Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 11-ին, ավագ դպրոց-հետազոտական վարժարանի 11-12-րդ դասարանների մի խումբ սովորողներ՝ պատմության դասավանդողներ Վարդան Կարապետյանի, Աշոտ Տիգրանյանի ու Սամվել Թամազյանի գլխավորությամբ, այցելեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ներկա գտնվելու, ԱԺ աշխատանքներին ծանոթանալու նպատակով։

Ազգային ժողով այցելության օրակարգ՝

  • ժամը՝ 14։00 — մուտք Ազգային ժողով, շրջայց
  • Ժամը՝ 14։30-ից — հանդիպում պատգամավորների հետ՝ հարցուպատասխանի ձևաչափով
  • ժամը՝ 16։00-ից — Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի նիստ
  • Ժամը՝ 18։00 — ԱԺ այցելության ավարտ

Այցելության նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ Վարդան Կարապետյանի բլոգում։

Մինչև այցելությունը խումբը բազմիցս նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել, հանդիպումներ կազմակերպել՝ քննարկելու հետագա անելիքները, վարվելակերպը, ընթացակարգն ու օրակարգը։ Քննարկումների ժամանակ մեծ ուշադրության է արժանացել նաև պատգամավորների հետ հանդիպման ժամանակ իրականացվելիք հարցուպատասխանը. սովորողները պատրաստել էին հարցեր պատգամավորներին՝ արտաքին քաղաքականության, կրթության, առողջապահության և անվտանգության բնագավառներից։

Ազգային ժողովի ընդունարանում մեզ դիմավորեց Մարո Ասատրյանը, ով ամբողջ այցելության ընթացքում մեզ ուղեկցեց, ծանոթացրեց խորհրդարանական դիվանագիտությանը, աշխատանքներին, գործառույթներին։ Մինչ պատգամավորի հետ հանդիպումը, մենք շրջեցինք օրենսդիր մարմնի թանգարանում, որտեղ ցուցադրվում են տարբեր պետությունների պատվիրակությունների կողմից խորհրդարանին նվիրված հուշանվերները՝ սպասք՝ ազգային-ավանդական տարրերով ու նախշերով զարդարված, շախմատ, մեդալներ ու մեդալյոններ, գրքեր, արձանիկներ, դրոշներ, նկարներ և այլն։

Հաջորդ կանգառը գրադարանում էր։ Այնտեղ գրադարանավարը՝ Ֆաթմա Խաչատրյանը սովորողներին ներկայացրեց գրադարանի գործառույթները, օրենսդրությամբ և ներքին ակտերով վերապահվող իրավասությունները, գրքերը վերցնելու, ընթերցելու և հանձնելու պայմանները, պահվող գրքերը, ամսագրերն ու գրքույկները, գործող թվային հարթակի գործունեությունը. նաև փոքրիկ անդրադարձ եղավ պատգամավորների նախընտրություններին։ Անշուշտ, գրադարանում պահվող գրքերի գերակշռող մասը դիվանագիտության, քաղաքականության, միջազգային հարաբերությունների մասին են։ Շատ հետաքրքիր էր լսել բարձրագույն օրենսդիր մարմնի մշակութային բաղկացուցիչների, ի դեմս՝ գրադարանի ու թանգարանի գործունեությունների մասին։

Փոքր-ինչ շրջայցից հետո, 114-րդ սենյակում, որը մշտական հանձնաժողովների նիստերի դահլիճն է, տեղի ունեցավ հարցուպատասխան ֆորմատով քննարկում ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ պրն. Արման Եղոյանի հետ։ Մինչ այդ, մենք հնարավորություն ունեցանք կազմակերպել ԿԳՄՍԵ մշտական հանձնաժողովի խաղարկային նիստ, որի նախագահը դարձա ես, և որի ընթացքում քննարկեցինք և վիճեցինք հանրակրթության նոր պետական չափորոշիչների ընդունման և նրանց արդիականության վերաբերյալ։

Պրն. Եղոյանի հետ քննարկումն իսկապես հետաքրքիր էր, մենք շոշափեցինք այնպիսի թեմաներ, ինչպիսիք են արտաքին հարաբերությունները, անվտանգային հարցերը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, խորհրդարանական դիվանագիտությունը, դպրոցներում նոր չափորոշչի կիրառումը, ինչպես նաև եվրոպական ինտեգրումը և Եվրոպական միության երկրների տեսակետները հայաստանյան հասարակական-քաղաքական իրավիճակին, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մեկնարկած սահմանազատման գործընթացին և այլն։ Պատմական ակնարկներ ևս եղան. խոսեցինք համաշխարհային պատմության, տարատեսակ վճռորոշ իրադարձությունների, տարբեր պետությունների ծագման, այսօր նրանց գործունեության, արտաքին ու ներքին քաղաքականությունների մշակման և իրագործման մասին։

