Հանրահայտ սյունեցի գրող Ակսել Բակունցի թերևս ամենահայտնի ստեղծագործությունը «Միրհավն» է, որը պատմում է փոխադարձ, սակայն պատնեշներով լի մի սիրո մասին, որը շատերի համար կթվա սովորական հարաբերությունների դասական օրինակ, բայց, ճանաչելով Բակունցին և նրա գրելու ոճի յուրահատկությունը, պետք է ասել, որ ստեղծագործությունն ունի ավելի խորը իմաստ, որն այժմ կփորձենք բացահայտել։

Մինչ բուն վերլուծությունն անցնելը, առաջարկում եմ քննարկենք Ակսել Բակունցի գրելու ոճի յուրահատկությունները և պարզել, թե նա հայ մյուս դասական գրողներից ինչով է տարբերվում։ Առանձնացնենք կետերով.

  • Բակունցն իր երևակայության ու լայն մտահորիզոնի շնորհիվ շեշտակի և հեշտորեն նկարագրում է բնության յուրաքանչյուր շարժ, խշշոց, այդպես կերտելով և ներկայացնելով բնությունն իբրև կերպար, հոգի,
  • Բակունցի ստեղծագործության մեջ ամենադուրեկանն այն է, որ տեքստի տարբեր հատվածների մեջ առկա է գործողությունների և իրողությունների պատճառահետևանքային կապը, այսինքն՝ գործում է տրամաբանական շղթա, որը ձևավորում է սյուժեն,
  • Բակունցը կարողանում է միջանձնային հարաբերությունները նկարագրել այնքան պարզամիտ, այնքան սովորական, որ թվում է՝ նա ամեն օր ինչ-որ մի այդպիսի դեպքի է առնչվել։ Սակայն, երբ ընթերցողը խորանում է, հասկանում է, որ հարաբերություններին հաջորդում են բաժանման բարդ ժամանակաշրջաններ, կարոտի տանջանքներ, միմյանց այլևս չտեսնելու դաժան մտորումներ,
  • Բակունցի ստեղծագործությունը, մեծամասամբ, համարում եմ պարտադիր ընթերցանության շարքից, քանի որ այնտեղ առկա է մարդ-բնություն փոխհարաբերությունը, ինչի մասին իմանալը մեր դարում անչափ կարևոր է, քանզի մարդն իր էությունը ճանաչում է բնությամբ, նրա հետ իր անմիջական կապով,
  • Բակունցը, ինչպես պնդում են շատ ու շատ արվեստագետներ, գրականագետներ, դասական գրողների ուսումնասիրողներ, պերֆեկցիոնիստ անձ էր և մանրուքներին վերաբերվում էր ամենայն լրջությամբ՝ ընդունելով դրանք որպես առաջնային։ Ես դա գնահատում եմ, քանի որ գրողը, որը ցանկանում է իր ընթերցողին հաղորդել միտք, գաղափար, խորհուրդ, իր ստեղծագործության շուրջ պետք է լայնորեն խորհի, մտածի, անընդհատ փոխի, լավարկի և վերջ ի վերջո կարողանա այն ավելի շատ կատարելագործել։ Անշուշտ, դա անհնար է, սակայն գաղափարի արժեքը մնում է անփոփոխ,
  • Բակունցն ունակ է գրել երկար մի ստեղծագործություն, որի իրական ու ամենաէական միտքը միգուցե թաքնված լինի մի քանի տողում՝ բառերի «հետևում»։

Սրանք են հիմնականում այն յուրահատկությունները, որոնք ես նկատել եմ Բակունցի ստեղծագործություններն ընթերցելիս։ Շատ տպավորված եմ նրա ուրույն ոճով, որով էլ նա դասակարգվում է որպես հայ դասական գրող՝ համալրելով այնպիսի բանաստեղծների շարքը, ինչպիսիք են Չարենցը, Սևակը, Սահյանը, Շիրվանզադեն և ուրիշներ։

