Անշուշտ, յուրաքանչյուր պետություն, սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու նպատակով, զարգացնում է տնտեսությունը, ավելացնում է պետական բյուջեն, ներգրավվում է օտարերկրյա ներդրումներ և մշակում է այլ քաղաքականություններ, որոնցից ամենատարածվածը և թերևս ամենամեծ զարգացման հեռանկարներ ունեցողը հենց տուրիզմն է։

Հայաստանն այդ առումով ունիկալ պետություն է, քանի որ ունի անթիվ-անհամար տեսարժան վայրեր, դարավոր վանքեր, վանական համալիրներ ու եկեղեցիներ, մարդածին այլ օբյեկտներ, հնամենի քաղաքներ, ժողովրդին բնորոշ ավանդույթներ, սովորույթներ, ազգային խոհանոց ու ճաշատեսակներ։ Մեր ժողովուրդն իրոք որ տարբերվող է, քանի որ նախնիների ու հենց իր իսկ ուժերով կարողացել է ու կարողանում է կառուցել և ամբողջ համաշխարհային հանրությանն ի ցույց դնել այնպիսի աներևակայելի գեղեցիկ վայրեր, կառույցներ, շինություններ, որ դրանով կերտում է իր ազգային-ժողովրդական դիմագիծը, որով մենք հպարտանում ենք և միջազգային հարթակներում մյուսներին հպարտանալ սովորեցնում։ Այսօր կխոսենք Հայաստանում տուրիզմի զարգացման նախադրյալներից ու հեռանկարներից։

Նախադրյալներ.

Հայաստանի պես երկրի, մասնավորապես նրա ժողովրդի հյուրընկալության մասին խոսելից, նախևառաջ պետք է նշել ենթակառուցվածքների բարելավման կարևորությունը։ Եթե ցուցաբերվի բազմակողմանի մոտեցում նոր ենթակառուցվածքների (ի դեպ, ոչ միայն կառավարության կողմից, այլ նաև ժողովրդի՝ այն պահպանելու և զարգացնելու առումով) կառուցման, հների թարմացման և լավարկման ուղղությամբ, ապա վստահաբար կարելի կլինի պնդել, որ աշխատանքի ամենաժամանակատար աշխատանքը ավարտված է։ Ենթակառուցվածք ասելով պետք է հաշվի առնել նման կարևոր օբյեկտները, ինչպիսիք են օդանավակայանները, երկաթուղու կայարանները, ճանապարհները՝ իրենց լուսավորությամբ և տարատեսակ մեքենաներ վարելու հարմարավետությամբ, հարակից ենթակառույցները, ինչպիսիք են գազալցակայանները, սանհանգույցները, խանութները։ Շատ էական նշանակություն ունեն նաև պարզ թվացող ցուցանակները, որոնց վրա նշվում են հեռավորությունները, տեղանքների, քաղաքների ու բնակավայրերի անունները, աշխարհագրական օբյեկտների տեղանունները և այլն։ Ենթակառուցվածքների մեջ նաև պետք է անպայմանորեն ընդգրկել հյուրանոցների, հյուրատների լայն «տեսականի», որոնք հարմար կլինեն յուրաքանչյուր գրպանին ու դրամապանակին։

18 Amazing Places to Visit in Armenia

Այստեղ անպայման է խոսել նաև հասարակության վերաբերմունքի մասին։ Ծանոթ լինելով վերջինիս որոշ հատվածների՝ իր իսկ պետության հանդեպ վերաբերմունքին ու անսահման սիրուն, այն է՝ թափած աղբը, տարածքի աղտոտվածությունը, բարձիթողի վիճակը, անվերապահորեն պետք է խստացնել օրենքները և սահմանել հնարավորինս համապատասխան ու ճշգրիտ տուժի չափեր՝ անշուշտ պահպանելով հայեցողական սկզբունքները։

Կարծում եմ՝ այս ամենը զարգացնելու համար, պետք է նաև շատ աշխատել մարկետինգի վրա. ուսումնասիրել շուկայական գները, մարդկանց նախասիրությունները, պահանջներն ու նախընտրությունները, ավելի լայն մասշտաբով՝ ներգրավվել օտարկերկրյա ներդրումները։