ԱԺ-Կառավարություն նիստը կարող եք դիտել՝ անցնելով հղմամբ

Ժամը 16:20 մուտք գործելով Ազգային ժողովի գլխավոր նիստերի դահլիճ՝ մեզ ներկայացվեց տեղաբաշխումը, նիստի ընթացակարգն ու օրակարգը, խոսվեց նաև հարցուպատասխան ֆորմատի և նրա անհրաժեշտության մասին։ Նիստը սկսվեց 16:30։ Ազգային ժողովի նախագահ պրն. Ալեն Սիմոնյանը, ներկայացնելով նիստի օրակարգը, կանոնակարգ սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածը, ինչպես նաև հերթագրումը, իր խոսքում նաև նշեց, որ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան նիստին մասնակցում են Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտներն ու ուսուցիչները։

Հերթագրվել էր 31 պատգամավոր, որից 10-ի հարցերը մենք հնարավորություն ունեցանք լսելու։ Հարցերը վերաբերում էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Հայաստանի կողմից պայմանավորվածությունների պահպանմանն ու կատարմանը, Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացին և վերջերս երկկողմ ձևաչափով ընդունված կանոնակարգին, պետության դատական համակարգին, սոցիալ-տնտեսական-քաղաքական վիճակին, հասարակության մեջ տիրող իրարամերժ տրամադրություններին։ Անդրադարձ եղավ նաև արտաքին քաղաքականությանը։ Սովորողները տպավորված դիտում էին նիստը, ուշադիր լսում պատգամավորների հարցերն ու պատասխանները՝ կառավարության որևէ ներկայացուցչի իրավասությանը վերապահված ոլորտի։ Պետք է հատուկ նշել, որ այն զգացողությունները, որոնք սովորողներն ունեցան նիստը կենդանի դիտելու ընթացքում, չէին ունեցել այն հեռուստացույցով կամ մեդիա հարթակներում դիտելուց։

Առանձնակի կարևոր ու հետաքրքիր էին Հայաստանի Հանրապետության վարչապետ պրն. Նիկոլ Փաշինյանի արձագանքներն ու պատասխանները՝ ուղղված վերոնշյալ ոլորտների կարգավորման կառավարության տեսակետներին։ Պետության ղեկավարն իր խոսքում բազմիցս նշում էր Հայաստանի պատրաստակամությունը խաղաղության հասնելու, ներկայացնում էր կառավարության ծրագրերն ու անելիքները, պատմում իրականացված աշխատանքների մասին։

Ժամը 18:00 լքելով նիստերի դահլիճը, այնուհետև՝ ԱԺ շենքը, սովորողները միմյանց հետ կիսվում էին իրենց տպավորություններով ու զգացողություններով, քննարկում էին պատգամավորների կողմից հնչեցված հարցերը, կառավարության ներկայացուցիչների կողմից հնչեցված պատասխանները։ Այսպիսով, ավարտվեց սեբաստացիների այցը բարձրագույն օրենսդիր մարմին՝ Ազգային ժողով։

Իրապես, նման այցելությունները, որոնք ըստ էության դասակարգվում են որպես ոչ ֆորմալ կրթություն, կարևոր են ոչ միայն հյուրընկալվող կողմի, այլև՝ հյուրընկալող կողմի համար, քանի որ այդ կերպ ստեղծվում են ոչ միայն նոր կապեր, նոր ծանոթություններ, ձեռք են բերվում նորանոր գիտելիքներ, այլև՝ հնարավորություն է ընձեռվում ճանաչելու միմյանց և միմյանց դիրքորոշումները, կարծիքները, տեսակետները, զրուցելու և ավելի լավ հասկանալու հետագա անելիքները։ Երիտասարդության ակտիվ մասնակցությունը քաղաքական կյանքին ու գործունեությանը, անխոս, ամենաէական ու ամենակարևոր հարցերից մեկն է, եթե այն գիտակցված է, որովհետև այդ կերպ պատանիները, երիտասարդները, այլևայլ հետաքրքրված անձինք կարողանում են ավելի գունեղ, պատկերավոր և ստույգ կարծիք կազմել իշխանության երեք /գործադիր, օրենսդիր, դատական/ ճյուղերի, նրանց փոխգործակցության, բարձրագույն ղեկավարության, նրա աշխատանքների, գործունեության վերաբերյալ։ Շփվելով պատգամավորների հետ՝ պատանիները սովորում են, թե ինչպիսի բարդ աշխատանք ու մեծ պատասխանատվություն է իրենից ներկայացնում պատգամավորի գործը։ Շփվելով պատանիների հետ՝ պատգամավորները հասկանում են, թե ինչպիսի պայծառ սերունդ է կրթվում, ինչպիսի վստահելի ձեռքերում է գտնվում Հայաստանի սպասվող լուսավոր ապագան։

Մի խոսքով, ուրախ ենք ու անչափ շնորհակալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին՝ մեզ՝ սովորողներիս խորհրդարան այցելելու, նրա աշխատանքներին ծանոթանալու, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին մասնակցելու, պատգամավորների հետ զրուցելու հնարավորություն ընձեռելու համար։