Գեղամա լեռներ
Հնում, ըստ ավանդության, Հայկ նահապետի թոռան թոռ Գեղամի անունով Սևանա լիճը կոչվել է Գեղամա ծովակ, և նրա ավազանը՝ Գեղամա երկիր: Այժմ այդ անունն ունի լիճն արևմուտքից շրջափակող լեռնազանգվածը: Գեղամա լեռնավահանը 2800 մ միջին բարձրությամբ ձվածիր, ալիքավոր բարձրավանդակ է՝ պատած հրաբխային կոներով։ Ունի 68 կմ երկարություն, 48 կմ լայնություն: Առավել բարձր կետը Աժդահակ գագաթն է՝ 3598 մ: Սա ՀՀ երրորդ գագաթն է Արագածից և Կապուտջուղից հետո:
Գեղամա լեռնագագաթների մի մասը կարմիր է, մի այլ մասը՝ սև: Գունային այս հակադրությունը ծնունդ է տվել մի ավանդության: Սև սարը ժամանակին եղել է մի ընչաքաղց բռնակալ արքա, իսկ Կարմիր սարը՝ մի անընկեր գեղեցիկ աղջիկ, որին ուժով փորձել է տիրանալ բռնակալը: Աղջիկը, չուզելով կատարել բռնակալի կամքը, քար է դառնում: Ժողովրդի անեծքով մեկընդմիշտ քար է դառնում նաև գահընկեց չարագործը: Սև սարը չարությունից մինչև հիմա ամպի պես գը՛ռ–գը՛ռ որոտում է, գոռում, գոչում Կարմիր սարի վրա՝ անկարող մոտենալու նրան: Ասում են, թե դրա համար Սև սարը լալիս է անզոր կատաղությունից և իր վրեժը մարդկանցից է հանում: Ամառվա կեսերին մեկ էլ տեսար նույնիսկ կեսօրին մթնում է, բուք ու բորան անում, խեղդում մարդ ու անասուն: Գեղամա լեռների գագաթային շրջանում ամռանը հաճախ ձյունը լրիվ չի հալվում: Այստեղ են ՀՀ ամառային լավագույն արոտավայրերը: Ալպիական գոտում հալոցքի և տեղումների ջրերն արագորեն ներծծվում են հրաբխային ճեղքատված ապարների մեջ: Լեռնալանջերի կտրվածքներից ջրերը բխում են բազմաթիվ հորդառատ աղբյուրների ձևով: Խմելու ջրերից ամենալավն են համարվում հրային ապարներից բխողները: Սրանք զերծ են ախտաբեր մանրէներից, աչքի են ընկնում սառնությամբ ու անուշ համով: Ահա թե ինչու Երևանը հայտնի է իր ջրերով, որոնց զգալի մասը բերվում է Գեղամա լեռներից բխող Քառասունակնի, Գառնիի, Արզնու աղբյուրներից: Լեռնավահանի մի քանի գագաթների (Աժդահակ, Արմաղան, Ակնասար, Եռաթմբեր, Լճասար և այլն) խառնարանները լցված են վճիտ ջրերով: Այդ լճակներից ամենամեծն է Ակնան (մեծությամբ չորրորդն է Հայաստանի Հանրապետությունում)՝ 3032 մ բարձրությամբ: Գեղամա լեռներից են սկիզբ առնում և օձագալար ընթացքով վայրէջք կատարում Ազատ, Վեդի, Արգիճի, Բախտակ, Ծակքար և այլ գետեր: Գեղամա լեռների արևմտյան լանջերին պահպանվել են մ.թ.ա. 2–րդ հազարամյակի ջրատնտեսական կառուցվածքների մնացորդներ, ջրամբարների, ջրանցքների ավերակներ և այլն: Դրանց մեծ մասի մոտ հանդիպում են վիշապաքարեր: Սրանք 4–5 մ երկարությամբ և 0,5 մ տրամագծով բազալտե ձկնակերպ ձեռակերտ քարեր են, որ ծառայել են իբրև ջրային տարերքի ու նրա պաշտամունքի խորհրդանիշ՝ տարբեր էակների տեսքով (ձուկ, խոյ, ցուլ): Գեղամա լեռներում հայտնաբերվել են բազմաթիվ ժայռապատկերներ՝ աներևակայելի հետաքրքիր փորագրություններով և տիեզերական ընդգրկմամբ եզակի խորհրդանիշերով:
Լեռնավահանի սահմաններում են նաև պատմական այլ հնություններ՝ կիկլոպյան ամրոցներ, բերդեր, վանքեր ու եկեղեցիներ (Գառնի, Հավուց Թառ, Աղջոց Սուրբ Ստեփանոս, Հայրավանք, Կաքավաբերդ և այլն): Դրանց թվում է մասամբ ժայռի ընդերքում փորված Գեղարդավանքը, որ
տեղ է գտել ՅուՆԷՍՔՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Առաջադրանքներ՝
1․ Կարդա՛ լեգենդը։
2․ Հիմնական ասելիքն արտահայտիր երկու նախադասությամբ։
Հիմնական ասելիքը կարող եք գտնել հետևյալ տեքստային տողերում. սև սարը ժամանակին եղել է մի ընչաքաղց բռնակալ արքա, իսկ Կարմիր սարը՝ մի անընկեր գեղեցիկ աղջիկ, որին ուժով փորձել է տիրանալ բռնակալը: Աղջիկը, չուզելով կատարել բռնակալի կամքը, քար է դառնում:
3․ Դուրս գրիր երկու հատուկ և հինգ հասարակ գոյական։
Հատուկ գոյական — Աժդահակ, Արմաղան, Հայաստանի Հանրապետություն
Հասարակ գոյական — ապար, աղբյուր, ժայռապատկերներ, ընդերք, խորհրդանիշ
4․ Տեքստից դուրս գրի՛ր հինգ գոյական:
Լանջ, պաշտամունք, լեռներ, Ծակքար, Կաքավաբերդ, ցանկ, կառուցվածք, ջրեր, սառնություն, տեղումներ
5․ Հորինի՛ր լեգենդ Սևանա լճի մասին։
Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով: Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի առատ աղբյուր, որից ջուր վերցնելիս՝ գյուղացիները հանում էին ակունքի հսկա փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում իր տեղում:
Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուր, հանում է փակիչը, կուժը լցնում և գալիս է տուն՝ մոռանալով փակել ակունքը: Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմը. երբ այն հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով ՝ «Քար դառնա՝ ով բաց է թողել ակունքը»: Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրն անընդհատ հոսելով կազմում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը (Հարսնաքարը):
Նյութի աղբյուրը