Չեմ կենտրոնանա ամբողջ սյուժեի վրա, ընդամենը կփորձեմ պարզել, թե ի՞նչ կապ կա միրհավի «սպանության» և զույգի փոխհարաբերությունների միջև։ Ամենահետաքրքիրն այն է, որ Բակունցի կողմից գրված այս ամբողջ աշխատության մեջ գլխավոր միտքը հենց միրհավն է, ինչքան էլ, որ դա առաջին հայացքից զարմանալի չէ։ Արդյո՞ք միրհավի սպանությունն այդքան հեշտ նկարագրելի էր, կամ իրապե՞ս հեղինակը չուներ ձեռքի տակ համեմատելու որևէ այլ կենդանի։ Հենց միրհավն էր նրա սիրո արտացոլումը, սակայն նա դա չէր նկատում։

Գիտեք, կարելի է երկար վերլուծել մտքերը, սակայն մի բան հասկանանք. միրհավները, ինչպես նկարագրում է Բակունցը, թեկուզև ամենաչնչին ձայնից թաքնվում էին թփերի հետևում. այս տեսարանն ինձ հիշեցնում է աղջկան, ով մոր ամեն կանչ ու հորդոր ընդունում էր որպես հրամայական։ Այսինքն՝ մայրիկն ասում էր, որ պետք չէ դա անել, և նա միանգամից ընդունում էր դա և թույլ չէր տալիս տղային այսուհետ անել։ Բայց այստեղ կա մի հետաքրքիր նրբություն. այն փամփուշտը, որն արձակվում էր փողից և որի նպատակը միրհավն էր, ուղիղ համեմատական էր մոր և աղջկա ու տղայի և աղջկա փոխհարաբերությունների դժվարություններին։ Մի տեղ որսորդին խանգարում էր բնության ձայնը, որպեսզի սպանի միրհավին, մյուս տեղում էլ խանգարում էր մոր ձայնը, որը նույնպես խանգարում էր, որպեսզի տղան կամովին տիրանա աղջկան։ Ստացվում է նման մի պատկեր. ձայնը, որ միշտ չէր, որ արտաքինից էր /դա կարող է լինել նաև ներքուստ տղայի և աղջկա հարաբերություններում/, ազդում էր աղջկա/միրհավի՝ այդտեղից շուտ հեռանալու որոշման վրա։

Կարծում եմ՝ հիմնական պատճառահետևանքային կապը կարողացա ճշգրտորեն և դյուրըմբռնելի բացատրել։ Եթե չլիներ մայրիկը, որին ենթատեքստից կախված ես նաև ընդունում եմ որպես ներքին ձայն, միգուցե տղան տիրանար աղջկան՝ վերջինիս կամքին հակառակ, ինչքան էլ որ ստեղծագործությունն այլ բան է պնդում /պնդում է, որ զույգը փոխադարձ սիրում էր/։ Եթե չլիներ բնության ձայնը, որն այս պարագայում նույնպես կարելի է դիտարկել որպես ներքին ձայն, միգուցե տղան տիրանար միրհավին։ Ըստ իս՝ միրհավն աղջկա արտացոլումն էր՝ աղջկա բացակայության ընթացքում։ Միրհավը, իմիջիայլոց, նման էր աղջկան իր համեստությամբ, գեղեցկությամբ, ճարպկությամբ։

Այժմ, փորձեմ սահմանել գլխավոր գաղափարը. ի՞նչն էր վերջ ի վերջո Բակունցի մղումը գրել նման աշխատություն։ Միրհավը, որը ձախողված փամփուշտից հետո կարողացավ ողջ մնալ թռչել հեռու, թողեց իր հետևից փետուրներ, որոնք հիշեցնում էին տղային Սոնայի մասին։ Նույն բանը տեղի ունեցավ նաև աղջկա դեպքում. տղան իր ինչ-որ տեղ չմտածված, ինչ-որ տեղ մտածված քայլերով խոցեց համեստ աղջկա արժանապատվությունը, կոպիտ ասած, վիրավորեց մինչև սրտի խորքը /համենայն դեպս, նկարագրված դեպքերը վկայում են նման իրողությունների մասին/։ Փետուրները Դիլան դայիի մոտ ընդմիշտ մնացին որպես հուշ՝ անփոխադարձ-փոխադարձ սիրո մասին։

Ամեն դեպքում, Դիլան դային այս ամենից հետո, երկյուղած, հուսահատված դիմեց իր վերջին քայլին, որով և ավարտվեց աշխատությունը. նա ամուսնացավ, իսկ Սոնան մահացավ։