Հայաստանի Հանրապետության գլխավոր տոնի՝ անկախության օրվա առթիվ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ավանդաբար ամեն տարի կազմակերպում է Հայաստանի տարբեր բարձունքների հաղթահարումներ։ Այս տարի մեկօրյա ճամփորդական ուղղությունները հետևյալն էին.

Սեպտեմբերի 21

  • Արմաղան՝ Իրինա Ապոյան, Թորգոմ Սիմոնյան
  • Արմաղան՝ Անահիտ Ամիրխանյան, Մելինե Փարամազյան
  • Շարայի լեռ՝ Լիլիթ Յախինյան
  • Աժդահակ՝ Լևոն Միրզոյան

Նաև ունեցել ենք երկօրյա ճամփորդական ուղղություններ (սեպտեմբերի 20-22).

  • 21-22․09 Որոտնաբերդ՝ Ելենա Սարգսյան, Ռոզա Գսպոյան
  • 21-22.09 Մարգահովիտ, Թեժ լեռան գագաթ՝ Էմանուել Ագջոյան, Անուշ Ներսիսյան
  • 20-22․09 Խուստուփ՝ Մարիամ Առուշանյան
  • 21-22․09 Հորսի լիճ-Ուլգյուր սար՝ Վարդան Կարապետյան, Աշոտ Տիգրանյան
  • 21-22․09 Դիմաց լեռ՝ Անահիտ Գրիգորյան, Գոհար Իսկանդարյան

«Կեցցե՜ այն Հայաստանը, որը վաղն է գալու»
Մ. Գորգիսյան

Այսպիսով, ժամը 7:30 արդեն բոլոր ճամփորդական խմբերը կազմ-պատրաստ կանգնած էին Սբ. Երրորդություն եկեղեցու բակում և փոխանակվում էին իրենց սպասելիքներով ու ակնկալիքներով, պատմում էին բարձունքների հաղթահարման իրենց փորձի մասին։ Միասնական նկարից հետո, յուրաքանչյուր խումբ՝ դասավանդողների գլխավորությամբ և ուղեկցությամբ, շարժվեց իր նշանակման վայր։

Ավելին ճամփորդական նախագծի, նախապատրաստական աշխատանքների մասին՝ դասավանդող Իրինա Ապոյանի բլոգում

Մեր խումբը՝ դասավանդողներ Իրինա Ապոյանի և Թորգոմ Սիմոնյանի գլխավորությամբ և Անահիտ Ամիրխանյանի, Դանիել Հակոբյանի ու Մելինե Ֆահրամազյանի խմբի ընկերակցությամբ, շարժվեց Հայաստանի ամենամեծ և մեկտեղ ամենացուրտ մարզ՝ Գեղարքունիք՝ հաղթահարելու Արմաղան լեռը։ Քանի որ ճանապարհը երկար էր, պարբերաբար ունեցանք որոշակի կանգառներ տարբեր վայրերում։ Մինչ լեռ հասնելը, մենք ունեինք նաև հայրենագիտական կանգառ Հայրավանքում։ Հետաքրքիր մի ավանդազրույց կա՝ կապված այս եկեղեցու հետ, այն ասում է. «Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը՝ Քրիստոսի Խաչափայտի մասունքով և խաչի զորությամբ, բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել»։ Մոմ վառելուց և խաղաղության աղոթք անելուց հետո, շարժվեցինք Արմաղան։

Կեսօրից հետո արդեն լեռան ստորոտին էինք, պատրաստվում էին բարձրանալուն։ Եղանակը բավականին ցուրտ էր, և մեզ հետ ցրտին դիմակայելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տաք հագուստը, տաք ըմպելիքներն ու ուտելիքները վերցնելուց հետո, անմիջապես շարժվեցինք։ Ճանապարհը խորդուբորդ էր ու ողորկ, շատ էին վերիվարումները, սակայն մոտիվացիան ու օրվա գաղափարը մեզ ստիպում էին շարժվել առաջ։ Ճանապարհին սովորողները հետաքրքիր զրույցների էին բռնվում, խոսում էին հայաստանյան տարբեր դժվարանցանելի բարձունքների, տեսարժան վայրերի մասին, պատմում և կիսվում էին իրենց իսկ ունեցած փորձից, կիսվում էին գագաթի խառնարանի փոքրիկ լիճն ու հրաշագեղ եկեղեցին տեսնելու իրենց տպավորություններով։

Ճանապարհը հաղթահարեցինք տարբեր ձևերով. մեկը բարձրանում էր ավտոմոբիլային արահետով, մյուսը՝ մագլցում սարը, մեկը վազելով էր առաջ գնում, մյուսը՝ շորորալով։ Բայց, ի վերջո, մեզ 3 ժամում հաջողվեց բարձրանալ գագաթ։ Գագաթ հասնելուն պես՝ մեր առջև բացվեց մի չքնաղ տեսարան (չնայած որ երկնքն ահագին ամպամած էր)։ Խառնարանի տեղում ձևավորված լիճը, գագաթից Սևան ու ամբողջ մարզ բացվող տեսարանը, Սբ. Հարություն եկեղեցին, այս ամենը ստիպում էին մեզ անդադար հիանալ և անվերջ մտածել՝ ինչո՞ւ է Հայաստանն այսքա՜ն սիրուն։

Քանի որ եղանակային պայմաններն այնքան էլ լավը չէին, և մեզ սպասում էր երկարատև անձրև՝ տեղ-տեղ ծակծկող կարկուտով, որը չէր կտրվելու մինչև մեր Երևան հասնելը, մեզ մնում էր միայն նկարվել, վերջին անգամ հիանալ և արագ իջնել ստորոտ։ Իջնելն, ի դեպ, ավելի հեշտ ստացվեց և խումբն արդեն մեկ ու կես ժամ անց ավտոբուսների մոտ էր։ Մինչ ուժեղ անձրևը, կարճ ժամանակով կարկուտ տեղաց։ Հետաքրքիրն այն է, որ երբ վերջին մարդը մուտք գործեց ավտոբուս, սկսեց այնպիսի մի անձրև, որ դժվար թե մեզ թույլ տար երկար քայլել։

Այսպիսով, մեր ճամփորդությունը հիանալի ստացվեց, մենք բացահայտեցինք ևս մի չքնաղ բարձունք։ Շփվելով միմյանց հետ՝ ավելի լավ ճանաչեցինք իրար, փոխանակվեցինք ուսումնական տարվա շրջանակներում կատարվելիք նախագծերով, ծրագրերով, խոսեցինք ակնկալիքների մասին, նորեկները պատմեցին իրենց պատկերացումների և տպավորությունների մասին։ Եվ օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրինա Ապոյանին և Թորգոմ Սիմոնյանին՝ նման հրաշալի ճամփորդություն կազմակերպելու և անդադար մեզ աջակցելու, օգնելու և սատարելու համար։ Վստահաբար, նման ճամփորդություններ դեռ շատ կունենանք…