնելի բացատրեցի ու պատմեցի մեր հինգօրյա գործունեության մասին։ Այն իրապես ավելի ծավալուն էր ու հետաքրքրաշարժ. պարզապես այդ զգացողություններն ու տպավորություններն ունենալու համար, անհրաժեշտ է գրանցվել և մասնակցել ԵրեՄՈՒՆ-ին։ Վստահ եմ՝ ոչ ոք չի զղջա։ Մեծագույն երախտագիտությունս եմ ցանկանում հայտնել կազմակերպչական թիմին՝ պրն Վրույր Հլղաթյանի գլխավորությամբ՝ նման հիանալի ծրագիր մշակելու և Հայաստանում անցկացնելու համար։ Առանց որևէ կասկածի կարելի է պնդել, որ այն գերագույն նպատակներից մեկը, որոնք հետապնդում էին կազմակերպիչները, այն է՝ ակտիվացնել հայ երիտասարդությանը, ներգրավել նրան նմանատիպ միջազգային համաժողովներում և նպաստել նրա մասնագիտական կողմնորոշմանը, միանգամայն արդարացվեց և որոշ չափով հասավ իր բաղձալի արդյունքին։ Կցանկանամ շնորհակալություն հայտնել նաև կամավորներին, որոնք ամբողջ ժամանակաընթացքում մեզ հետ էին և աջակցում էին ցանկացած հարցում։ Եվ իհարկե ամենամեծ շնորհակալությունը մեզ՝ բոլորիս՝ պատվիրակից մինչև նախագահ, նման հիանալի ծրագիրը պատվով անցկացնելու և Հայաստանը համաշխարհային բեմում էլ ավելի բարձրացնելու համար։
Լուսանկարները՝ YSU.am-ի, իսկ եթե ցանկանում եք տեսնել ավելին, ապա առաջարկում եմ այցելել YereMUN-ի ինստագրամյան էջ, որտեղ հրապարակված են զանազան տեսանյութեր՝ կապված մեր զվարճալի աշխատանքային օրերի հետ։








