Թեմա 3՝ Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները․
ա/
 Պետական իշխանության իրականացման իրավական և կազմակերպական ձևերը
բ/ Հարկադրանքը որպես պետական իշխանության իրականացման եղանակ
գ/ Իրազեկումը և համոզումը որպես պետական իշխանության իրականացման եղանակ

Առաջադրանք

1․ Ձեր կարծիքով՝ ո՞րն է պետական հարկադրանքի կիրառման նպատակը։

Պետական հարկադրանքը լիազորված պետական մարմինների ու պաշտոնատար անձանց՝ օրենքներով նախատեսված հոգեբանական, նյութական, ֆիզիկական ներգործությունն է անհատի և մարդկանց խմբերի նկատմամբ։

Պետական հարկադրանքը մենաշնորհային իրավունք է պատասխանատվության ենթարկելու քաղաքացիներին։ Յուրաքանչյուր պետություն հասարակության շրջանում /և ոչ միայն/ իրավախախտներին ու օրինազանցներին պատասխանատվության ենթարկելուց կամ նրանց նկատմամբ քրեական գործ հարուցելուց առաջ կիրառում է պետական հարկադրանքը։ Թերևս ամենահամապատասխան օրինակը հարկեր վճարելն է։ Եթե մարդը խուսափում է հարկեր վճարելուց, ապա պետությունն իրավազոր է կիրառել նրա հանդեպ հարկադրանք, որպեսզի ստիպի անձին վճարել օրենքով սահմանված հարկեր։ Հարկադրանքի կիրառման նպատակը պարզ է՝ նպաստել օրենքի գերակայության պահպանմանը և հասարակական հարաբերությունների կարգավորմանը։ Հարկադրանքն, անշուշտ, հասարակության կողմից չի ընկալվում որպես ազնիվ մեթոդ, շատերը կարծում են, թե դա պետությանն իրավունք է տալիս պարզապես մարդու անձնական տարածք մուտք գործել և շահարկել այն, բայց, այնուամենայնիվ, այդ մեթոդը ստիպում է մարդկանց հարգել իրենց պետությունն ու հենց իրենց, քանի որ հարկեր վճարելով մարդիկ նպաստում են տնտեսության զարգացմանը, բանակաշինությանը, պետշինությանը և այլ նպաստավոր ու պետականամետ գործերի իրականացմանը։ Պետությունը կարողանում է ավելի կարևոր ծրագրեր մշակել՝ նպատակաուղղված հասարակության բարեկեցության մակարդակի բարձրացմանը։

File:Government House of Armenia.jpg - Wikimedia Commons

2․ Մեկնաբանե՛ք համոզումը՝ որպես պետական իշխանության իրականացման եղանակ /բլոգային աշխատանք/․

Համոզումը մարդկանց կամքի և գիտակցության վրա գաղափարադաստիարակչական, բարոյական միջոցներով ակտիվ ներգործության ձևն է բնակչության գաղափարական մշակման, նրա մոտ համոզմունքի ձևավորման համար։

Յուրաքանչյուր պետություն որևէ օրենք, որոշում, նորմատիվ ընդունելիս՝ ըստ իս, եթե այն հիմնված է ժողովրդավարական սկզբունքների վրա, ապա պարտադիր պետք է ի լուր հանրության ներկայացնի, քանզի այդ կերպ ամրապնդվում է պետություն-քաղաքացի հարաբերությունները, քաղաքացին պետության հանդեպ առավել վստահություն է ունենում։ Պետության կողմից իշխանության իրականացման համոզման եղանակն ունի շատ տարբեր արտացոլումներ. սոցիալական ցանցեր, պաշտոնական կայքեր, հեռուստաընկերություն, մասնավոր սեկտոր, ինչու ոչ նաև հասարակություն։ Համոզումը թույլ է տալիս պետությանն ավելի ճշգրիտ պատկերացում կազմել հասարակության տարբեր զանգվածների՝ պետության ներկայացրած օրենքի նախագծի վերաբերյալ կարծիքի մասին։ Պետությունն այդ կերպ հասկանում է, թե հասարակությունն ինչպես է տրամադրված և ինչպիսի առաջարկներով է հանդես գալիս նախագիծը կատարելագործելու համար։ Համոզումը՝ որպես գաղափարադաստիարակչական մեթոդ, չպիտի ուղեկցվի բռնի ուժի կիրառմամբ և հոգեբանական ուժեղ ճնշմամբ, քանի որ դեմոկրատական պետությունում յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու նման միջոցառումներին՝ կախված ցանկությունից ու կամքից, սակայն պետք է ընդունել, որ պետիշխանության իրականացման գործում հասարակության դերն ամենակարևորն է։ Համոզման միջոցով ստեղծվում են առավել ամրապնդված կապեր պետության և հասարակության միջև, ձևավորվում է երկկողմանի վստահություն. պետությունը հասկանում է, թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի բարելավի մարդկանց կյանքը, իսկ հասարակությունը՝ թե ինչպես պետք է աջակցի և օգնի պետությանը։