Ոչ մեկս էլ կատարյալ չենք, անշուշտ, բոլորս էլ ունենք որոշակի առավելություններ, և որն ավելի կարևոր է, թերություններ։ Մեզնից յուրաքանչյուրն աշխատում է կերտել իր սեփական կերպարը, որի մեջ ցանկանում է ներդնել այն հմտություններն ու առավելությունները, որոնց պակասն ինքն է զգում, կամ ինքնըստինքյան զգացնել է տալիս։ Ոմանց մոտ դա հաջողվում է, ոմանք էլ ճանապարհի կեսին որոշում են կայացնում փոխել ուղղությունը, գնալ մեկ այլ ճանապարհով։ Այն անձանց, ովքեր հաղթահարում են այդ շեմը, դեռ սպասվում է երկար ու տանջալից մի ուղի, որը նրանք պետք է անցնեն պատվով ու մեծ աշխատասիրությամբ։

Բայց, ի վերջո, ինչո՞ւ է աշխարհն այսպիսի անարդար, ինչո՞ւ ոմանք կարողանում են հասնել հաջողության շատ կարճ ժամանակահատվածում, իսկ մյուսները գլուխ են ջարդում, զօրուգիշեր չարչարվում, սակայն առաջընթաց կամ վերջին հաշվով արդյունք գրանցել չեն կարողանում։ Ի՞նչն է մարդկանց ստիպում տարբերվել, միթե՞ հնարավոր չէ ձգտել այնպիսի աշխարհի, որտեղ բոլորը կլինեն իրավահավասար, կլինեն միևնույն կարգավիճակի ու մակարդակի։ Հնարավո՞ր է հասնել նման նպատակի, թե՞ դա իրապես անհնար է։

Այս հարցերին պատասխան տալու համար նախևառաջ կարևորել է սահմանել, թե ի՞նչ է աշխարհը։ Աշխարհը, գիտական տեսանկյունից, ձվանման տիեզերական մարմին է, որտեղ ապրում են մարդիկ, կենդանիները, ծաղկում է բնությունը, հոսում են գետերը, մի խոսքով՝ ծաղկում է կյանքը։ Բայց դա միայն առաջին հայացքից, իրականում այն ամենևին այդպես պատկերավոր ու լուսավոր չէ, ինչպես որ մեզ պատմում են ծնողները, ընկերները, մեծերն ու այլոք։ Աշխարհը տարբեր մշակույթներ կրող, իրարից ամբողջովին տարբեր մտածող, աշխարհայացքներ ու տեսակետներ ունեցող, այլևայլ ապրելակերպեր նախընտրող, կյանքին տարբեր ձևերով վերաբերվող մարդկանց մի հսկայական խումբ է, որոնց միավորում է միայն այն, որ նրանք ապրում են նույն տանիքի՝ երկնքի ներքո։ Ակնհայտ է, որ այս բոլորի արդյունքում է ստեղծվում անհավասարությունն ու մակարդակների տարբերությունը, որովհետև նույն հարցին իրարից անկախ մարդիկ լիովին տարբեր պատասխաններ են հնչեցնում։

Մարդիկ ունակ կլինեն հասնելու իրենց հաջողությանը, եթե լինեն միասնական, ունենան նույն մտածելակերպը, ապրելակերպը, իրենց ծրագրերն ու նպատակները մշակեն նույն կերպ, դժվարին պահին միմյանց օգնեն և այլն, սակայն այդ դեպքում պարզապես անիմաստ կլինի աշխարհի գոյությունը, որովհետև մրցակցության հիման վրա է կառուցվում վերջինս, իսկ մրցակցությունը ծնում է հանճարներ, նոր գյուտեր՝ նպատակաուղղված աշխարհի ժողովուրդների բարեկեցության զարգացմանը։ Պատահական չէ մի գրողի խոսքը՝ «հաղթում է ուժեղագույնը». ես այստեղ կավելացնեի նաև. «իր բնագավառում»։

Ի վերջո, աշխարհը անարդար է կառուցված հենց հիմքից, մարդիկ հավասար չեն, ինչքան էլ, որ տարբեր հարթակներում հնչեցվեն միավորման, միասնականության ու հավասարության կոչերն ու հորդորները։ Մենք բոլորս տարբեր սուբյեկտներ ենք, որոնք փորձում են հասնել իրենց հաջողությանը։ Ինչպես արդեն նշվեց՝ հաջողվում է ոչ բոլորին։ Իսկ ինչո՞ւ։ Հարցի էությունը մոտեցման մեջ է. մարդիկ իրենց առջև դրված խնդիրն հասկանում են տարբեր ձևերով, և այդ իսկ պատճառով մշակում են տարբեր ռազմավարություններ ու քայլեր դրան հասնելու համար։ Ինչ-որ մեկի համար ստացվում է թվացյալ կատարյալ մի ծրագիր, մյուսի համար՝ խորդուբորդ մի արահետ։ Կարևոր է իմանալ, որ «հարցի կամ խնդրի պահանջն ըմբռնելը լուծման կեսն է»։

Այսպիսով, ինչպես հասկացանք, նման հարցերին պատասխանելն այնքան էլ դյուրին գործ չէ։ Այժմ կցանկանամ անդրադառնալ կարևորագույն հարցին. «ինչո՞ւ է իմ շուրջը տիրում անարդարությունը»։ Միգուցե պատճառը հենց ես եմ, կամ խնդիրն իմ մեջ է։ Մեծամասամբ՝ այո, քանի որ մարդն է որոշում իր միջավայրը։ Պատմությունը քաջ ծանոթ է այնպիսի անձնավորություններին, որոնք հայտնվելով դեմառդեմ խոչընդոտների հետ, կարողացել են առանց վարանելու հաղթահարել ու որոշել, թե ինչպես են իրենք նախընտրում ապրել, կառուցել իրենց կյանքն ու ապագան։ Որոշել են հենց իրենք, այլ ոչ թե իրենց փոխարեն. սա է էականը։

Անարդարության պատճառով տուժել են շատերը, այդ թվում՝ թվացյալ հաղթողներն ու առաջնորդները։ Տուժել ենք բոլորս։ Տուժել ենք այն պատճառով, որ տկար ենք եղել դիմակայելու, ընդդիմանալու ու վերջ ի վերջո թե՛ մեր միջից, թե՛ արտաքինից վտարելու անարդարության նշույլները։ Շատերս աչք ենք փակել մեր շրջապատում տիրող անարդարության վրա, կարծել ենք, թե դա չնչին է, իրավիճակ չի փոխում, սակայն հետո պարզ է դարձել, որ սխալվել ենք, չարաչար սխալվել ենք։ Իսկ նրանք, ովքեր դրանից օգտվել են, դարձել են ավելի զորեղ, դարձել են ավելի իշխող, սակայն ես վստահ եմ՝ եթե յուրաքանչյուր անհատ հստակ որոշի, որ ուզում է արդարություն՝ իր բոլոր հետևանքներով, ապա այն կլինի։