Հայաստանը միջազգային հանրությանը հայտնի է իր միջոցառումներում մշակութային բաղադրիչի ներգրավմամբ ու կարևորմամբ։ Եվ իրապես, մշակույթն ու պատմությունը մեզնից անբաժան են, բոլորս էլ ապրում և ստեղծագործում ենք նույն ժամանակաշրջանում։ Մարդկանց պետք է «գրավել» նաև այդ կողմից՝ ժամանակակից մոդաներին համահունչ միջոցառումները պարուրելով հայկական մշակութային բաղկացուցչով։ Պետք է զարգացնել և ավելացնել բացօթյա միջոցառումների թիվը, քանի որ այդպես հասարակությունը կարողանում է ինքը ներկայանալ ու ներկայացնել։ Պետք է շեշտը դնել նաև երաժշտական ֆեստիվալների ու համերգների վրա, որոնք ամեն տարի հազարավոր ու հարյուրհազարավոր մարդկանց հայացքն են ուղղում Հայաստանի վրա։ Շատ է պետք ներգրավվել օտարերկրացի հանրահայտ երգիչների, մեներգիչների, երաժիշտների ու խմբերի, որոնք իրենց ուրույն տաղանդով կկարողանան ժողովրդին աշխուժացնել և այդ բնագավառում ևս ակտիվացնել։

Ski slopes, ancient history and delicious food: All the reasons to give  Armenia a go

Եվս մի կարևոր բան. մարքեթինգը կենսական նշանակություն ունի Հայաստան զբոսաշրջիկների ներգրավման համար։ Եթե Հայաստանն իսկապես ունենա այդպիսի զարգացած բնագավառ, որը կարտահայտվի հարմար ու դյուրընթեռնելի կայքէջերով, սոցիալական տարբեր հարթակներում բրենդի գովազդմամբ, հատուկ մեդիա ոլորտների ներգրավմամբ, ակտիվ շրջանառմամբ, աշխարհայացք ունեցող գիդերի կողմից տեսարժան վայրերի ցուցադրմամբ ու ներկայացմամբ՝ պատմողական բնույթի, ապա դա ևս շատ կարևոր առաջընթաց կլինի պոտենցիալ զբոսաշրջիկներ Հայաստան բերելու համար։

Համաշխարհային փորձ

Այս ենթաբաժնում ընդգրկել եմ երեք իմ ամենասիրելի վայրերը Հայաստանից դուրս, որոնցից ոչ մեկում չեմ եղել, սակայն, հաշվի առնելով իմ նախասիրություններն ու նախընտրությունները, կյանքումս գոնե մեկ անգամ կցանկանամ լինել։

Բարսելոնա՝ անկրկնելի ճարտարապետությամբ մի գեղեցիկ քաղաք Իսպանիայում, որը ժողովրդի շրջանում հայտնի է իր սպորտային ակումբներով, լողափերով, և իհարկե պարզապես հրաշալի մի շինությամբ, որի կրկնօրինակն աշխարհում դեռևս չի հայտնվել, La Sagrada Familia-ով։ Շատ կցանկանայի այցելել այդ քաղաք, ինչո՞ւ, քանզի հետաքրքրված եմ տարբեր քաղաքների ու մեգապոլիսների ճարտարապետություններով, իսկ Բարսելոնան, այդ առումով, ամենաճիշտ ու նախընտրելի ուղղություններից մեկն է։

Վաշինգտոն. ինձ հետաքրքրում է բուռն, աշխույժ, արկածներով լի այս մայրաքաղաքը երկրագնդի ամենահզոր գերտերության՝ Միացյալ Նահանգների։ Ես սիրում եմ լինել այնպիսի միջավայրերում, որտեղ միմյանց հետ խոսում են պաշտոնական լեզվով, և սա հենց այդ վայրն է։ Անխոս, այս մայրաքաղաքի կողքին կարելի էր նաև դնել Բրյուսելը, Փարիզը, Լոնդոնը, ինչու ոչ Նյու-Յորքը, սակայն ես որոշեցի, որ առաջին իսկ հնարավորության դեպքում այցելելու եմ Վաշինգտոն։ Խորհուրդ կտամ այն տեսնել երկնքից. պարզապես չքնաղ է։ Վաշինգտոնում կան տարատեսակ թանգարաններ, մշակութային վայրեր, պետական կառավարական շենքեր, ի դեմս՝ Սպիտակ Տան և Կոնգրեսի։ Սա ևս պետք է գոնե մեկ անգամ տեսնել։

Եվ ամենավերջում, ինչքան էլ որ շատերի համար տարօրինակ թվա, սակայն Ստամբուլ և Արևմտյան Հայաստան. այո, դա ինձ համար ճամփորդական ամենահայտնի ու ամենասպասված ուղղություններից է։ Քանի որ ես շատ եմ հետաքրքրված պատմությամբ, և առանձնակի՝ հայոց պատմությամբ, այդ իսկ պատճառով շատ եմ ցանկանում այցելել այն վայրերը, որտեղով քայլել են երբեմնի հզորագույն հայ թագավորներն ու թագուհիները, տեսնել այն ամրոցներն ու բերդերը, որոնք տասնամյակներով ու դարերով դիմակայել են ոսոխի ոտնձգություններին ու ապստամբություններին, տեսնել այն արձանագրություններն ու ժառանգությունը, որը պատմում է մեր ինքնության մասին։