Թեմա 4՝ Պետության կառավարման և կառուցվածքի ձևերը․
ա/ Պետության կառավարման ձևը
բ/ Պետության կառուցվածքի ձևը
Առաջադրանքներ
1․ Պետության կառավարման ինչպիսի՞ ձևեր գոյություն ունեն։ Նկարագրե՛ք ՀՀ ներկայիս կառավարման ձևը։
Այսօր տարբերակում ենք պետական կառավարման երկու հիմնական տեսակ՝ միապետություն, որը լինում է սահմանադրական (Մեծ Բրիտանիա), բացարձակ (Սաուդյան Արաբիա) և կրոնական (Վատիկան), և հանրապետություն՝ նախագահական (Թուրքիա), խորհրդարանական (Հայաստան) և կիսանախագահական (Ռուսաստան, Ադրբեջան) ենթատեսակներով։
Հայաստանը խորհրդարանական հանրապետությունն է, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ձևավորում է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, ընտրում է նախագահին, հետևում է վերջիններիս օրինական գործունեություններին։ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանը նախագահական հանրապետությունից անցավ խորհրդարանականի, ինչն, ըստ իս, ավելի արդյունավետ է ու ապահով, քանզի այդպիսով դադարեց միանձնյա կառավարումն ու ինքնուրույն որոշումների կայացումը։

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան անցան երեք խմբակցություններ, որոնցից ամենաշատ ձայներ հավաքած խմբակցությունն իր ցուցակով առաջին անդամին ընտրեց Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ գործադիր մարմնի ղեկավար։ Այնուհետև՝ վարչապետը նշանակեց նախարարներին՝ այդպիսով ձևավորելով իր կաբինետը։ Դե յուրե, ավելի կոնկրետ՝ համաձայն Սահմանադրության, Հանրապետության գլուխը նախագահն է, սակայն դե ֆակտո՝ վարչապետը, ով մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը՝ համաձայն խորհրդարանում հաստատված կառավարության ծրագրի։
2․ Պետության կառուցվածքի ի՞նչ ձևեր գիտեք։ Նկարագրե՛ք ՀՀ կառուցվածը /բլոգային աշխատանք/․
Յուրաքանչյուր պետության կառուցվածքը որոշվում է իր վարչատարածքային բաժանմամբ։ Տարբերակում են ֆեդերացիա, կոնֆեդերացիա և ունիտար կառուցվածքով պետությունները։ Ֆեդերացիա /Դաշնություն/ են համարվում այն պետությունները, որոնց մաս կազմող մարզերը, նահանգներն ունեն որոշակի արտոնություններ ու լիազորություններ, օրինակ՝ սեփական սահմանադրությունը, օրենքները, իրավապահպան մարմինները, գերատեսչությունները, ղեկավարը և այլն, սակայն միաժամանակ ենթարկվում են կենտրոնական իշխանությանը։ Այդպիսի պետություններից են Ռուսաստանը, Գերմանիան, Միացյալ Նահանգները։ Կոնֆեդերացիան /Համադաշնություն/ ինքնուրույն պետության բնորոշիչ չէ, այն ավելի շատ կազմակերպություն է կամ կառույց, որի անդամ են նույն տարածաշրջանի երկրները, օրինակ՝ Եվրոպական միությունը։ Եվ վերջում, ունիտար /ինքնուրույն/ պետության մարզերն ու վարչատարածքային միավորները չունեն արտոնություններ, նրանք ենթարկվում են միմիայն կենտրոնական ապարատին, մեր դեպքում՝ կառավարությանը։ Հայաստանի Հանրապետությունն ունիտար պետություն է, նրա մարզերը չունեն իրենց ուրույն օրենքները կամ իշխանությունները։
Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգին կարող եք ծանոթանալ Կառավարության պաշտոնական կայքում։ Կառավարության իրավասությունների, ենթակա մարմինների մասին կարող եք ընթերցել Պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում։