Նախորդ շաբաթ՝ հուլիսի 13-16-ը, Հայաստանի Վայոց ձորի մարզի Արատես դպրական կենտրոնում ավագ դպրոց-հետազոտական վարժարանի մի խումբ սովորողներով մասնակցեցինք ռազմամարզական ճամբարի, որի կազմակերպիչ-պատասխանատուն ֆիզիկայի և աստղագիտության դասավանդող Գոհար Իսկանդարյանն էր։ Ռազմական գործունեությանը ծանոթացնելու, սովորողների հետ գործնական պարապմունքներ անցկացնելու նպատակով խմբին էր միացել հրամանատար Վահրամ Արզումանյանը։
Ճամփորդության բուն նախագծին ծանոթանալու համար այցելե՛ք Գոհար Իսկանդարյանի բլոգ։
Այժմ առաջարկում եմ ճամփորդությունն ու նրա գործունեությունը ներկայացնել ըստ օրերի։
Օր առաջին. հուլիսի 13
Հավաքվելով ժամը 8:00-8:30 Երևանի Սուրբ Երրորդության եկեղեցու բակում, փոխանակելով որոշակի ակնկալիքներ՝ կապված ճամբարի հետ, ուսումնասիրելով սպասվող ծրագրերն ու աշխատանքները, ինչպես նաև օրակարգերը՝ մենք դասավորեցինք մեր իրերն ավտոբուսի մեջ և շարժվեցինք նախանշված երթուղով, որը կարող եք տեսնել ստորև։

Ինչպես երևում է վերոնշյալ քարտեզում, մենք ունեինք նաև մի շատ կարևոր կանգառ, և այդ կանգառն ուխտագնացությունն էր դեպի Վերնաշենի Սպիտակավոր եկեղեցի, որի տարածքում ամփոփված են Մեծն Սպարապետ, Լեռնահայաստանի հիմնադիր, ժողովրդական հերոս-ասպետ Գարեգին Տեր-Հարությունյանի, նույն ինքը՝ Գարեգին Նժդեհի մասունքները։ Եվ դա ևս մեկ մոտիվացիա էր այն հաղթահարելու բոլորիս համար։
Անցնելով երկար ճանապարհ, կանգառներ ու ընդմիջումներ ունենալով Արարատի մարզի Երասխ գյուղում՝ մենք վերջ ի վերջո հասանք Գլաձոր բնակավայր, որտեղիցև պետք է սկսեինք մեր ուխտագնացությունը դեպի Սպիտակավոր։ Ճանապարհն անհամեմատ երկար էր քայլքի համար, մոտ 10 կմ, սակայն դա որևէ կերպ չազդեց մեր կամքի ուժի վրա, և մենք սկսեցինք քայլել, քայլել ու քայլել։ Ականատես եղանք հայաստանյան հրաշք բնությանը՝ ողողված անուշաբույր ծաղիկներով ու բույսերով, սարերից եկող պաղ, ջինջ ջրերով, խիտ սաղարթներով ծածկված բարձր ծառերով։ Արահետը, որը տանում էր դեպի նշանակման վայր, խորդուբորդ էր, վերիվարումները շատ էին, այդ իսկ պատճառով շատ էինք կանգառներ ունենում շնչառությունը կարգավորելու, էներգիա հավաքելու նպատակով։ Մոտավորապես 3 ժամ քայլելուց հետո, մենք վերջապես հասանք Սպիտակավոր եկեղեցի։ Այստեղ պատահեց մի շատ հետաքրքիր դեպք. առաջին մարդիկ մեր խմբից, ովքեր հասան տեղ, երեք տղաներն էին, այդ թվում՝ ես, և մենք՝ երեքովս, ամբողջ ճանապարհին փնտրում էին ջրի աղբյուր, քանի որ դրանից առաջ մեր ջրի պաշարները կամ սպառվել էին, կամ կիզիչ արևի ճառագայթների ներքո այնքան էին տաքացել, որ հնարավոր չէր խմել։ Այսպիսով, երբ ինչ-որ տեղ շնչակտուր, մեծ մասով քաղցած ու ծարավ, հասնելով տեղ և բարձրանալով քարե աստիճաններով վեր, շատ հանկարծ նկատեցինք աղբյուր, որից եկող ջուրն այնքան պարզ էր, ջինջ ու սառը, որ մենք սկսեցինք առանց դադարի խմել ու վայելել։
Անշուշտ, յուրաքանչյուր հայրենասեր հայ իր կյանքի ընթացքում պարտավոր է այցելել հերոսների շիրիմներին և ծաղիկ խոնարհել, հարգանքի տուրք մատուցել։ Երբ վայելեցինք աղբյուրի ջուրը, որն իմիջիայլոց, տեղակայված էր Սպիտակավոր եկեղեցու ներքևի հատվածում, որոշեցինք բարձրանալ և տեսնել Մեծն Հայի գերեզմանը։ Յուրաքանչյուր քայլով, որն ավելի էր մերձեցնում ինձ շիրիմին, իմ սիրտն ավելի ու ավելի արագ էր բաբախում, լարվածությունն ու անհանգստությունը (անկեղծ՝ չգիտեմ ինչու) ավելի էր շատանում, րոպե առաջ շիրիմը տեսնելու ցանկությունն ու ձգտումն ավելի էր մեծանում։ Եվ ահա տեղի ունեցավ այդ հրաշալի պահը. ես տեսա Հայոց Վեհագույն Սպարապետներից մեկի՝ Գարեգին Նժդեհի գերեզմանը, որը եկեղեցու պատի տակ էր՝ բաց երկնքի տակ։ Պետք է միայն պատկերացնել այդ պահը. բնություն, անծայրածիր դաշտեր, ավաններ, սարեր ու ձորեր, բարձր թփեր ու բույսեր, 13-րդ դարի հոյակերտ եկեղեցի և այդ վսեմ շիրիմը … Միգուցե ես չափազանցնում եմ, բայց դա հենց այն էր, ինչ իմ գլխում պտտվում էր։ Բառեր չեմ գտնում իմ մյուս տպավորություններով կիսվելու համար, կարծում եմ՝ նկարները որոշ չափով կարող են ուղղել բացթողումս։
Երգելով հայրենասիրական, Նժդեհին նվիրված երգեր, հիանալով բնության գեղեցիկ տեսարաններով, փոքր-ինչ հանգիստ վայելելով՝ բռնեցինք հետդարձի ճանապարհը։ Հետդարձի ճանապարհին, ինչքան էլ որ հետաքրքիր է, մասնավորապես ես ոչ մի հոգնածություն չզգացի, ընդհակառակը, ինձ թվում էր, թե նոր-նոր է սկսվում ամեն ինչ։ Եվ այդպես էլ շարունակվեց այնքան, մինչև մոտ 1.30-2 ժամից հասանք Գլաձոր։
Եվ ահա, 5-6 քայլքից հետո վերջապես հասանք Արատես՝ հոգնած, տանջված, բայց նոր արկածների ցանկություններով ու ակնկալիքներով լի։ Դասավորվեցինք, ընթրեցինք, շփվեցինք խարույկի շուրջ՝ խելացի շների ընկերակցությամբ, հաջորդ օրերի նախապատրաստական աշխատանքներ իրականցրինք և անցանք գիշերային հերթապահության, որը ոչ պակաս կարևոր ու հետաքրքիր էր։
Օր երկրորդ. հուլիսի 14
Արթնանալով կանուխ՝ հավաքեցինք մեր տեղաշորերը, իրերը և սկսեցինք առավոտյան նախավարժանքը։ Նախավարժանքը, որը կարող եք դիտել ընկեր Գոհարի ֆեյսբուքյան էջում, վարում էր 11-րդ դասարանի սովորող Վարուժան Կարապետյանը։
Նախավարժանքին հետևեցին բարեկարգման աշխատանքներն ու տարածքի խնամքը, որից հետո եղավ համեղ նախաճաշը, այնուհետև՝ կրակային պատրաստությունը, որի ժամանակ խումբը բաժանվեցինք երեք թիմի։
Այս ամենից հետո խումբն ուղևորվեց Խաչոց ձոր, որտեղ տեղի ունեցավ ռազմամարզական գործունեության հաջորդ առաջադրանքը. նռնակների տեղադրումը, տարածքի հետախուզումը, քողարկումը, նռնակների հայտնաբերումն ու ոչնչացումը։ Ամբողջ ձորի երկայնքով խումբը, որը դրանից առաջ բաժանվել էր երկու թիմի, իրար հետևից փնտրում էր ուսումնական նռնակները, որոնք կարող էին կախված լինել մի ծառից մյուսը ձգված թելով, կարող էին նետվել հետախույզի կողմից, կարող էին ընդհանրապես քողարկված լինել ամենապարզ տեղում։ Սա իսկապես շատ կարևոր առաջադրանք էր։
Գիշերը մեզ սպասվում էր Euro2024-ի վերջին՝ եզրափակիչ խաղը՝ Իսպանիա-Անգլիա։ Այդ գիշերն իրոք որ թեժ անցավ՝ գոչյունների, ուրախ բացականչությունների ու հիասթափության ձայների ներքո։ Մենք դրան լավ էինք պատրաստվել. գնել էինք տարատեսակ ուտելիքներ, խմիչքներ (ոչ ալկոհոլային) և այլն։ Մի խոսքով՝ խաղը չափազանց հետաքրքիր ու անկանխատեսելի էր. միայն պատկերացրեք գոլի ժամանակ մեր ուրախ գոռոցներն ու ճիչերը։
Երկրորդ օրը եզրափակեցինք հերթապահությամբ, որի ընթացքում դիվերսիոն հարձակում էինք իրականացում հերթափոխի անձնակազմի վրա՝ զգոնությունն ու ուշադրությունը ստուգելու նպատակով։
Օր երրորդ. հուլիսի 15
Նախավերջին օրվա ընթացքում ունեցանք նույն առաջադրանքներն ու վարժանքներն, ինչ նախորդ օրը, սակայն ավելի մասնագիտացված։ Ունեցանք կրակային պատրաստություն, որին Արատեսի վանքի հարակից տարածքում հետևեց դարանակալում, հետախուզադիվերսիոն, նռնակների տեղադրում-հայտնաբերում առաջադրանքը։
Օրվա երկրորդ կեսին ունեցանք բավականին երկար հանգիստ՝ խորհելու, շփվելու, գիրք ընթերցելու, շախմատ խաղալու, քննարկումներ ծավալելու, ուտելու, զբոսնելու, ինչու ոչ նաև քնելու համար։ Ունեցանք բազում հետաքրքրաշարժ քննարկումներ՝ կապված ռազմական գործունեության, Հայաստանում այդ ոլորտի հեռանկարների ու զարգացման նախադրյալների մասին, խոսեցինք նախասիրությունների, ամեն-ամեն ինչի մասին, ճանաչեցինք միմյանց ավելի լավ։ Գիշերն իրականացրինք հերթապահություն, խարույկի շուրջ փոխանակվեցինք տպավորություններով ու մեր քառօրյա ճամփորդության մասին զգացումներով, հուշերով։
Օր չորրորդ. հուլիսի 16
Այս օրվա մասին շատ բան չունեմ ասելու։ Առավոտ էր. Արարատյան դաշտավայրի լուսապայծառ առավոտներից մեկը։ Մենք պատրաստվում էինք մեկնելուն։ Նախաճաշելուց ու խոսելուց հետո, դասավորեցինք մեր իրերն ու ընկանք ճամփա՝ նույն երթուղով։ Նույնպես ընդմիջում-կանգառ ունեցանք Երասխում։ Ուրախ տրամադրությամբ վերադարձանք մայրաքաղաք Երևան, ավելի կոնկրետ՝ կրթահամալիր։
Արատեսի ժամանակ իսկապես նոր գիտելիքներ ձեռք բերեցինք, նոր տեղեկություններ ստացանք ռազմական գործունեությունից, կարողացանք ավելի լավ կողմնորոշվել տեղանքում, ավելի լավ կրակել ու նռնակներ հայտնաբերել։ Կարողացանք ճշգրիտ պատկերացում կազմել հետախուզադիվերսիոն, հերթապահական գործունեության վերաբերյալ։ Միմյանց ավելի լավ ճանաչեցինք, հույս հայտնեցինք այլ ճամփորդությունների նորից մասնակցել։ Ի վերջո, Արատեսը բոլորիս սովորեցրեց մի շատ կարևոր բան. լինել միասին, գործել համախմբված։ Եվ սա է մեր այսօրվա հրամայականը, որին եթե րոպե առաջ հասնենք, ապա կկարողանանք հպարտ հայացքով ու պարզ ճակատով նայել մեր հերոսների շիրիմներին, գլուխ խոնարհել, ծաղիկ դնել և առանց վարանելու ասել. «Կեցցե՛ Հայաստանը»։
Վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընկեր Գոհարին՝ ճամբարը կազմակերպելու և հաջող կառավարելու, հրամանատարին՝ մեզ ռազմական գործունեությանը թե՛ տեսականորեն, թե՛ գործնականորեն մանրամասն ծանոթացնելու, մեզ հետ աշխատելու, ընկեր Նոռային՝ համեղ ուտելիքների, ընկեր Հովհաննեսին՝ մեզ անվնաս տեղ հասցնելու, Արատեսի աշխատողներին՝ ուղորդելու, օգնելու, և մեզ՝ ճամբարը բարեհաջող ավարտելու համար։
Բոլոր լուսանկարները՝ Գոհար Իսկանդարյանի




































