1. Ի՞նչ է իրավունքի նորմը։
Իրավունքի նորմը պետության սահմանած և երաշխավորած համապարտադիր, պաշտոնական ձևերում ամրագրված ու հրապարակված վարքագծի որոշակի կանոն է, որը կոչված է կարգավորելու հասարակական հարաբերությունները՝ սահմանելով դրանց մասնակիցների իրավունքները և պարտականությունները։
Իրավունքի նորմը պետության կողմից ընդունված հասարակական հարաբերությունների վարվելակերպերի ամբողջությունն է, որի խախտման դեպքում կիրառվում է հարկադրանքը կամ անձը ենթարկվում է պատասխանատվության։

2. Որո՞նք են իրավունքի նորմի հատկանիշները։
Իրավունքի նորմի հատկանիշներն են՝
- Սահմանվում են հանրային իրավասու մարմինների կողմից,
- Ունեն օժտող-պարտադրող բնույթ,
- Կենսագործումը երաշխավորված է պետական հարկադրանքով,
- Ձև ունեցող որոշակի վարքագծի կանոններ են,
- Վարքագծի համապարտադիր-ընդհանուր կանոններ են։
3. Ի՞նչ է նշանակում «իրավունքի նորմերն ունեն օժտող-պարտադրող բնույթ»:
Իրավունքը նորմը, երաշխավորված և ընդունված լինելով պետության կողմից, սահմանում է իրավունքներ և պարտականություններ հասարակական հարաբերությունների մասնակիցների համար։ Այդ իրավունքներն ու պարտականությունները կամ ազատություն են տալիս մարդկանց որոշ գործողություններում, կամ էլ, ընդհակառակը, պարտադրում են չկատարել կամ կատարել որևէ գործողություն։
«Իրավունքի նորմերն ունեն օժտող-պարտադրող բնույթ» եզրույթը նշանակում է, որ նրանք վեր են մարդկային փոխհարաբերություններից, քանի որ դրանք են սահմանում և կարգավորում վերջիններս, նրանց միջոցով է կազմակերպվում հասարակության մեջ հարաբերությունների ընթացքը։ Իրավական նորմերն ունեն օժտող, այսինքն՝ ինչ-որ գործողություն թույլատրող, կամ նույնիսկ զրկող, և պարտադրող, այսինքն՝ պարտադիր ի կատար ածման բնույթ։
4. Ի՞նչ կառուցվածք ունի իրավունքի նորմը։
Իրավունքի նորմի կառուցվածքը կարելի է արտահայտել հետևյալ ընդհանուր կանոնով. «Գտնվելով պետության տարածքում՝ անհրաժեշտ է պահպանել այդ պետության օրենքները, հակառակ դեպքում պետությունն իրավախախտի նկատմամբ կկիրառի հարկադրանք»։ Իրավունքի յուրաքանչյուր նորմ սահմանում է.
ա/ ով և ինչ պայմաններում պետք է հետևի նորմին,
բ/ ինչ պետք է արվի կամ չարվի,
գ/ պետական հարկադրանքի ինչ միջոցներով է նորմը պահպանվում իրավախախտումներից։
Առանձնացվում է երեք կառուցվածքային տարր՝ հիպոթեզ, դիսպոզիցիա, սանկցիա։
5. Ո՞րն է դիսպոզիցիայի դերն իրավունքի նորմի կառուցվածքում։
Դիսպոզիցիան կարգադրություն է, բուն վարքագծի կանոնն է, սուբյեկտների իրավունքների և պարտականությունների ամբողջությունը։ Դրանում նշվում է, թե ինչպիսին կարող է լինել, պետք է լինի կամ չպետք է լինի վարքագիծը հիպոտեզում նշված պայմանների առկայության դեպքում։
Եթե իրավական նորմում բացակայում է դիսպոզիցիան, ապա տվյալ նորմը վերածվում է «դատարկության», կորցնում է սոցիալական նորմի որակը, դառնում է անիմաստ ու ոչ կիրառելի։
6. Ի՞նչ է սանկցիան, և ո՞րն է նրա դերն իրավունքի նորմի կառուցվածքում։
Սանկցիան հարկադրանք է, այն ամրագրում է պետական հարկադրանքի միջոցները, որ կարող են կիրառվել դիսպոզիցիայում նախատեսված կանոնը խախտողների նկատմամբ։
Սանկցիայի բացակայությունը զրկում է նորմը իրավական որակից, քանի որ իրավունքի նորմի կարևորագույն հատկանիշը պետական հարկադրանքով երաշխավորվածությունն է։
7. Ո՞րն է իրավունքի նորմերի կառուցվածքային տարրերի կապը։
Իրավունքի նորմը կարող է կատարել իր կարգավորիչ դերը միայն բոլոր կառուցվածքային տարրերի առկայության դեպքում։ Եթե չլինի մեկը, ապա ամբողջ վարույթը/նորմը կդառնա ոչ ամբողջական, ըստ այդմ՝ ոչ կիրառելի կամ անիմաստ։ Պարտադիր են բոլոր երեք տարրերը, որպեսզի վերջնական արդյունքը՝ պետական հարկադրանք կամ սանկցիան, լինի կիրառելի ու օրենքով ապացուցված։
8. Ի՞նչն է իրավապահպան և կարգավորիչ նորմերի տարբերությունը։
Իրավապահպան նորմերը նախատեսում են պետական հարկադրանքի ազդեցության միջոցներ իրավախախտման համար։ Այդ նորմերը հաշվարկված են ոչ իրավաչափ վարքագծի համար և միշտ ունեն սանկցիա։ Օրինակ՝ սեփականության իրավունքը պաշտպանելու համար օրենքը սահմանում է, որ ուրիշի գույքի գաղտնի հափշտակումը պատժվում է ազատազրկմամբ։ Մարդկանց ստվար զանգվածը, վախենալով հետագա հետևանքներից ու պատժվելուց, ձեռնպահ է մնում որևէ հանցագործություն իրականացնելուց։
Կարգավորիչ կամ իրավասահմանող նորմերը նախատեսում են իրավահարաբերությունների մասնակիցների իրավունքները և պարտականությունները։ Դրանք հաշվարկված են իրավաչափ վարքագծի համար։ Օրինակ՝ «Յուրաքանչյուր ոք ունի հանգստի իրավունք։ Առավելագույն աշխատաժամանակը, հանգստյան օրերը և ամենամյա վճարովի արձակուրդի նվազագույն տևողությունը սահմանվում է օրենքով»։